Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները կեղծ տեքստ են հրապարակել. Լատվիայի Սեյմի պատգամավորների կողմից հայ գերիների դեմ հայտարարություն չի եղել

Հունիս 06,2025 09:30

2025 թվականի մարտի 6-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ տարածեցին այն մասին, թե իբր Լատվիայի Հանրապետության Սեյմի մի շարք պատգամավորներ փետրվարին հանդես են եկել հայտարարությամբ՝ վերաբերվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով գերեվարված անձանց, ռազմաքաղաքական գերիներին, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի, գործարար, Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին։

Ըստ այդ աղբյուրների՝ լատվիացի պատգամավորները Վարդանյանին ներկայացրել են որպես «միջազգային վտանգ», «Պուտինի հովանավոր» և պահանջել խիստ պատիժ՝ ընդգծելով իբր «միջազգային հանրության դատապարտումը»։

Տե´ս լուսանկար 1.

Քանի որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը որևէ պաշտոնական արձագանքով հանդես չեկավ այս առիթով, իսկ թեման չափազանց կարևոր է՝ հատկապես ռազմագերիների հարցում, ես՝ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստան–Լատվիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամ, որոշեցի անձամբ պարզել ներկայացված տեղեկության իսկությունը։

Տե´ս լուսանկարներ 2, 3, 4

Դիմելով Լատվիայի Սեյմի մի շարք պատգամավորների, որոնց անունները ներկայացված էին ցանկում՝ ստացա միանշանակ պատասխաններ, որոնք հստակ հերքում են ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները։

Լատվիայի Սեյմի պատգամավոր Էդգարս Տավարսը` ի պատասխան իմ գրավոր նամակի, տեղեկացրեց, որ նման հայտարարության կամ փաստաթղթի առկայությունը բացակայում է։

Տե´ս լուսանկար 5.

Իսկ Լատվիայի Սեյմի Հայաստանի հետ համագործակցության խթանման պատգամավորների խմբի ղեկավար Գունարս Կուտրիսը պաշտոնապես նշեց․

«Տեղեկացնում եմ, որ նման ստորագրություններ և նամակ չեն արվել և կեղծիք են, որի վերաբերյալ հետաքննություն է սկսվել։ Իմ և Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության խթանման պատգամավորների խմբի անունից արտահայտում եմ ափսոսանք նման իրավիճակի համար»։

Տե´ս լուսանկար 6.

Ստացված պաշտոնական պարզաբանումները վերահաստատում են, որ այսպես կոչված «հայտարարությունը» իրականում գոյություն չունի, այն կեղծ տեղեկություն է՝ ադրբեջանական կողմի կողմից տարածված:

Հատկանշական է, որ նշյալ հայտարարությունը վերաբերել է ոչ միայն Վարդանյանին, այլև մի շարք հայ ռազմագերիների, որոնց ազատությունը և իրավունքների պաշտպանությունը մեր պետության սահմանադրական բարձրագույն պարտականություններից է։ Ցավով պետք է արձանագրել, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ոչ միայն չարձագանքեց այս կեղծ տեղեկատվությանը, այլև չձեռնարկեց անհրաժեշտ քայլեր՝ ճշմարտությունը ներկայացնելու և պետական արժանապատվությունը պաշտպանելու համար։

Ռազմագերիների հարցը չպետք է լքվի արտաքին քաղաքական օրակարգից։ Եվ հենց այդ բացը լրացնելու նպատակով եմ ձեռնարկել այս կապն ու պարզաբանումները՝ գործելով բացառապես սեփական նախաձեռնությամբ։

Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում կիրառել ապատեղեկատվությունն ու կեղծ միջազգային ռեակցիաների «սիմուլյացիան»՝ միջազգային հանրությանը մոլորեցնելու և իր ռազմաքաղաքական օրակարգը պարտադրելու նպատակով։

Եվ թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արտաքին քաղաքական օրակարգից փաստացի հանել հայ գերիների հարցը: Երեկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտեց, որ COP29-ի շրջանում է (մեկ տարի առաջ) քննարկվել գերիների հարցը՝ անպտուղ:

Հ.Գ. Շնորհակալ եմ Լատվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանին՝ այս հարցում ինձ հետ միասին հետևողական լինելու համար:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30