Փաստաբան Արա Զոհրաբյանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի՝ հակաեկեղեցական հայտարարությունների ու գրառումների հարցով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ վարույթ հարուցվե՞լ է։
«Դիմումը մենք ստացել ենք չորեքշաբթի օրը, այսինքն՝ դեռ ժամկետ ունենք քննարկման համար։ Դիմումում ներկայացված առերեւույթ խախտումներից մեկով մենք արդեն իսկ հարուցել էինք վարույթ` սեփական նախաձեռնությամբ։ Մյուս խնդիրները, որոնք ներկայացվել են դիմումով, դեռեւս քննության փուլում են։ Եվ ենթադրում եմ՝ երկուշաբթի օրը մենք արդեն կունենանք որոշում այդ մասով»,- նշեց Մարիամ Գալստյանը։
Նա նշեց, որ սրբազանի ու նրա քեռակնոջ մասին Փաշինյանի արած գրառման վերաբերյալ են սեփական նախաձեռնությամբ վարույթ հարուցել։
Հարցին, թե ի՞նչ որոշում է կայացնելու հանձնաժողովը, եւ ի՞նչ է տեղի ունենալու իրենց կայացրած որոշումից հետո, Մարիամ Գալստյանը պատասխանեց․ «Նախ մենք հիմա քննարկելու ենք՝ վարույթ հարուցվում է, թե չի հարուցվում։ Եթե վարույթը հարուցվում է, հարուցվելուց հետո հանձնաժողովը երկու տեսակի եզրակացություն պիտի տա՝ կամ առկա է վարքագծի կանոնների խախտում, կամ բացակայում է։ Այն դեպքում, երբ առկա է վարքագծի կանոնների խախտումը, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում պատասխանատվությունը հրապարակային է, հանրային էի, այսպես ասած՝ քաղաքական պատասխանատվություն է։ Այսինքն՝ մենք հրապարակում ենք, որ առկա է խախտում, պաշտոնատար անձն էլ պետք է հրապարակային պարզաբանում տա խախտման առնչությամբ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ