«Անհրաժեշտ է ամեն կերպ դիմակայել Մեծ հաղթանակի պատմությունը խեղաթյուրելու, կեղծելու փորձերին եւ պահպանել պատմական ճշմարտությունը»,- Երեւանում ընթացող հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 39-րդ նիստում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ պատերազմում տարած հաղթանակը երկու երկրների հարաբերություններում միավորող կարեւոր արժեքներից է:
Այդ հաղթանակն Ալեն Սիմոնյանը համարում է Հայաստանի եւ Ռուսաստանի ընդհանուր պատմության փառահեղ էջերից, որտեղ դրսեւորվել են «Խորհրդային միության ժողովուրդների լավագույն որակները»․ «Ժողովուրդները հերոսություն, անձնազոհություն են ցուցաբերել ընդհանուր հաղթանակի հասնելու համար։ Մեր բոլորի պարտքն է այսօր՝ պահպանել այդ հիշողությունը՝ փոխանցելով այն սերունդներին»։
Այս նիստն էլ Ալեն Սիմոնյանը կարեւոր քայլ է համարում երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ երկխոսության ամրապնդման ուղղությամբ, այն պարագայում, երբ հայ եւ ռուս ժողովուրդներին միավորում է դարավոր բարեկամությունը։ Ըստ Ալեն Սիմոնյանի, միջխորհրդարանական հանձնաժողովը արդյունավետ հարթակ է եղել խորհրդարանականների երկխոսության համար: Նա հույս ունի, որ այս ձեւաչափը կնպաստի ավանդական բարեկամության եւ համագործակցության խորացմանը:
Հիշեցնենք, այսօր Երեւանում ընթանում է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների 39-րդ նիստը, որին մասնակցում են ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ