Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր 12000 ոչ հայ երիտասարդ երաժիշտներ նվագում են Խաչատրյանի կոնցերտները. Մեկնարկում է կոմպոզիտորի անունը կրող մրցույթը

Հունիս 06,2025 14:36

Հունիսի 6-ն Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Այս տարի նշվում է անվանի կոմպոզիտորի 122-ամյակը։ Ամեն տարի հունիսի 6-ին մեկնարկում է Խաչատրյանի անունը կրող միջազգային մրցույթը, որն այս տարի կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտական կարգում։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը մրցույթի առիթով կայացած ասուլիսում նշեց, որ նպատակն է աշխարհին տալ նոր անուններ, նոր դիրիժորներ, ջութակահարներ, թավջութակահարներ, դաշնակահարներ։ «Աշխարհի 65 երկրից 260 դիմորդ ունենալը խոսում է մրցույթի կարգավիճակի, հեղինակության, մրցույթի հանդեպ մեծ հետաքրքրության մասին: Սա նշանակում է, որ Խաչատրյանական մրցույթը Հայաստանի մշակութային դիվանագիտության հաջողություններից մեկն է »,-ասաց Մարտին Թովմասյանը:

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը հիշեց, թե ինչպես է հիմնադրվել մրցույթը. 2003-ին Հայաստանում ՌԴ դեսպանի կարգավիճակով մասնակցում էր աշխարհի մի շարք երկրներում Խաչատրյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Տեղեկանալով, որ Ռուսաստանն էլ է ցանկանում Խաչատրյանական մրցույթ հիմնադրել, Սմբատյանը մեծ ջանքեր է գործադրել, որ մրցույթը կայանա հենց Հայաստանում, ոչ թե մեկ այլ երկրում, չնայած որ Խաչատրյանը չի էլ ապրել Հայաստանում:

«Այսօր մենք ունենք տվյալներ, որ մրցույթի շնորհիվ 12000 ոչ հայ երիտասարդ երաժիշտներ նվագում են Խաչատրյանի կոնցերտները, դա աներեւակայելի փաստ է, որն ինքնաբուխ է ստացվել, որովհետեւ Արամ Խաչատրյանի երաժշտությունն է կախարդական»,-ասաց Արմեն Սմբատյանը:

Ջութակահար Նին Ֆենը, որը մրցույթի բացման արարողությանը կկատարի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, շնորհակալություն հայտնեց մրցույթի առիթով Հայաստանում գտնվելու համար, ասաց, որ իր համար մեծ պատիվ է, նաեւ նշեց, որ էականը մրցույթի արդյունքները չեն, այլ գլխավոր ուղերձը եւ այն բավականությունը, որ ստանալու են մասնակիցները:

Ջութակահարը նշեց, որ առաջին անգամ Հայաստան է այցելել 15 տարի առաջ, ծանոթացել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ, եւ հետագայում մտերիմներ են դարձել; Նին Ֆենը պատմեց, որ Արամ Խաչատրյանի երաժշտությանը ծանոթ է երեխա ժամանակվանից, քանի որ ջութակի իր ուսուցիչը Էլիզաբեթ թագուհու մրցույթի մասնակից էր, որտեղ հանդես էր եկել Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտով:

Ջութակահարը հավելեց, որ խաչատրյանական երաժշտությունը, լինելով հայերի ԴՆԹ-ի մեջ, անչափ հոգեհարազատ է բոլոր ազգերին, այնքան համամարդկային է, ու պատահական չէ, որ իր 11 տարեկան որդին, լսելով իր նվագը՝ հարցրել էր. «Հայրիկ, սա չինակա՞ն երաժշտություն է»:

 

Հավելենք, որ մրցույթի հաղթողը հայտնի կդառնա հունիսի 12-ին՝ պարգեւատրման արարողության եւ գալա համերգի ժամանակ։ Մրցույթն անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC)։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30