Գերմանաբնակ հայ թավջութակահար Անդրանիկ Սարգսյանը ոչ միայն բուռն գործունեություն է ծավալում, տարածելով հայկական երաժշտությունը, այլ մասնակցություն ունենում հայրենիքում երեխաների մշակութային կրթության աջակցությանը
-Պատրաստվում էինք անդրադառնալ ԿԳՄՍ նախարարության և «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ընկերակցության կողմից իրականացվող նոր ձևաչափով նոր նախագծին, որը մեկնարկել է ապրիլի 25-ին ու ձգվելու է մինչև տարեվերջ, բայց քանի որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, Դուք Երևանում եք հենց այս նախագծի առիթով, առաջարկում ենք մինչ նախագծին անդրադառնալը պարզաբանեք, թե ինչպես Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտը հայտնվեց Գերմանիայում: Մի բան էլ, մինչ ղարաբաղյան 44-օրյա պատերազմը, դուք ձեր 6 ուսանողների հետ, որոնց միացել էին մեր կոնսերվատորիայի ևս 6 թավջութակահար, համերգ էիք ունեցել և Ստեփանակերտում և Երևանում, ինչը փաստել էինք «Առավոտում»:
-Ինչպես հայտնվեցի Գերմանիայում: Ասեմ. 1990-ականներին, շուրջ 10 տարի շարունակ, Երևանում վարպետության դասեր էր անցկացնում գերմանացի ճանաչված երաժիշտ, ջութակահար Մարիա Էգելհոֆը, որը նույնպես ճանաչված թավջութակահար, պրոֆեսոր Սվեն Ֆորսբերգի կինն է: Ես ընդամենը լսում էի Էգելհոֆի դասերը ու մի անգամ նա բացառության կարգով լսեց իմ նվագը, որին հաջորդեց հրավերը Համբուրգի կոնսերվատորիա: Ես այդ ժամանակ ուսանում էի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում, պրոֆեսոր Արամ Թալալյանի ղեկավարությամբ: Առանց մանրամասնություններ հայտնելու՝ ասեմ, որ ուսումս կիսատ թողեցի ու 2004թ. մեկնեցի: Համբուրգում, Ֆորսբերգի դասարանում ուսանելուց անմիջապես հետո զբաղեցրի Klassik Philharmonie Hamburg-ի թավջութակահարների կոնցերտմայստերի պաշտոնը, աշխատելով 2007-2018թթ.: Մինչ նվագախմբում գործունեությանս ավարտը, զուգահեռ հիմնել էի թավջութակահարների ակադեմիա…
Կարդացեք նաև
-Եթե չենք սխալվում Գերմանիայում 2 նման ակադեմիա է գործում:
-Այո, իրավացի եք: Նշեմ, որ իմ ակադեմիան, ըստ էության, երեխաների համար է, պարզ ասած`Hoch Schule, որը նախապատրաստում է ուսանողներ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար: Դուք հիշատակեցիք Ստեփանակերտում և Երևանում մեր համերգների մասին: Հավելեմ, որ պրոֆեսոր Թոմաս Միքլբերգերի և Լևոն Առաքելյանի ղեկավարությամբ անցկացվել են նաև վարպետության դասեր:
Շատ լավ եմ հիշում, 2019թ. 57 երաժիշտներից բաղկացած նվագախմբով` Deutsche Akademische Philharmonie-ով համերգ ունեցանք Երևանի կոնսերվատորիայում, հենց Թոմաս Միքլբերգերի ղեկավարությամբ, որն էլ ինձ առաջարկեց հանդես գալ որպես մենակատար: Ես էլ մաեստրոյին ասացի, թե իմ փոխարեն, ցանկալի է 6 ուսանողներս նվագեն: Նա համաձայնեց, արդյունքում հնչեց Դավիթ Պոպպերի «Ռեքվիեմը»` փոխադրված 3 սոլո թավջութակի և նվագախմբի համար: Մի բան էլ. Ղարաբաղ մեկնելն էլ իմ պայմանն էր: Այսքանը:
-Մեր տեղեկություններով, համերգներով հանդես եք գալիս նաև ձեր տիկնոջ հետ:
-Այո, 2020թ. նոր անսամբլ եմ հիմնել` Mezzocello, որտեղ ընդգրկված են 4 թավջութակահար, 1 չեմբալոահար և կինս` երգչուհի, մեցցո սոպրանո Կատարինա Մայը: Անսամբլով մեկնում ենք հյուրախաղերի, իրականացնում ձայնագրություններ: Ի դեպ, մինչ Երևան ժամանելը, համերգներով Շվեյցարիայում էինք:
-Վստահ ենք, որ համերգային ծրագրերում ընդգրկում եք նաև մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները:
-Միանշանակ: Հնչեցնում ենք Խաչատրյան, Բաբաջանյան, Ադամ Խուդոյան, Մանսուրյան, Բարսեղ Կանաչյան…, պարտադիր, առանց բացառության բոլոր համերգներին` Կոմիտաս: Մեզ հետ որպես մենակատարներ քանիցս հանդես են եկել գերմանաբնակ հայտնի մեր երաժիշտներից թավջութակահար Միքայել Հախնազարյանը, ջութակահար Դավիթ Մովսիսյանը… Հանդես եմ գալիս սոլո ելույթներով նույնպես:
-Հիմա անդրադառնանք Երևան, ձեր այցի նպատակին:
-Զրույցի սկզբում նշեցիք ԿԳՄՍ նախարարության և «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ընկերակցության կողմից ապրիլի 25-ին, նոր ձևաչափով մեկնարկած մշակութային կրթության աջակցության ծրագրի մասին, որը ներառում է վարպետաց դասեր, դասալսումներ և դպրոցների մասնագիտական գնահատում Հայաստանի բոլոր մարզերում: Ծրագրի շրջանակում մեկնարկել է «Հայրենիքն, արվեստն ու ես» խորագրով հանրապետական մրցույթը ևս, նպատակ ունենալով բացահայտել շնորհալի երեխաներին:
Այն անցկացվում է 3 փուլով, առաջինն արդեն ավարտվում է: Երկրորդ փուլին մասնակցելու են առաջինում բարձր գնահատականներով առանձնացված երեխաները: Այս փուլը կներառի խորացված լսումներ մասնագիտական հանձնաժողովի կողմից: Իսկ երրորդը` նախատեսված է լավագույնների մասնակցությամբ եզրափակիչ ներկայացման և ամփոփման ձևաչափով: Նախագծի մասին` համառոտ այսքանը:
Կուզեի մի բան բարձրաձայնել, որ այս նախագծի գաղափարը դաշնակահար Մարինե Մարգարյանինն է (վերջինս «Հայ փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի կինն է Ս.Դ.), որի հրավերով Երևանում եմ, ընդ որում Մարինեի հետ համադասարանցիներ ենք:
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Լուսանկարներում՝ կադրեր Mezzocello-ի արտասահմանյան ելույթներից: