ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, որոնք 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով վերադարձել են Գերմանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը:
Ողջունելով մարզիկներին՝ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է սպորտային կարևորագույն հաջողությունների կապակցությամբ և ընդգծել՝ առաջին անգամ հայ մարմնամարզիկները Եվրոպայի նույն առաջնությունում երկու ոսկե մեդալ են նվաճել: Նա երախտագիտություն է հայտնել միջազգային հարթակներում Հայաստանի պատիվը բարձր պահելու համար․ «Ձեր յուրաքանչյուր հաղթանակ շատ ոգևորիչ է և մեծ հպարտություն է պարգևում բոլորիս: Ամբողջ ազգն է ուրախանում ձեր հաջողություններով և, անկասկած, հեռուստաէկրաններից այն կողմ փոխանցում իր ամենաջերմ մաղթանքներն ու զգացողությունները»։
Հասմիկ Ավագյանը նաև շեշտել է՝ մարզիկների մարդկային արժանիքները, մարզիչների և ֆեդերացիայի ամբողջ անձնակազմի անգնահատելի ներդրումը կարևոր են մարզաձևի զարգացման և նոր հաջողությունների կերտման ճանապարհին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիրներ էին դարձել Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը, արծաթե մեդալը նվաճել էր Մամիկոն Խաչատրյանը, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանի խոսքով՝ մարզիկներն այս առաջնությունում արել են անհնարինը հաղթանակի հասնելու համար:
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանի համար Եվրոպայի առաջնությունը մեծահասակների պայքարում նորամուտի մրցաշար էր, որտեղ նա ոսկե մեդալ նվաճեց։ Նորընծա չեմպիոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի համար՝ նշելով, որ ուրախ է ոչ միայն իր մեդալի, այլև ամբողջ թիմի գրանցած արդյունքների համար:
«Առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների առաջնությանն ու անբացատրելի զգացողություններ ունեցա, երբ ես և ընկերս կանգնեցինք պատվո հարթակի առաջին երկու աստիճաններին: Շատ ուրախ եմ, որ կարողացանք բարձրացնել մեր երկրի դրոշն ու հնչեցնել օրհներգը»,- ասել է Համլետ Մանուկյանը՝ ընդգծելով նաև հավաքականի ավագ մարզիկների աջակցության կարևորությունը:
ԵԱ-ի արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը նշել է՝ մեծահասակների առաջնությունում նորամուտը կրկնակի մեծացրել էր պատասխանատվության զգացումը. «Մեծահասակների պայքարում մրցակցությունն ու զգացողությունները բոլորովին այլ են: Ներդրել ենք մեր ամբողջ ուժերը, և ուրախ եմ, որ հաջողության հասանք: Առանց մեր ավագ ընկերների աջակցության՝ գուցե այս ամենը չլիներ»:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանն էլ հույս է հայտնել՝ սա նոր հաջողությունների սկիզբ կդառնա. «Իսկապես, շատ ուրախ եմ այս մեդալի համար: Մինչ այս անընդհատ չէր ստացվում մեդալ նվաճել: Վիրահատությունից հետո տարիներ շարունակ չէի կարողանում լիարժեք վերականգնվել: Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև Ուսանողական խաղերում 4-րդ տեղն էի զբաղեցրել և շատ ուրախ եմ, որ վերջապես սառույցը կոտրվեց: Հուսով եմ՝ սա նոր հաջողությունների սկիզբ կլինի»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզաձևի զարգացմանն ուղղված տարաբնույթ հարցեր: Մարմնամարզիկներն առաջիկայում կմասնակցեն World Challenge Cup-ին, իսկ հոկտեմբերին կանցկացվի տարվա կարևորագույն ստուգատեսը՝ մարմնամարզության աշխարհի առաջնությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը հաջողություններ է մաղթել մարմնամարզիկներին առաջիկա մրցելույթներում և վերահաստատել ՀՀ կառավարության՝ մարզաձևի շարունակական զարգացմանն աջակցելու պատրաստակամությունը:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ