Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցական զգայուն հարցերը հասարակական քննարկման առարկա դարձնելու ՀՀ իշխանությունների համառությունը պարզապես հակասում է առողջ տրամաբանությանը

Հունիս 06,2025 16:16

Արդեն քանի օր է՝ վարչապետն ու իր հետ փոխկապակցված որոշ պաշտոնյաներ փորձում են համոզել հանրությանը, որ իրենք Հայ Առաքելական Եկեղեցու դեմ չեն պայքարում, այլ ճիշտ հակառակը՝ պայքարում են ՀԱԵ անաղարտության համար, իրենք էլ պատրաստ են պաշտպանելու Եկեղեցուն, եթե որևէ մեկը հանդգնի նույնիսկ խոսք ասել Եկեղեցու դեմ և այլն։ Իհարկե, հայի համար հաճելի է լսել իշխանությունների կողմից նման խոսքերը, ոմանք գուցե կհավատան նրանց անկեղծությանը, ոմանք թերահավատորեն կվերաբերվեն, ոմանք, այդ թվում նաև ես, կմտածեն, որ դա քարոզչական տեխնոլոգիա է, որով ՔՊ կուսակցությունը փորձում է մոլորեցնել հայ ժողովրդին և այլն, այլ խոսքով նման հայտարարությունները միանշանակորեն չեն ընկալվում։

Ակամայից հիշեցի, որ ժամանակին ես ինքս էլ նման խնդիր լուծելու անհրաժեշտություն ունեի։ Երբ Եկեղեցում ինչ որ բան, իմ կարծիքով, այնպես չէր ընթանում, ինչպես ես մտածում էի, որ պետք է ընթանար, ապա հրապարակայնորեն քննադատում էի հոգևորականներին, այդ թվում՝ նաև Վեհափառ Հայրապետին և մտածում էի, որ դրանով ես որևէ վնաս չեմ հասցնում Եկեղեցուն։

Սակայն հետևելով իմ 2011-2014 թվականներին հրապարակված որոշ հոդվածների տարածվածությանը, եկավ մի պահ, նկատեցի, որ դրանցով ավելի շատ ոգևորվում են աղանդավորականներն ու հակաեկեղեցական խմբակները, նրանք ակտիվորեն սկսում էին տարածել դրանք և իրապես հակաեկեղեցական մեկնաբանություններով պղտորում էին հայ հասարակության մտքերը, արդյունքում թյուր տպավորություն էր ստեղծվում, թե ես մարտնչում եմ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։

Գենադի Մնացականյան

Այդ ամենի միակ դրական կողմը, թերևս, այն եղավ, որ ես սկսեցի տարբեր դիտանկյուններից վերլուծել իմ «բարեփոխական» մտքերը ու հատկապես նրանց հրապարակայնորեն քննարկման առարկա դարձնելու նպատակահարմարությունը և եկա այն համոզման, որ Եկեղեցական հարցերը, կլինեն դրանք բարոյական թե դավանաբանական հարթություններում, պետք է քննարկվեն Եկեղեցական շրջանակներում՝ առանց դրանք հանրայնացնելու, որպեսզի որևէ կերպ չվիրավորվեն բարեպաշտ հավատացյալի կրոնական զգացումները և չառիթավորվեն աղանդավորականները։

Անշուշտ, կարող են լինել նաև հարցեր, որոնք, հակառակը, անհրաժեշտ է հասարակական քննարկման առարկա դառնան, սակայն դրանք կարող են վերաբերվել, օրինակ, Եկեղեցու դերը կրթական, գիտական, մշակութային կամ այլ բնագավառներում և նմանատիպ թեմաներով, սակայն ոչ երբեք հոգևորականների բարեվարքությունը ստուգելու մասին։ Եթե կան զգայուն հարցեր, ապա դրանք պետք է լուծվեն, ինչպես ասացի, եկեղեցական շրջանակներում և հոգևորականների հետ քննարկումներով։

Անելանելի իրավիճակներ չեն լինում։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Աստվածային նախախնամության ներքո է։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հասանելի է յուրաքանչյուր էությամբ հայ քրիստոնյայի համար, այդ թվում նաև պետական պաշտոնյաների համար։

Դժվար չէ նկատել, որ Վեհափառ Հայրապետը երկխոսության համար դռները միշտ բաց է պահում և Եկեղեցական զգայուն հարցերը հասարակական քննարկման առարկա դարձնելու ՀՀ իշխանությունների համառությունը պարզապես հակասում է առողջ տրամաբանությանը։

Ուստի, հարգելի պարոն վարչապետ և իրենց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նախանձախնդիր հետևորդներ համարող պաշտոնյաներ, շատ ավելի ճիշտ կլինի, որպեսզի երկխոսություն սկսվի և բոլոր հարցերի պատասխանները գտնել երկխոսության ճանապարհով, առանց հրապարակային վիրավորանքներ հասցնելու մեկդ մյուսին և կամա թե ակամա վնասելով Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսության դարերով վաստակած հեղինակությունը։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30