Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական ոճը բանսարկությունն է

Հունիս 06,2025 10:00

Ժամանակին ընդդիմադիր պատգամավորներից մեկը քննադատական ելույթ ունեցավ խորհրդարանում: Դրան ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ ԵՊՀ ֆակուլտետներից մեկում, որի հետ այդ պատգամավորը միջնորդավորված կապ ուներ, ծաղկում է կաշառակերությունը: Չնայած՝ քննադատությունն ամենեւին ԵՊՀ-ի մասին չէր:

Մեկ այլ պատգամավորի քննադատությանը վարչապետը պատասխանել էր, թե գիտի, թե որ հյուրանոցներում է կանգ առել այդ պատգամավորն իր արտասահմանյան շրջագայության ժամանակ: Նախ՝ հարց է առաջանում, թե որտեղի՞ց գիտի: Տրամաբանական է ենթադրել, որ այդ տեղեկությունն իրեն է հասել ի պաշտոնե՝ հատուկ ծառայությունների միջոցով: Հետեւաբար, պետական ռեսուրսը նա օգտագործել է ընդդիմախոսի դեմ անձնական կոմպրոմատ պեղելու համար: Երկրորդ՝ քննադատությունն ամենեւին հյուրանոցների եւ շրջագայությունների մասին չէր:

Վերջերս հոգեւորականներն ընդդիմացան Փաշինյանի այն պնդումներին, թե եկեղեցիները «չուլան» են, որտեղ պահեստավորվում են հին իրեր: Այդ ընդվզմանն ի պատասխան՝ վարչապետը հայտնեց, որ սրբազաններից մեկը սեռական հարաբերությունների մեջ է գտնվում իր բարեկամուհու հետ: (Արդյոք այդ հարաբերությունները նկարագրող բառը հայհոյանք է, թե ոչ՝ այդ հարցը թողնում եմ լեզվաբաններին): Այսինքն՝ այդ ենթադրյալ հարաբերություններն ապացուցում են, որ եկեղեցիները «չուլա՞ն» են: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ տրամաբանությանը:

Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պարբերաբար գրառումներ է անում արտաքին քաղաքական թեմաներով: Իմ կարծիքով՝ այդ գրառումներում առողջ քննադատության կողքին կան նաեւ վիճելի թեզեր: Բայց Փաշինյանն այդ թեզերը չի վիճարկում. նա հիշել է Դիլիջանի մանկապարտեզի մասին, որը տրամադրված էր Օսկանյանի կնոջ ղեկավարած կազմակերպությանը, եւ, որ այդ մանկապարտեզը 19 տարի չի վերանորոգվել: Եթե նույնիսկ դա ճիշտ է, արդյոք դա հերքո՞ւմ է նախկին նախարարի արտաքին քաղաքական թեզերը: Բնականաբար՝ ոչ:

Բայց փաշինյանա-դոգական ընտրազանգվածին փաստարկները, քննարկումները, քաղաքակիրթ բանավեճերը հետաքրքիր չեն: Նրանց հետաքրքիր են բանսարկությունները: Այդ պահանջարկը Փաշինյանը բավարարում է ամբողջությամբ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30