Լրահոս
Օրվա լրահոսը

«Քամիները միշտ կան, բայց չմոռանանք, որ Հայոց փրկության տապան եկեղեցու պատերը չեն վախեցել և չեն վախենալու ոչ մի տեսակի քամիներից ու փոթորիկներից»

Հունիս 06,2025 22:07

Վերջին օրերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և նրա սպասավորները կրկին ատելության խոսքի ու զրպարտությունների թիրախում են։ Շղարշելով ծանրագույն կորուստները, հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած բազմաթիվ դժվարին ու օրհասական խնդիրները՝ իշխանության բարձր պաշտոններ զբաղեցրած անձիք նախընտրում են առաջնային օրակարգ մղել բարոյական սահմաններ չճանաչող և հերյուրանքներ պարունակող խուսույթ՝ ընդդեմ հազարամյա կառույցի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։

Ականատես ու ականջալուր ենք լինում զազրախոսությունների, որոնք ոչ միայն հարիր չեն պետական բարձր պաշտոններ զբաղեցնողներին, այլև վարկաբեկում են ոչ թե խոսույթի շահառուներին, այլ հենց խոսույթն առաջ բերողներին ու, առհասարակ, ամբողջ պետությանը։

Հայ եկեղեցու, հայ հոգևորականի ու Ամենայն Հայոց Հայրապետի աստվածաշնորհ առաքելության մեջ է մտնում հոգալ և պաշտպան կանգնել սեփական հոտին ու հայրենի եզերքին, իր ներուժն ուղղել ամբողջ աշխարհում հայրենիքի շահերի պաշտպանությանը, ինչի շրջանակում էլ նաև վերջերս Վեհափառ Հայրապետն իր պատվաբեր մասնակցությունն էր ունեցել Շվեյցարիայում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու կողմից կազմակերպված «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովին։

Մի՞թե սա է շարժել իշխանավորների ու նրանց խամաճիկների զայրույթն ու ստիպել սեփական իշխանության առջև դրված խնդիրներն անտեսել ու կեղծ օրակարգեր առաջ բերելով վարկաբեկել դարեր շարունակ հայրենիքի ամրությանն ու պաշտպանվածությանը, արդարության վերահաստատման ու հաղթանակի, եկող սերնդի կենաց ապահովագրմանն ու խաղաղ մանկության կազմակերպման մեծագույն երաշխավոր հոգևոր իշխանության՝ Հայաստանյայց Առաքելական Մայր Եկեղեցուն և այդ եկեղեցու նվիրյալ ծառայողներին։

Ավետարանում Տեր Հիսուս ասում է․ «Եվ ձեր համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները» /Ղուկաս 21,19/։ Եկեղեցին սրանցից ավելի վատ ու ավելի ոխերիմ հակառակորդներ է ունեցել, ուր են այդ հակառակորդները և ուր է այսօր եկեղեցին։ Այո, Մայր Եկեղեցին համբերությամբ ընթանալու է, քանզի գիտի ու վստահ է այն աստվածապարգև առաքելությանն ու պատգամին, որ ունի Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդողիմեոս առաքյալներով, Սուրբ Գրիգոր Լուսավորչով և Սուրբ հայրերով ու նահատակներով։

Քամիները միշտ կան, բայց չմոռանանք, որ Հայոց փրկության տապան եկեղեցու պատերը չեն վախեցել և չեն վախենալու ոչ մի տեսակի քամիներից ու փոթորիկներից, քանզի այդ եկեղեցու նավավարը անփոփոխ է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որն անսասան է իր առաքելության մեջ, շարունակում է աղոթել իր զավակների ու հայրենիքի բարօրության և խաղաղության համար։

Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ. ԻԳ 34):

 

Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևորականներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30