«2024 թվականի նոյեմբերին, երբ դուք պետք է նշանակվեիք Քննչական կոմիտե ղեկավար, Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն արեց՝ «կան կոռուպցիոն գործարքների վերաբերյալ տեղեկություններ, որոնք պետք է ստուգվեն եւս մեկ անգամ, որից հետո ես իմ որոշումը կկայացնեմ»։ Դրանից հետո որեւէ հայտարարություն ու տեղեկություն մենք չունեցանք, թե դուք ինչ կոռուպցիոն գործարքների մեջ եք եղել, ի՞նչ տեղեկություն էր ճշտում վարչապետը, եւ ի՞նչ հանգուցալուծում է ունեցել այդ գործը»,- Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին դիմեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Արթուր Պողոսյանն ասաց, որ կոռեկտ չի համարում հերքել ինչ-որ ասեկոսեներ։ «Ես որպես իրավաբան՝ կարող եմ ասել, որ որեւիցե քրեական վարույթով, թեկուզ կասկածով, չեմ անցել, թեկուզ հարցաքննված լինեմ վկայի կարգավիճակով։ Պարզապես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը։ Բայց ես վերահաստատում եմ, որ իմ ամբողջ կյանքում եւ ներկայում առաջնային խնդիրը հենց կոռուպցիայի դեմ պայքարն է։ Եվ հավաստիացնում եմ, որ որեւիցե տեսակի կոռուպցիոն գործարքների, հովանավորչության կամ այլ տեսակի զանցանքների հետ առնչություն չեմ ունեցել եւ չեմ ունենալու»,- նշեց ՔԿ նախագահը։
Թագուհի Թովմասյանը նշեց․ «Շատ հետաքրքիր է, թե այդ ինչ կոռուպցիոն գործարքներ էին, ինչ է ճշտել վարչապետը։ Եվ տարակուսելի է, որ ձեզ հետ այդպիսի խոսակցություն չի եղել, ինքը ձեզ հարց չի տվել»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ