Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց, որ ինքն է Վաղարշապատ համայնքի ղեկավարի թեկնածուն` ՔՊ վարչության նիստի ժամանակ քննարկվել է նրան առաջադրելու հարցը։ Մեխակյանը նաեւ նշեց, որ տվել է իր համաձայնությունը։
Հիշեցնենք․ մենք գրել էինք, որ ՔՊ-ն մտադիր է արդեն իսկ խոշորացված Վաղարշապատը եւս մեկ անգամ խոշորացնել` միավորելով Խոյ համայնքի հետ, եւ այդպես գնալ ընտրությունների, որը կկայանա նոյեմբերի 16-ին։
Նման միավորման իմաստն այն է, որ Էջմիածնում` Վաղարշապատում, ՔՊ-ն նորմալ թեկնածու չունի:
Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ Ջեբրայիլն ազատագրած Մեխակ Մեխակյանի որդուն՝ Արգիշտի Մեխակյանին, ՔՊ-ն համարում է լավագույն թեկնածու, քանզի հույս ունեն, որ նրա հոր հերոսական անցյալը եւս ձայն կբերի ՔՊ-ին: Թեեւ Ջեբրայիլը հանձնած իշխանություններին միանալու հանգամանքն Արգիշտի Մեխակյանի օգտին չի խոսում:
Կարդացեք նաև
Մեզ պատմեցին, որ Փաշինյանին հավատացրել են, թե 3 տարի Խոյ համայնքը կառավարած Մեխակյանն իր ընտրողների շնորհիվ կկարողանա հաղթել Վաղարշապատի ընտրություններում։ Իր շանսերի մասին հարցին Մեխակյանը պատասխանեց. «Ավելորդ գլուխ գովալու պրոցեսի մեջ չմտնենք, բայց ես իմ շանսերը գնահատում եմ բավականին լավ։ Քարոզարշավի ամբողջ ընթացքում մեր բնակիչներին կոնկրետ բացատրելու եմ մեր տեսլականն ու զարգացման ծրագիրը»։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: