Թե այս պահի դրությամբ ուր է հասել ռուս-ուկրաինական հակամարտությունը, բոլորին Է հայտնի եւ համարյա ամբողջ աշխարհն այն կարծիքին է, որ նրանց միջեւ դեռ անորոշ՝ երկար ժամանակով, խաղաղություն կնքել չի հաջողվի: Կարծում եմ, այդ մասով՝ այն, ինչ նախընտրական շրջանում հայտարարեց ԱՄՆ նախագահի թեկնածու Դ. Թրամփը, այն է՝ ընտրվելուց հետո ինքը 24 ժամում կկանգնեցնի այդ պատերազմը եւ խաղաղություն կպարտադրի կողմերին, իրականություն չդարձավ, ավելին, կամ դա ընդամենը Թրամփի ցանկությունն էր, կամ ընդամենը նախընտրական հնարք, որը բավականին ձայներ կբերեր նրան: 24 ժամը երկարեց եւ դարձավ 100 օր, սակայն այդ ժամանակը եւս իրողություն չդարձրեց պատերազմի ավարտը եւ խաղաղության հաստատումը ու նա ստիպված եղավ հայտարարել, որ ինքը դուրս է գալիս այս խաղից, քանի որ չի կարողանում հարցը լուծել եւ ստիպված իրեն ազատում է այդ պարտականությունից, կողմերին թողնելով, որ դեմ առ դեմ՝ իրար հետ փորձեն լուծել այդ՝ համարյա անլուծելի թնջուկը:
Լուրջ վերլուծության պարագայում, կույր աչքի համար անգամ տեսանելի է, որ ԱՄՆ քաղաքականությունից եւ շահերից ելնելով, Թրամփը լիարժեք չցանկացավ այդ հարցը լուծել, քանի որ նախ այդ ժամանակ Զելենսկու հետ ստորագրեց եւ ԱՄՆ-ին անցավ Ուկրաինայի թանկարժեք մետաղների մի հսկա տարածք ու քանի որ Թրամփի գլխավոր նպատակներից ամենահիմնականը Ռուսաստանին՝ էլ ավելի թուլացնելն է, որն էլ հնարավոր է միմիայն պատերազմի շարունակման դեպքում, էլ չեմ ասում, որ ինքն այդ ընթացքում կարող է նաեւ զենք ու զինամթերք վաճառել Ուկրաինային, եւ շարունակել ոչ բացահայտ, հետախուզական տվյալների տրամադրումը նրան, որոնք եւս Ռուսաստանի թուլացման արգասիքներ են: Այլ խոսքով, Թրամփը զուտ իր խաղն է խաղում եւ ներքին կարգով Եվրամիության հետ պայմանավորվում, որպեսզի կանգնեն Ուկրաինայի կողքին ու համատեղ փորձեն շարունակել պատերազմը, գնալով՝ որքան հնարավոր է, էլ ավելի թուլացնել Ռուսաստանին: Մյուս կողմից, հայտնի է, թե ինչ իրավիճակում են ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առկա հարաբերությունները ու որքան թուլանա Չինաստանը, որի համար իհարկե այս պահին ռեալ հիմքեր չկան, այդքան ավելի լավ է ԱՄՆ-ի համար, քանզի Չինաստանն առ այս պահը իրեն պահում է կտրուկ, ճշգրիտ, ու որքան թույլ լինի նրա ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, որն իրողություն կդառնա միմիայն պատերազմի շարունակման դեպքում, այնքան ձեռնտու է հենց ԱՄՆ-ին, որը եւս մեկ անգամ հաստատում է Թրամփի նման պահելաձեւի իրողությունը, որի պարագայում նա ամեն ինչ անում է զուտ Ռուսաստանի շարունակական թուլացման համար… Շատ զարմանալի է, որ Ռուսաստանը խորը չհաշվարկեց այս ամենը եւ հավատաց Թրամփի անկեղծությանը՝ պատերազմի կանգնեցման եւ խաղաղության հաստատման հարցում … Իհարկե, այս հարցում բավականին այլ շահեր եւս ուներ Թրամփը, հանուն որոնց այս հարցի եզրափակումն ավարտեց այսպես:
Ուղղակի, Ռուսաստանը պետք է հստակ հասկանա, որ հատկապես այս հակամարտության պարագայում, երբեք չպետք է հույս դնել Թրամփի անկեղծության վրա, քանզի ԱՄՆ-ն միշտ կանգնելու է Ուկրաինայի կողքին, քանի որ նրանց շահերը հատման շատ կետեր ունեն, իսկ Ռուսաստանի դեպքում, նրանց շահերը լրիվ հակադիր են եւ հատման կետ անգամ չունեն …
Այժմ փորձենք տեսնել, թե այս ամենում՝ ԵՄ-ի հետ միասին, ինչ դերակատարում ունեցավ անձամբ Զելենսկին: Գաղտնիք չէ, որ Բայդենի պաշտոնավարման ժամանակահատվածում մոտ 350 մլրդ դոլարի կանխիկ գումարի եւ տարաբնույթ զենքերի մուտքեր են արվել Ուկրաինա եւ Թրամփի նախագահ դառնալու հենց առաջին օրերից, նա խիստ պահանջ դրեց այդ գումարներն ԱՄՆ-ին վերադարձնելու համար, որին շատ վատ արձագանքեց Զելենսկին, պարզորոշ հայտարարելով, որ ԱՄՆ-ի նախկին ղեկավարության կողմից դրանք Ուկրաինային տրվել են անհատույց, այնպես որ, վերադարձի մասին երբեւէ խոսք չի գնացել եւ Ուկրաինան դրանք կոպեկ առ կոպեկ՝ հիմնավորված կերպով ծախսել է պատերազմի հաջողության ու տնտեսության վերականգնման համար, հետեւապես, նա մշտապես պնդել եւ շարունակելու է պնդել, որ այդ գումարների ետ վերադարձի մասին խոսք լինել չի կարող: Զելենսկին ամեն ինչ արել եւ անում է, որպեսզի այդ գումարներից մեկ լումա անգամ չվերադարձնի ու իր հետագա բոլոր քայլերը կառուցում է ելնելով հենց դրանից, որպեսզի Թրամփը կոպեկ անգամ չվերցնի նրանից, պատճառաբանելով, որ նախ դրանք ամբողջովին ծախսվել են, երկրորդ էլ, ինչպես արդեն ասվեց, նման պայմանավորվածություն բնավ չի եղել: Զելենսկին հստակ գիտակցում է, որ եթե որեւէ հնարքով հնարավոր լինի կանգնեցնել այդ պատերազմը եւ խաղաղություն կնքել, ապա դրան անմիջապես կհաջորդի ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրված գումարների ծախսերի հիմնավորվածության եւ այդ գումարների վերադարձի հարցը, որը Զելենսկու համար ուղիղ գծով մահ է: Հետեւաբար, նա ոչնչի առջեւ չպետք է կանգ առնի, որպեսզի պատերազմը շարունակվի, այն էլ որքան երկար, այդքան լավ: Եվ քանի որ այդ օրերին ԱՄՆ-ը խաղաղություն հաստատելու իր դերն էր խաղում, ապա Զելենսկուն մնում էր Եվրամիության երկրների հետ համատեղ հայտարարել, որ Ուկրաինան պատերազմը ոչ մի պարագայում չի դադարեցնի ու իրենք մինչեւ վերջ կլինեն նրա կողքին եւ ամեն կերպ կփորձեն ետ բերել Ոկրաինայից խլված բոլոր տարածքները ու կփորձեն համատեղ հաղթել Ռուսաստանին … Էլ չեմ ասում, որ այդ պարագայում ԵՄ երկրները եւս մեծ պլաններ են կառուցում Ուկրաինային տրամադրվելիք գումարներից մեծ ատկատներ կորզել, քանզի այդ պարագայում այդ գումարների վրա որեւէ վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ: Այնպես որ, եւ Եվրամիության, եւ Ուկրաինայի համար միանշանակ է, որ նրանք պետք է միարժեքորեն դեմ լինեն պատերազմն ավարտելուն եւ ավելի թափով պնդեն պատերազմի շարունակման մասին…
Կարդացեք նաև
Շեշտենք, որ աշխարհի բազում օջախներում այսօր իրավիճակը չափազանց լարված է, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողության ընթացքին, ապա կարելի է ասել, որ հատկապես Թրամփի կողմից ձեռնարկված քայլերից հետո պարզ դարձավ, որ դրանք լուրջ արդյունքներ չարձանագրեցին, քանի որ, ինչպես վերեւում հստակ ասվեց, դա բացարձակ ձեռնտու չէր եւ Զելենսկուն, եւ Եվրամիությանը ու նա իրեն վերագրելով բացարձակ որոշողի կարգավիճակ, թքելով անգամ այն հանգամանքի վրա, որ Ուկրաինան այդ գործողության արդյունքում արդեն միլիոնի կարգի զոհեր է տվել, բազում ուղղություններով քայքայել է իր տնտեսությունը, մոտ 7-8 միլիոն մարդ լքել է Ուկրաինան, պատերազմի շարունակման համար այլեւս մարդկային ռեսուրսներ չունի, փորձում է բռնի ուժով բանակ զորակոչել 18-25 տարեկան անփորձ երիտասարդներին ու կանանց եւ այսքանից հետո անգամ, նա ամեն ինչ անում է պատերազմը երկարաձգելու համար…
Իհարկե, սրա համար կան մի շարք պատճառներ եւս, սակայն ամենահիմնական պատճառը ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից տրամադրված, Զելենսկու կողմից թալանված միլիարդավոր դոլարների վերադարձնելու իրական վտանգների իրողությունն է, որը հանգամանքների բերումով կարող է նաեւ իրականություն դառնալ, եթե ինչ-որ հնարքով դադարեցվի այդ պատերազմը: Ահա հենց սա է Զելենսկու կողմից ամեն կերպ պատերազմի շարունակման հիմնական մոտիվացիան, որի պատճառով էլ, նա ինչ ուզում, փորձում է անել:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական
ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
06.06.2025