Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա քեզ ով գիշերով զանգում է, վեր ես կենում ու գնո՞ւմ. այրված զինվորի հայրը՝ կամազի վարորդին

Հունիս 06,2025 17:02

Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան գործով դատարանը որոշեց մեղադրյալներից Եղիշե Հակոբյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգել եւս երեք ամսով:

Հունիսի 17-ին լրանում էր Հակոբյանի կալանքի ժամկետը:

Մեղադրող դատախազը միջնորդեց կալանքի ժամկետը երկարաձգել եւս երեք ամսով՝ պնդելով, որ ապացույցների հետազոտությունը դեռ չի ավարտվել, վկաների հարցաքննությունները շարունակվում են եւ այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող ապահովել նրա պատշաճ վարքագիծը:

Տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը եւս միացավ մեղադրողի միջնորդությանը:

Ու թեեւ Հակոբյանի պաշտպանը առարկեց՝ պնդելով, որ մենք գործ ունենք շարունակական կալանքի հետ, ինչը հիմնավոր չէ ու չի կարող շարունակական կալանքը լինել այն զսպող միջոցը, որը ներկայացվում է հանրային մեղադրողի կողմից, սակայն դատարանը բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը եւ կալանքի ժամկետը եւս երեք ամսով երկարաձգվեց:

Այսօր դատարանը հարցաքննեց երեք վկայի, բոլորն էլ Զոդ զորամասի վարորդներ էին : Միջադեպերով անցավ միայն առաջին վկայի հարցաքննությունը, որը ոչ ամբողջական ու հարցերին ոչ համապատասխան պատասխաններ էր հնչեցնում:

Այս վկան պնդում էր, որ մասնակցել է հակահրդեհային անվտանգության միջոցառումների, մինչդեռ նախաքննական ցուցմունքում հայտնել էր, որ նման միջոցառումների չի եղել, եւ չի հրահանգավորվել՝ օրինակ` ինչ հակահրդեհային միջոցներ կիրառի հրդեհի դեպքում: Ի դեպ, այս վկային, երբ հարցրին գոնե մեկ գործողություն ասի, թե ինչ է տեսել կամ սովորել այդ հակահրդեհային միջոցառումներին մասնակցելիս, նա միայն կարողացավ հայտնել. «Սենց բաներ, նենց բաներ»:

Նրա պատասխանները ծնողների ու ոչ միայն ծնողների մոտ տպավորություն թողեցին, որ ադեկվատ չէ:

«Հնարավո՞ր է՝ ադեկվատ չես էս պահին: Էդ որ հանգիստ, պառկում քնում ես, գիտես չէ՞, ում շնորհքն է էդ»,- զայրացավ ծնողներից մեկն ու հենց ուղիղ այս հարցը տվեց վկային:

Այս վկան նաեւ հայտնել էր, որ գիշերն է հրդեհի մասին իմացել, սկզբում ասաց՝ չի հիշում, ով է զանգել, հայտնել, հետո ասաց՝ ընկերներն են զանգել, փոխանցել վերադասի հրամանը, որ անմիջապես դեպքի վայր մեկնեն: Նա նաեւ չէր կարողացել պատասխանել, թե դեպքի վայր ինչու են կանչել, ինչ պետք է անեին: Նրա այս խոսքերից էլ զայրացած ծնողներից մեկը նրան հեգնեց. «Հիմա քեզ ով գիշերով զանգում է՝ վեր ես կենում ու գնո՞ւմ»:

Վկան պատասխանեց. «Վերադասն է զանգում կամ ընկերներից մեկն է զանգում, հայտնում, որ տագնապ է, իրար մեջ զանգելով՝ գնում ենք: Բոլորն են գնում: Հավայի չեն կանչում, որ զանգում են, ուրեմն գործ կա: Գնում ենք զորամաս, այնտեղ ենք իմանում տագնապի՞ համար են կանչել, թե՞ այլ գործ կա»:

Վկան ու տուժողը սկսեցին վիճել, տուժողը սկսեց վիրավորել վկային, կարգադրիչները տուժողներին դուրս հանեցին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30