«11 200 դոլարը չի հայտնաբերվել, ներկա պահին այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով 590 հազար դոլար իրեղեն ապացույցի հափշտակության գործին։
Նա ասաց, որ մեղադրյալների հարազատները պատրաստակամություն են հայտնել այդ 11 200 դոլարը վերականգնել։ «Եթե ունենանք վերականգնում, շատ ավելի լավ, իսկ եթե ոչ, ապա Քրեական դատավարության օրենսգրքում կա գույքի արգելադրման ինստիտուտ, որը հնարավորություն է տալիս պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու համար արգելանքներ կիրառել մեղադրյալների շարժական եւ անշարժ գույքերի վրա։ Մեղադրյալներն ունեն այդպիսի գույքեր, եւ վնասի վերականգնում չլինելու դեպքում մենք այդ գույքի արգելադրման ինստիտուտն անպայման կկիրառենք»,- ասաց նա։
Նահապետյանի խոսքով՝ այդ չափի գումարը ՔԿ-ում էր հայտնվել մեկ այլ վարույթով կատարված քննչական գործողությունների արդյունքում, քննիչի կողմից ճանաչվել է իրեղեն ապացույց։ Եվ այդ գումարը Կենտրոնական բանկ ուղարկելու նպատակով 2025 թվականի ապրիլ ամիս գրություն է հասցեագրվել ԿԲ։ Սակայն հաշվի առնելով որոշակի ընթացակարգեր՝ ԿԲ-ն հրաժարվել է գումարն ընդունել, նորից վերադարձվել է ՔԿ, եւ այն մնացել է չհրկիզվող պահարանում։ Թե ինչո՞ւ է ԿԲ-ն հրաժարվել ընդունել այդ գումարը, Նահապետյանն ասաց, որ այդ մասով քննություն է ընթանում։ Կան համապատասխան հիմքեր, որոնց հիման վրա ԿԲ-ն հրաժարվել է։ «Բայց քանի որ այս պահին նախաքննություն է իրականացվում, եւ այդ հանգամանքները եւս քննության առարկա են դառնալու քրեական վարույթով, թույլ տվել ձեռնպահ մնալ հարցերին պատասխանելուց»,- հավելեց նա։
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կադրային ջարդ է իրականացվում իր ղեկավարած գերատեսչությունում, Արթուր Նահապետյանը պատասխանեց․ «Թույլ տվեք չհամաձայնել ձեր օգտագործած կադրային ջարդ տերմինին։ Դա բնականոն աշխատանքային պրոցես է, կադրային փոփոխություններ, ազատումներ եւ նշանակումներ բոլոր կառույցներում պարբերաբար լինում են, եւ բացի աշխատանքային հարաբերություններից, դրանք այլ հիմքեր ու պատճառներ չունեն»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ