Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան գործով այսօր հարցաքննվեց Զոդ զորամասի Կամազի վարորդ Գրիգոր Նավոյանը:
«Ծառայող անձ եմ եղել, ամեն առավոտ վերադասի մոտ եմ եղել, որտեղ տեղակայվել եմ՝ իմ խնդիրները ստացել եմ, զբաղվել եմ իմ խնդիրներով: Ինչ խնդիր տվել են՝ կատարել եմ, մենք մեր խնդիրներով ենք եղել»,- պատմեց վկան:
Կարդացեք նաև
Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը, հարցրեց մեղադրող դատախազը: Վկան թվարկեց՝ սնունդ տանել, ցեմենտ կրել, բեռներ տեղափոխել:, անձնակազմ տեղափոխել:
Ինժեներասակրավորների վաշտի տվյալ ստորաբաժանման մասին ի՞նչ է հայտնի, որտե՞ղ է տեղակայված եղել հարցերին ի պատասխան, վկան չհիշեց տեղանքը, հետո վերացական պատասխանեց՝ ո՞ր գյուղն էր, անունը մոռացա, Կութ գյուղն էր, չէ՞:
Կամազի վարորդը ասաց՝ դեպքից առաջ երկար ժամանակ չի գնացել կացարան, չի կարող ասել՝ հակահրդեհային անվտանգության ինչ միջոցներ են այնտեղ եղել, կամ չեն եղել, չի տեսել վառարան:
Դեպքի վերաբերյալ ի՞նչ է հայտնի հարցին պատասխանեց՝ տղերքն են գիշերով զանգել, ասել՝ վերադասն ասել է՝ հրդեհ է եղել, գնացեք դեպքի վայր. «Ասացին՝ հրդեհ է, երեխեքը մնացել են սենյակում, հասեք, տեսնենք՝ ինչ կարող ենք անել»:
Դեպքի վայրում ինչ է տեսել հարցին վկան պատասխանեց. «Տեսա ցավ, տանջանք, ամեն մարդ իր գլուխը կախած. ամբողջ երկիրն այնտեղ էր»:
Նրա պատմելով՝ երբ դեպքի վայր է հասել, հրդեհն արդեն մարած է եղել, այրված զինվորների մարմինները հանած են եղել, ինքը որեւէ միջամտություն, գործողություն չի կատարել:
Վկան հայտնեց, որ Եղիշե Հակոբյանին չի տեսել դեպքի վայրում, առհասարակ չի էլ ճանաչում:
Դեպքի հաջորդող օրերին դեպքին առնչվող ի՞նչ խնդիրներ է ստացել, ասաց՝ ոչ մի խնդիր, իրենց գործերով են եղել:
Հակահրդեհային միջոցներ ստանալու, բաշխելու հետ կապված հանձնարարականներ ստացե՞լ է հարցին էլ պատասխանեց՝ եղել է, չի հիշում դեպքից քանի օր հետո է ստացել: Ու շատ խառը պատասխաններ տվեց, ինչպես այսօրվա նիստին հնչած բոլոր հարցերին:
Հանրային մեղադրողը հարցրեց վկային՝ իր նախաքննական ցուցմունքը ճի՞շտ ցուցմունք է եղել, պատասխանեց՝ չի էլ հիշում, որ նույնիսկ իրեն կանչել են քննչական հարցաքննության:
Նիստը նախագահողը զայրացավ՝ ի՞նչ վերացական պատասխաններ եք տալիս, հիմա քննիչի մոտ եղե՞լ եք, թե՞ ոչ: Ինչին վկան պատասխանեց՝ եղել է, երեւի անցած տարի:
Նիստը նախագահող դատավորը կրկին զայրացավ. «Էս էն դե՞պքն է, որ չհիշեք»:
Զայրացան նաեւ մահացած զինվորների ծնողները, վկային հեգնեցին՝ «ջուր բերեք, վատ է»: Վկան հակադարձեց՝ եթե ջուր ուզեի, կասեի: Հետո սկսեցին վիճել. «Արա հարցերին պատասխանի»,- վրա տվեց ծնողներից մեկը: Սկսեցին փոխադարձ գոռգոռալ:
Այս պահին էլ շարունակվում է նիստը, մեղադրող դատախազը հրապարակում է վկայի նախաքննական ցուցմունքը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ