Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի դարպասն ու Մոսկվայի շտապողականությունը

Հունիս 06,2025 12:00

Սկիզբը՝ այստեղ:

«Սյունիքում ռուսական ներկայության ընդլայնումը բխում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի երկարաժամկետ շահերից», վստահեցնում է Մոսկվան

Սյունիքի նկատմամբ հետաքրքրվածությունը վերջին ամիսներին դրսեւորվել է մի քանի երկրների կողմից: Եթե հարեւան Իրանի հետաքրքրվածությունը պարզ է ու միանգամայն հասկանալի, ապա Մոսկվայի շահագրգռվածությունը խորքային հարցեր է առաջացնում:

Տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետաքրքրվածությունը Սյունիքով պայմանավորված է նրա աշխարհագրական դիրքով ու Իրանի հետ հարեւանության հանգամանքով։ Երկրներից յուրաքանչյուրը, թերեւս, փորձում են հնարավորինս իրենց ներկայությամբ շեշտել Սյունիքում իրենց ազդեցությունը:

Ռուսական կողմն իր նախաձեռնության մտադրությունների մասին ավելի վաղ էր փոխանցել Հայաստանի իշխանություններին: Սյունիքում, մասնավորապես՝ Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին ՌԴ-ն տարիներ շարունակ բարձրաձայնում է: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անցած շաբաթ Երեւանում հայտնեց, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մանրամասն քննարկել են Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը, հավելելով, որ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են:

Թե ինչու Կապանում այդպես էլ չի բացվում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան Լավրովի՝ Հայաստան կատարած այցից հետո հորդորեց այդ հարցն ուղղել հայկական կողմին: Զախարովան ակնարկել էր, թե խնդրի լուծումը պետք է փնտրել Երեւանում. «Այդ հարցը մանրամասն քննարկվել է բանակցությունների ընթացքում, մեզ պետք չէ համոզել այդ կառույցի գործունեության անհրաժեշտությունը: Առայժմ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը բացակայում է, թե ինչո՞ւ, պետք է ճշտել հայկական կողմից»:

Ահա, անցյալ շաբաթ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, թե՝ «Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է»։ Նա նաեւ նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագրի ստորագրումը բխում է Մոսկվայի շահերից։ «Ռուսաստանը պատրաստ է աջակցել կողմերին պայմանագրի ստորագրման հարցում»,- ընդգծել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Մոսկվան այսօրինակ արձանագրումներով թերեւս փորձում է տպավորություն ստեղծել, որ նախ Սյունիքում իրավիճակը պայթյունավտանգ է, եւ որ իրավիճակը հնարավոր է կարգավորել բացառապես Մոսկվայի օգնությամբ։

Նշենք, որ Սյունիքում ռուսական գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է արդեն տեւական ժամանակ։ 2023թ. սեպտեմբերից Կապանում աշխատում է հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատու առաջատար խումբը:

Այս տարվա ապրիլին Մոսկվայից հայտարարեցին՝ Սյունիքում ռուսական ներկայության ընդլայնումը բխում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի երկարաժամկետ շահերից։ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում բազմաթիվ առումներով հստակություն կա։ Ակնկալվում էր, որ մինչեւ մայիս կոնկրետ պայմանավորվածություններ կլինեն գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների շուրջ, նշել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք համոզված ենք, որ հանրապետության հարավում` ռազմավարական նշանակություն ունեցող շրջանում, ռուսական ներկայության հետեւողական ընդլայնումը համապատասխանում է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ամբողջ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին», շեշտել էր Զախարովան: Նա հավելել էր, որ այս քայլը կարող է էական ազդակ հաղորդել առեւտրաներդրումային, հասարակական-կրթական, մշակութային-հումանիտար համագործակցության խորացմանը, Ռուսաստանի մարզերի հետ այս տարածաշրջանի փոխշահավետ կապերի հաստատմանը:

Զախարովան կարծում է, որ երկրների միջեւ տնտեսական օրակարգի առաջմղումը Սյունիքում ավելի ու ավելի արդիական նշանակություն է ձեռք բերում ԵԱՏՄ ձեւաչափում՝ կապված Իրանի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի վերջին վավերացման հետ: Նրա խոսքով` ՌԴ գլխավոր հյուպատոսության բացումը հուսալի ապահովում կդառնա Սյունիքի մարզի դինամիկ, խաղաղ, անվտանգ զարգացման համար:

«Օրակարգում չկա նաեւ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, ինչը փորձում են վերագրել Մոսկվային», պնդել էր Սերգեյ Կոպիրկինը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանն անցյալ տարի հուլիսին ծավալուն հարցազրույցում ազդարարեց՝ «Սյունիքը դարպասն է»….

Դեռ 2023թ. նոյեմբերի 2-ին Ռուսաստանի կառավարությունը հավանություն էր տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ Մոսկվան Կապանում հյուպատոսություն բացելու ցանկություն է հայտնել, Երեւանն էլ համաձայնություն է տվել: Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը կդառնա երկրորդը Հայաստանում, առաջինը` Գյումրիում է։

Նշենք, որ Ռուսաստանի կառավարությունը 2024թ. հուլիսի 1-ին հրաման է արձակել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին: Թե ինչպես է ընթանում գործընթացը եւ ինչ խնդիրներ պետք է լուծեն ռուս դիվանագետները, Sputnik Արմենիային պատմել էր Հայաստանում արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Ահա, դեսպանը նախ նշել էր, որ հայկական կողմը, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակում, ի սկզբանե ողջունել է Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու մտադրությունը՝ այն բնութագրելով որպես վաղուց հասունացած եւ պահանջված։ «Այս պահին մենք միասնական ջանքերով զգալի առաջընթաց ենք գրանցել այն բացելու հարցում։ Առաջ անցնելով՝ կցանկանայի նշել, որ հայկական կողմի ցանկություններին համապատասխան՝ Ռուսաստանի կառավարության որոշմամբ նախատեսվում է պարզեցված սխեմայով գլխավոր հյուպատոսության բացում՝ առանց մեր պրակտիկայում ընդունված համաձայնագրի կնքման, որն արվում է նոտաների փոխանակման միջոցով։

Մենք այժմ հետագա քայլեր ենք ակնկալում նաեւ հայ գործընկերներից՝ հաշվի առնելով դիվանագիտական պրակտիկայում ընդունված հավասարության եւ փոխադարձության սկզբունքը։ Ինչպես հայտնի է, Հայաստանում մենք ունենք մեկ գլխավոր հյուպատոսություն՝ Գյումրիում, այն դեպքում, երբ մեր գործընկերները հյուպատոսական ներկայացուցչություններ ունեն Սանկտ Պետերբուրգում եւ Դոնի Ռոստովում՝ չհաշված երկու գրասենյակները Նովոսիբիրսկում եւ Վլադիկավկազում, ինչպես նաեւ վեց պատվավո հյուպատոսները Վոլգոգրադում, Կալինինգրադում, Պերեսլավ-Զալեսկում, Նիժնի Նովգորոդում, Տյումենում, Եկատերինբուրգում։ Ռուսաստանը տրամադրված է ակտիվորեն ընդլայնել դիվանագիտական ներկայությունը բարեկամ երկրներում եւ բացել նոր դիվանագիտական եւ հյուպատոսական առաքելություններ այն պետություններում, որոնք տեղակայված են Ռուսաստանի համար առանցքային տարածաշրջաններում (արտաքին քաղաքականության նոր հայեցակարգին համապատասխան): Նման պետությունների թվում է, իհարկե, նաեւ Հայաստանը», պարզաբանել էր ՀՀ-ում ՌԴ դեսպանը։

Հարցին, թե Իրանի հետ ԵԱՏՄ-ի մերձեցումն ինչպես կանդրադառնա Սյունիքի սոցիալ-տնտեսական վիճակի վրա, եւ ո՞ր ոլորտներում եւ ուղղություններով կարելի է ակնկալել առավել շոշափելի օգուտներ, դեսպանը պատասխանել էր. «Իսկապես, Սյունիքում ռուս դիվանագետների աշխատանքը կնպաստի մեր երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը, այդ թվում նաեւ ԵԱՏՄ ձեւաչափում: Սյունիքի մարզը «դարպաս» է Իրանի հետ Հայաստանի եւ միության առեւտրի համար: Այստեղով է անցնում հանրապետության համար կարեւոր նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հատվածը։ Ինչպես հայտնի է, ռուսական կողմն աջակցում է այդ մայրուղու կառուցմանը։ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի գծով ֆինանսական աջակցության ծավալը կազմում է 150 մլն դոլար: Եվրասիական տարածաշրջանի տրանսպորտային համակարգի զարգացման գործում իր ներգրավվածության մասին հայտարարել է նաեւ Եվրասիական զարգացման բանկը: Տարածաշրջանում գործում են ռուսական ընկերություններ եւ տեղական մասնակցությամբ կառույցներ»։

Կոպիրկինի կարծիքով՝ լրացուցիչ խթան կհաղորդվի երկկողմ միջտարածաշրջանային համագործակցությանը եւ մշակութային-հումանիտար կապերի ամրապնդմանը: «Տարածաշրջանում ապրում է մինչեւ 1000 ՌԴ քաղաքացի։ Գործում են ռուսաց լեզվի ուսումնասիրման մի շարք կենտրոններ։ Կապանում գործում է Ռուսական գրքի տուն։ Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Երեւանում կազմակերպել էր ռուսաց լեզվի դասընթացներ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի դասախոսների համար: Ռուսաստանի մի շարք վարչական շրջանների կողմից ակտիվորեն մշակվում է Սյունիքի մարզի համայնքների հետ գործընկերային հարաբերությունների հաստատման նախաձեռնությունների շարք։ 2023 թ. հունիսի 16-ին Կապանում ստորագրվել են մտադրությունների մասին համապատասխան արձանագրություններ Ուրայ եւ Մեղրի, Սեստրորեցկ եւ Գորիս քաղաքների միջեւ։ Ընդհանուր առմամբ, ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ աշխատանքները բավականին շատ են», – պատմել էր դեսպան Կոպիրկինը։

Իսկ գալով հարցին, թե Սյունիքի նկատմամբ վերջին շրջանում անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերում արեւմտյան քաղաքական գործիչներն ու դիվանագետները, եւ կոնկրետ հարցին, թե ո՞րն է տարբերությունը ռուսական մոտեցման եւ արեւմտյան գործընկերների աշխատանքի մեթոդների միջեւ, ՀՀ-ում ՌԴ դեսպանը նկատել էր. «Ինչ էլ որ ասեն չարակամները, ռուս դիվանագետները հաստատ չեն պատրաստվում «լրտեսել» Սյունիքում՝ ի տարբերություն տարածաշրջանում հեռադիտակներով շրջելու արեւմտյան սիրահարների։ Օրակարգում չկա նաեւ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, ինչը նույնպես փորձում են վերագրել Մոսկվային։ Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով, ինչպես հայտնի է, զբաղվում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խումբը»։

Անցյալ տարի ամռանը մամուլը քննարկում էր հարցը, թե արդյոք պաշտոնական Երեւանը փոխե՞լ է դիրքորոշումը Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու վերաբերյալ։ Մամուլը գրել էր, թե Սյունիքում իշխող ուժի ներկայացուցիչներն են կառավարության հրահանգով խոչընդոտում հյուպատոսության բացմանը, սակայն իշխանական պատգամավորները հերքեցին այդ լուրերը։

Ի դեպ, Իրանի դեպքում այդ երկրի կառավարության որոշումից շուրջ կես տարի անց արդեն նշանակվել էր գլխավոր հյուպատոսը, ընտրվել շենքը: Իսկ 2022-ի ադրբեջանական հարձակումից անմիջապես հետո տեղի էր ունեցել նաեւ հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը, որի ընթացքում Իրանի այն ժամանակվա արտգործնախարարը հայտարարեց, որ Թեհրանը Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը:

Նկատենք, որ Մոսկվան ակնկալում էր, որ հյուպատոսությունը պետք է բացվեր մինչեւ անցյալ տարեվերջ։ 2024թ. նոյեմբերին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան կրկին շեշտել էր, որ Կապանում հյուպատոսություն բացելու հարցում Մոսկվան սպասում է Հայաստանի պատասխանին, ապա հավելել էր. «Հայկական կողմը համաձայնություն է տվել հյուպատոսության բացմանը։ Ռուսական կողմը էկզեկվատուրա է խնդրել (ընդունող պետության կողմից հյուպատոսի ճանաչումը հավաստող փաստաթուղթ), սպասում ենք պատասխանի։ Թե որն է համապատասխան նյութեր չուղարկելու պատճառը, հարցն ուղղեք Երեւանին»։

Ինչեւէ, հիմք ընդունելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հավաստիացումը, թե Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մանրամասն քննարկել են Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը, կարելի է եզրակացնել, որ այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, եւ այս հարցում եւս պաշտոնական Երեւանը որոշել է բավարարել ռուսական կողմի հետեւողական ձգտումը։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30