Լրահոս
Օրվա լրահոսը

Փնտրվում են հաջողակ գործարարներ․ Ի՞նչ է խոստանում նրանց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը

Հունիս 06,2025 20:02

Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որի ծրագրային դրույթներից մեկը սեփական կապերն օգտագործելն ու Գյումրու զարգացման գործում գործարարներին ներգրավելն էր, այժմ համագործակցության համար իր ղեկավարած քաղաք է հրավիրում գործարար խավին՝ բավական գրավիչ առաջարկներ ներկայացնելով ու օգնության ձեռք մեկնելով։

Վարդան Ղուկասյանն ավագանու նիստերից մեկի ժամանակ էլ նշել էր, որ քաղաքի զարգացման հարցում հույսը չեն դնելու միայն կառավարության վրա, կօգտագործվեն նաև իր գործարար կապերը։

«Կտեսնեք, թե իմ կապերով ինչքան ներդրումներ են բերվելու Գյումրի քաղաք», -հայտարարել էր Վարդան Ղուկասյանը մայիսի 2-ին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ, որին առաջին անգամ եկել ու մասնակցել էին ՔՊ-ականները։

«Չենք սպառվել, ավյունը կա, եռանդը կա, հայրենիքը սիրում ենք, քաղաքը՝ շատ»,- դիմելով ավագանու անդամներին՝ ասել էր Վարդան Ղուկասյանը։ Նա նաև նշել էր, որ եկել է, ուրեմն գիտի՝ ինչ է անելու, անելու շատ բան կա, կտեսնեն, որ կանի։

Տեսանյութում նրա խոսքը՝ 49․06 րոպեից մինչև 50․29

Այսօր Գյումրու համայնքապետարանի էջում հայտնվել է ուշագրավ մի հայտարարություն։

«Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրավիրում է բոլոր հաջողակ գործարարներին և բիզնեսմեններին՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից, համագործակցելու քաղաքի հետ՝ նպաստելու Գյումրիի զարգացմանը, տնտեսության վերելքին և համայնքի բարօրությանը։

«Անխոչընդոտ համագործակցություն» ասելով՝ համայնքապետարանը պարտավորվում է գործել ամենայն աջակցությամբ՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն, հնարավորության սահմաններում՝ հողահատկացումներ, շենքերի և տարածքների օգտագործման հարցերում աջակցություն, ինչպես նաև այլ կազմակերպչական աջակցություն։

Քայլենք միասին դեպի նորարար ու զարգացող Գյումրի»,-գրված է հայտարարության մեջ։

Նշենք, որ Գյումրին դարձել է զբոսաշրջային գրավիչ քաղաքներից մեկը, ու քաղաքային նախորդ իշխանության տարիներին քիչ չէին այստեղ հյուրատներ, հյուրանոցներ ու ռեստորաններ կառուցող գործարարները։ Իհարկե, նույնը չի կարելի ասել որևէ արտադրամաս հիմնելու պատրաստ ներդրողների մասին։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30