«Եկեղեցու հետ հարաբերություները կարող են կարգավորվել օրենքով։ Եվ այսօր էլ ունենք օրենսդրական դաշտը, որը որոշակիորեն կարգավորում է այդ հարաբերությունները։ Իրականում այդ կարգավորումները որպես կանոն այժմեական իրականության համատեքստում միտված են Եկեղեցուն որոշակի արտոնություններ տալուն։ Այսինքն՝ մենք ընդունում ենք, որ գոնե առնվազն այդ պահով Եկեղեցու եւ եկեղեցականների հետ հարաբերությունները կարող են օրենքի մակարդակում կարգավորվել։ Եվ չպետք է մոռանանք, որ մենք իրավական պետություն ենք։ Եվ այն, որ Եկեղեցու կարգավիճակը սահմանվել է Սահմանադրության շրջանակներում, դա եւս խոսում է այն մասին, որ առնվազն հնարավոր է իմպերատիվ կարգավորման դաշտում քննարկվեն այն հարցերը, որոնք այսօր բարձրացվում են»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հակաեկեղեցական քարոզին։
Նա նշեց, որ ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչ հայտարարություններ պետք է անել, գուցե ոմանց համար դա սուր երանգներ պարունակող բառամթերք է, բայց եթե դա չի հատում իրավականության սահմանը, այստեղ խնդիր չկա։ «Վերջին օրերին անընդհատ նույն բանն է քննարկվում, եւ կարծես թե մեղադրվում է կողմը, որը բարձրաձայնում է խնդրի մասին։ Եվ ընդհանրապես չի խոսվում իրականում գոյություն ունեցող խնդրի մասին»,- ասաց նախարարը։
Լրագրողները հարցրին՝ ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ չեն ներկայացնում հանրությանը։ Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Խնդիրն այն է, ինչի մասին դուք բոլորդ տեղյակ եք։ Յուրաքանչյուր քրիստոնյա ինքը պետք է որոշի՝ խնդիր տեսնում է այդտեղ, թե չի տեսնում։ Եթե անձն իրեն համարում է Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, ապա ինքը պետք է իր համար եզրահանգում անի՝ այս իրավիճակում խնդիր կա՞, թե՞ չկա։ Իմ դիտարկմամբ՝ մենք այսօր ունենք խնդիր, ունենք Եկեղեցի, որն արդեն վաղուց զբաղվում է քաղաքականությամբ։ Եկեղեցու դեպքում կանոններ են գործում, եւ քրիստոնյա համայնքն ինքն է որոշում՝ հետեւի՞ այդ կանոնների պահպանմանը, թե՞ չհետեւի»։
Կարդացեք նաև
Նա ասաց, որ չի տեսնում միջամտություն, վարչապետը չի միջամտում Եկեղեցու գործերին։
«Եթե մենք համաձայնություն են գալիս հարցի շուրջ, որ Եկեղեցին ուղղակի կրոնական կազմակերպություն է, ինչպես այլ կրոնական կազմակերպությունները, ընդհանրապես եկեք այս հարցը հանենք օրակարգից։ Բայց եթե դուք համաձայնում եք, որ Եկեղեցին ունի բացառիկ դեր մեր պետության եւ հասարակության կյանքում, եկեք հասկանանք՝ մեր ժողովուրդն ուզո՞ւմ է որեւէ մասնակցություն ունենալ մեր ասած ինքնակարգավորման հարցին, թե՞ չէ»,- հավելեց նա։
Անդրադառնալով հարցին, որ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ հնարավոր է սահմանադրական փոփոխությունների շրջանակում վերանայվեն Եկեղեցի-պետություն հարաբերությունները, նման քննարկում կա՞, նախարարը պատասխանեց, որ այս պահին որեւէ քննարկում չկա։ «Բայց ես որեւէ բան չեմ բացառում, որովհետեւ յուրաքանչյուր հնչեցված միտք դա գաղափար է, որը կարող է քննարկվել։ Եվ դրա շուրջ կարող է լինել կոնսենսուս խորհրդի կողմի, եւ կարող է չլինել»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ