«Ամեն ինչ լավ է, մենք արդեն պլանավորել ենք, որ այս ամսվա վերջ կամ մյուս ամսվա սկզբին կունենանք խորհրդի նիստ եւ խորհրդի անդամներին կներկայացնենք որոշակի դրույթներ, որոնք արդեն մշակվել են։ Բայց մինչ այդ չեմ ցանկանա որեւէ փակագիծ բացել»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին։
Նա նշեց, որ հանրությունը տեղյակ կլինի, թե ինչ է քննարկվել այդ նիստում եւ ինչ որոշում է կայացվել։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները պահանջում են ՀՀ Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը, որտեղ հիշատակում կա Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին։ ՀՀ իշխանությունները չեն բացառել, որ կգնան նման փոփոխություններ կատարելու ճանապարհով։ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր․ «Եթե խաղաղության պայմանագիրը հակասի ՀՀ Սահմանադրությանը, հանրաքվե կնախաձեռնեմ»։
Անդրադառնալով հարցին, թե Անկախության հռչակագրի մասով որոշում կա՞, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Դեռ ոչ, հստակեցում չկա»։
Կարդացեք նաև
Նախարարը նաեւ անդրադարձավ հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում պատժի կրումից ազատվեն ցմահ դատապարտյալներ։ «Արդյոք դատարանները պայմանական վաղաժամկետ կազատե՞ն դատապարտյալներին պատժի կրումից, ես այդ հարցին երբեւէ պատասխանել չեմ կարող։ Ես գնացել էի ՔԿՀ հիմնարկ՝ հանդիպելու ցմահ դատապարտյալներին, որպեսզի հասկանամ, թե առհասարակ ինչ խնդիր ունեն ցմահ դատապարտյալները»,- ասաց նա։
Լրագրողները նկատեցին, որ դատապարտյալներին ծեծի ենթարկեցին, հետո նախարարը գնաց նրանց այցելության։ «Իսկ ես էլ ասում եմ՝ չծեծեցին, ոչ մեկը ոչ մեկին չի ծեծել»,- արձագանքեց Գալյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ