Մթություն, բաց լարեր, ճաքված եւ խայտաբղետ ներկված պատեր, կիսավեր առաստաղ, խարխուլ հատակ, խոնավություն, անդուրեկան բույր։ Ոչ, սա ամերիկյան սարսափ ֆիլմի տեսարաններից մեկի նկարագրություն չէ։ Սա նկարագրություն է այն վիճակի, որում գտնվում են Երեւանի մի շարք ստորգետնյա հետիոտնային անցումներ։
«Ընդհանուր ծրագիր կա գետնանցումների հետ կապված։ Ճիշտ է, մենք վերանորոգում, հանձնում ենք շահագործման, բայց մարդիկ գիշերները մտնում, դիտավորյալ վնասում են լուսավորությունը, ներկում են պատերը, ինչ այլանդակություն ասես, անում են»,-«Առավոտի» հետ զրույցում թեմային այսպես անդրադարձավ Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի տեղակալ Գարեգին Գրիգորյանը։
Մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը, Հաղթանակի զբոսայգին եւ դրան հարող տարածքը մարդաշատ էր։ Զբոսայգու մուտքին կից ստորգետնյա անցումում արձանագրեցի մթություն, ջրափոսեր եւ զանազան գրառումներ պատերին՝ սիրո խոստովանություններից մինչեւ ինքնագովազդներ եւ քաղաքական քարոզչություն։
Կարդացեք նաև
Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովի կանգառին կից ստորգետնյա անցումն առանձնանում էր իր գրաֆիտիով։ Ի տարբերություն Հաղթանակի զբոսայգու անցմանը, այստեղ «պատային արվեստի գործերը» քիչ ասելիք ունեին։ Առկա էին աերոզոլային փչովի ներկերով կատարված խզբզոցներ, թղթային հեռացված գովազդների մնացորդներ, դժվարըմբռնելի գրառումներ եւ այլն։
Կենտրոնական ավտոկայանին հարակից գետնանցումն աչքի ընկավ իր աղտոտվածությամբ։ Այս անցումն օգտագործվում է որպես առեւտրի կետ՝ սնունդ, հագուստ ձեռք բերելու համար, ինչը կարող է բացատրել անցման կողային հատվածներում եւ մուտքերի մոտ պլաստմասսե բաժակների, ծխուկների, սննդի փաթեթավորումների առկայությունը։
Իմ ուսումնասիրած ստորգետնյա անցումներից ամենաանբարվոք վիճակում թերեւս Պարոնյան փողոցը, Գրիգոր Լուսավորիչ փողոցը եւ Մեսրոպ Մաշտոց պողոտան միմյանց կապող՝ Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գետնանցումն է։ Այստեղ գարշահոտն առավելագույն ուժգնությամբ է բուրում, անցման խորքային հատվածներում մութ է, հատակը մաշված է, տանիքը կիսաքանդ է, չեմ բացառի փլուզման վտանգը։ Ինչ վերաբերում է պատերին, նկատեցինք ոչ միայն անպարկեշտ բառապաշար, այլեւ թմրանյութ, մասնավորապես՝ մարիխուանա առաջարկող տելեգրամյան ալիքի գովազդ։
«Մենք առաջին հրատապության ընդհանուր աշխատանքների համար մրցույթ էինք հայտարարել։ Առաջին մրցույթը չկայացավ, հիմա երկրորդ անգամ ենք հայտարարել։ Հուսով ենք՝ այս անգամ կկայանա։ Այս աշխատանքների մեջ են մտնում մաքրումը, պատերի մաքրումը եւ ներկումը, ջրահեռացումը, պոկված քարերի վերանորոգումը եւ հրատապություն ունեցող այլ թերությունների վերացումը»,-տեղեկացնում է քաղաքապետարանի պաշտոնյան, հավելում՝ որպեսզի «նորմալ հիմնանորոգում» լինի, պետք է նախ նախագիծ պատվիրեն, հետո էլ շինարարության մրցույթ հայտարարեն։
Ըստ Գարեգին Գրիգորյանի՝ գետնանցումների անբարեկարգ վիճակին նպաստում են նաեւ քաղաքացիներն իրենց դիտավորություններով։
Նրա խոսքով՝ «Կինո Հայրենիքի գետնանցումում առաստաղը ցածր է։ Տեսախցիկները ֆիքսում են, թե ինչպես են դիտավորյալ կտրում լուսատուները։ Ճիշտ է, Գրիգոր Լուսավորչի (Պարոնյան, Մաշտոց) անցումը շատ բարվոք վիճակում չէ, բայց լուսավորությունն ամեն օր, դիտավորյալ գնում, վնասում են»,-փաստում է զրուցակիցս եւ պնդում՝ «տեսախցիկներ տեղադրված են։ Անգամ տեսախցիկի տակ են արել»։
Գրիգորյանը եզրահանգում է՝ «Կուլտուրան դեռ չի զարգացել, որ գետնանցումները զուգարան չլինեն»։
Սակայն քաղաքացիների արարքները միայն մասամբ կարող են բացատրել անբարվոքությունը, քանի որ, եթե գարշահոտը, գրաֆիտին, աղբը կարելի է վերագրել անբարեխիղճ քաղաքացիներին, ակնհայտ չէ, թե քաղաքացիներն ինչպե՞ս են նպաստել կիսախարխուլ տանիքներին, հատակներին եւ ջրափոսերին։
Չնայած Լուսավորիչ-Պարոնյան-Մաշտոց անցումը բարեկարգելու նախկինում հնչած մտադրություններին, այդ հատվածից օգտվելը շարունակում է, մեղմ ասած, տհաճություն պատճառել անցորդներին։
«Ես խնդրում եմ մամուլին, որ օգնի Սուրբ Սարգիս եկեղեցուն կպած այս անցումում գոնե երկու պետքարան տեղադրել, որպեսզի մարդիկ իրենց կարիքները չհոգան անցումում։ Այդպես հաճելի կլինի անցորդներին։ Մարդիկ եկեղեցի են գալիս եւ հիասթափվում այս տեսարանից»,-կարծիք հայտնեց անցումից օգտվող մի տարեց կին, որն ինքը ցանկացավ մեկնաբանություն տալ։
Մի տարեց տղամարդ էլ խոսեց եկամտի բաց թողնված հնարավորությունների մասին։ «Չեմ ասում՝ խանութներ բացեն, բայց լավ կլիներ, որ գրքեր վաճառեին։ Տարածք է, պետք է օգտագործել։ Դա եկամուտ կբերի»,-նշեց նա։
Իսկ զրույցներն ավարտելուց հետո, երբ դուրս էի գալիս ստորգետնյա անցումից, ինձ հանդիման անցում էին պատրաստվում մտնել մի տղա եւ աղջիկ։ Ականջիս հասավ, թե ինչպես աղջիկը տղային բառացիորեն ասաց հետեւյալը. «Վա՜յ, էս անցումը ոնց չեմ սիրում, ինչ վատ հոտ ա գալիս»։
Դրական նորությունների շարքից է այն, որ Շինարարության եւ բարեկարգման վարչության պետի տեղակալը տեղեկացրեց՝ Բագրատունյաց պողոտայի գետնանցումը ամբողջությամբ կհիմնանորոգվի, կմաքրվի, կապահովվի լուսավորություն։ Այդ նպատակով արդեն երկրորդ մրցույթն է հայտարարվել։
Գարեգին Գրիգորյանը խոսեց ստորգետնյա անցումների բարվոքությունը պահպանելուն միտված հնարավոր լուծումների մասին։ Բարեկարգվող անցումներում տեսախցիկներ կտեղադրվեն։ Ըստ Գրիգորյանի՝ տեսախցիկները անցորդներին ավելի զգոն կդարձնեն։
Որպես ինստիտուցիոնալ լուծում՝ քաղաքային իշխանության ներկայացուցիչը խոսում է մասնավորի հետ համագործակցության մասին՝ գետնանցումները վարձակալության հանձնելու տեսքով։
«Իմ անձնական կարծիքով՝ ամենահարմար տարբերակը՝ ստորգետնյա անցումները վարձակալությամբ տալ գործունեություն ծավալողներին։ Նրանք կսպասարկեն, կշահագործեն»։
Ստորգետնյա անցումներն անցորդների համար հաճելի եւ հարմարավետ վիճակում պահպահնելն առաջնահերթ իշխանության պարտականությունն է։ Ժամանակի ընթացքում անցման հատակը, պատերը, առաստաղը եւ այլ մասեր բնական մաշվածության են ենթարկվում եւ վտանգավոր դառնում անցորդների համար։
Քաղաքային իշխանության պարտականության հետ մեկտեղ, մենք՝ քաղաքացիներս, պետք է հարգենք մեր համաքաղաքացիներին՝ ստորգետնյա անցումներին վերաբերվելով զուտ որպես գետնանցում եւ ոչ բնական կարիքներ հոգալու, «չարաճճիություններ» կատարելու եւ ինքնահաստատվելու վայր։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.06.2025