Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ռուսաց լեզվին հարգանքով են վերաբերվում, իսկ Փաշինյանը խոստացել է խթանել՝ ռուսաց լեզվի միջազգային կարգավիճակի նախագծի ընդունմանը․ Վալենտինա Մատվիենկո

Հունիս 06,2025 18:35

«Հայաստանում ռուսաց լեզվին հարգանքով են վերաբերվում»,-Երեւանում, ռուսաստանցի լրագրողներին տված ճեպազրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ հիշեցնելով եւ կրկնելով, որ խորհրդանշական է այն, որ իր այցը Հայաստան տեղի է ունենում Ռուսաց լեզվի միջազգային օրը։

Ռուսաստանցի պաշտոնյան կարծում է, որ Հայաստանի բնակչության մեծ մասը խոսում է ռուսերեն, չկա խտրականություն, արգելք եւ սահմանափակումներ, հայկական դպրոցներում կան մեծ թվով ռուսական դասարաններ, Երեւանում կա Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոց, ՀՀ ԿԳՄՍ նախարարը աջակցում է Երեւանում ռուսական դեսպանատանը կից ռուսական դպրոցի կառուցմանը։

Այս համատեքստում Վալենտինա Մատվիենկոն հայտարարեց, որ ՀՀ ԱԺ–ում տեղի ունեցած իր հանդիպումների ժամանակ քննարկվել է նաեւ կրթության ոլորտում Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ համագործակցությունը մեծացնելու անհրաժեշտությունը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ դասագրքերի կազմման մասով գործում է հատուկ աշխատանքային խումբ եւ ՀՀ իշխանություններն աջակցում են այս բոլոր գործընթացներին․ «Ակտիվորեն առաջ է մղվում ռուսաց լեզվի միջազգային կարգավիճակի նախագիծը, որը ստեղծվել է Ղազախստանի նախագահի նախաձեռնությամբ, աջակցություն է ստացել ԱՊՀ պետությունների ղեկավարների կողմից: Վեց պետություն արդեն դարձել է այս կազմակերպության անդամ, Հայաստանը դեռեւս չի վավերացրել համաձայնագիրը: Վարչապետը խոստացել է տալ հանձնարարականներ, քննարկել այս հարցը, խթանել գործընթացին»։

Հայաստանյան այցից Վալենտինա Մատվիենկոն «շատ լավ» տպավորություն է ստացել։

Հիշեցնենք, այսօր Երեւանում ընթանում է հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովը, որին մասնակցում էր նաեւ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Մինչ այդ ՌԴ պաշտոնյան մասնակցել էր ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների 39-րդ նիստին։ Վալենտինա Մատվիենկոն Երեւանում է գտնվում պաշտոնական այցով։

 

Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30