Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսագրությունները կան: Հետ կտաք եւ կնայեք, որ ամենեւին էլ այդպես չի». Լրագրողը` Վերաքննիչ դատարանի դատավորին

Հունիս 06,2025 22:40

Վերաքննիչ դատարանում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով այսօրվա դատական նիստը ոչ միայն սկսվեց մոտ կես ժամ ուշացումով, այլ դատավորներ Մխիթար Պապոյանի, Ռոբերտ Պապոյանի, Լուսինե Աբգարյանի եւ լրատվամիջոցների միջեւ մթնոլորտի շիկացման պայմաններում:

Մինչ նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը դատավարության կողմերին ձայն կտար, Aravot.am-ի լրագրողը դատարանին դիմեց առաջին 10 րոպեներին նիստերի դահլիճում տեղաշարժվելու թույլտվության խնդրանքով, որպեսզի որակյալ լուսանկար ստանա լուսաբանման համար: Սակայն նախագահող դատավորը անակնկալ կերպով արձագանքեց բավականին կոշտ ու ագրեսիվ տոնով:

«Ի՞նչը տեղաշարժվեք: Հլա մի հատ բոլորը ստեղից հավաքեք արագ, հետ տարեք»: Նա նկատի ուներ ամբիոնին դրված միկրոֆոնները եւ ձայնագրիչները: «Էս ամբիոնը, մամուլի ասուլիս չենք տալիս, որ բերել-դիմացներս շարել եք: Տարեք, հետեւից նկարեք: Այս արգելապատնեշից առաջ ձեր տիրույթը չի, դատավարության մասնակիցների տիրույթն ա: Հետեւի կողմից ձեր գործողությունները կատարեք առանց դատական նիստը խանգարելու»,- ասաց դատավորը:

Սակայն միջադեպը այսքանով չավարտվեց: Ավելի ուշ եկան «Ազատություն» ռադիոկայանի լրագրողն ու օպերատորը: Տեսնելով, որ միկրոֆոնները դրված են վերջին նստարաններին եւ տեղեկանալով, թե ինչի համար, մեր գործընկերուհին ամենայն հավանականությամբ SMS-ով տեղեկացրել էր տեղի ունեցածի մասին դատական դեպարտամենտին: Լուրը շատ արագ հասել էր նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին, որն այդ պատճառով նիստն ընդհատեց ու նորից լրագրողներին «մեղադրեց» դատական նիստը խանգարելու մեջ:

«Ազատության» լրագրողը փորձեց  բացատրել, որ լրագրողները հենց այնպես չեն գալիս, գալիս են  դատական նիստեր լուսաբանելու եւ ցանկանում են որակյալ պատկեր եւ որակյալ ձայն ստանալ: Դատավորը հակադարձեց, թե դատական նիստը չի կայանում նրա համար, որ որեւէ լրատվամիջոց կարողանա լիարժեքորեն լուսաբանել: Ու նորից անդրադարձավ արգելապատնեշին՝ լրագրողին թույլ չտալով ասելիքն ավարտել:

Եվ քանի որ դատարան-լրատվամիջոց «հակասությունը» սկիզբ էր առել դատավորի եւ Aravot.am-ի լրագրողի միջեւ, տողերիս հեղինակը հրապարակավ միացավ «Ազատության» իր գործընկերոջ դժգոհությանը՝ հայտարարելով, որ դատավորը խեղաթյուրում է դատական նիստի սկզբում իր ասածը: «Ես ընդամենը խնդրել եմ մի կարճ ժամանակ՝ դահլիճում տեղաշարժվելու հնարավորության համար, որպեսզի դատավարությունից լուսաբանման համար նորմալ կադր ստանամ: Արգելապատնեշի, արգելապատնեշից այդ կողմ անցնելու, ձեր կողքը, թիկունքի հետեւը կանգնելու մասին խոսք չի եղել: Դուք ասում եք նաեւ, որ ամբիոնին դրված միկրոֆոնները նկատել եք իմ խնդրանքի ժամանակ գլուխը բարձրացնելուց հետո միայն եւ այդ ժամանակ եք  դրանք հավաքել հանձնարարել: Տեսագրությունները կան: Հետ կտաք եւ կնայեք, որ ամենեւին էլ այդպես չի…»,-ասաց տողերիս հեղինակը:

Ի վերջո, դատավորը սանկցիա կիրառեց «Ազատության» եւ Aravot.am-ի լրագրողների նկատմամբ՝ մեկ ժամով զրկելով նիստին ներկա լինելու իրավունքից: Aravot.am-ը դրանից հետո գերադասեց չվերադառնալ նիստերի դահլիճ:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30