Հայաստանն ու ՌԴ-ն բնական դաշնակիցներ են, մեր երկրները ռազմավարական գործընկերներ են․ այսօր Երեւանում հայտարարեց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ։
Այսօր Երեւանում ընթանում է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների 39-րդ նիստը, որին մասնակցում են ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահն ասաց՝ ուրախ է Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ խորհրդարանական մակարդակով քաղաքական երկխոսությունը վերսկսելու համար․ «Մեր հայ բարեկամներ, գործընկերներ, մեկ անգամ էլ եմ ուզում անկեղծորեն շնորհակալություն հայտնել ձեզ՝ Հայաստան այցելելու հրավերի, խորհրդարանների նախագահների մակարդակով երկխոսությունը վերսկսելու հնարավորության համար։ Մենք ուրախ ենք որոշակի ժամանակահատվածից հետո վերսկսել քաղաքական երկխոսությունը խոսնակների մակարդակով»։
Վալենտինա Մատվիենկոյի խոսքով՝ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների պատմությունը հիմնված է ամուր բարեկամության, երկու երկրների ժողովուրդների ավանդույթների նմանության վրա։ ՌԴ պաշտոնյան վստահեցնում է՝ ռուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացմամբ, համագործակցության ընդլայնմամբ։
Կարդացեք նաև
Վալենտինա Մատվիենկոն այս տարին առանձնահատուկ է համարում նաեւ նրանով, որ նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ Իր բնութագրմամբ՝ այդ հաղթանակը նախկին Խորհրդային միության բոլոր ժողովուրդների ընդհանուր հաղթանակն է։ Ուստի, նա եւս մեկ անգամ շնորհավորեց բոլորին Մեծ հաղթանակի առիթով։
«Ոչինչ այնպես չի միացնում երկու ժողովուրդներին, ինչպես շփվելու, ընկերություն անելու ձգտումը։ Պետք է նշել, որ Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիները մեծ սիրով հաստատում են գործարար, մշակութային, պարզապես մարդկային կապեր։ Միեւնույն ժամանակ, ռուսերենը շարունակում է մնալ կարեւոր լեզու երկու ազգերի միջեւ շփման համար։ Շատ հայերի համար ռուսերենը ոչ թե պարզապես երկրորդ լեզու է, այլ անձնական ու ընտանեկան պատմության մաս»,- ասաց Վալենտինա Մատվիենկոն՝ հատկանշական համարելով, որ այս նիստն անցկացվում է հենց այսօր՝ հունիսի 6-ին, երբ նշվում է Ռուսաց լեզվի օրը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ