«Արցախի ցավալի կորստից հետո Սյունիքը Հայաստանի Հանրապետության լինելիության վերջին բաստիոնն է։ Սյունիքի անկումը մեր պատմության վերջին էջն է լինելու, որը թերթելու ենք մենք բոլորս»,- «Առավոտի» զրուցակիցն է «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Խաչիկ Գալստյանը:
– Իշխանական զույգի՝ եկեղեցականների դեմ սկսված արշավով, ենթադրաբար նոր ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական փուլ ենք մտնում։ Ի՞նչ են անում իրենք՝ հասկանալի է։ Ի՞նչ պետք է անեն այդ ամենի հետ անհաշտ քաղաքական, հասարակական շրջանակները, Եկեղեցին՝ իբրեւ միասնական կառույց։ Կամ՝ հավանաբար ճիշտ է հարցին այսպես մոտենալ՝ ի՞նչ ենք ակնկալում մենք՝ հասարակությունը, այդ կառույցներից։
– Եկեղեցու դեմ արշավն «իշխանական զույգը» նոր չի սկսել։ Դեռ 2018թ.-ին ու դրանից հետո մի քանի անգամ փորձեր արվել են ՀԱԵ-ի դիրքերը թուլացնելու, «Նոր Հայաստան- Նոր Հայրապետ» շարժումը հովանավորելու, Վեհափառի դեմ կեղտոտ քարոզարշավ ծավալելու, եկեղեցին վարկաբեկելու ուղղությամբ։ Ինչո՞ւ հենց հիմա ակտիվացավ «դիվահար զույգը»։ Պատճառները կարող են լինել ե՛ւ արտաքին, կամ աշխարհաքաղաքական, ինչպես դուք նշեցիք, ե՛ւ ներքաղաքական իրողություններով պայմանավորված։ Արտաքին պատվիրատուների ականջները պարզ երեւում են՝ ի դեմս Ադրբեջանի։ Եկեղեցու դեմ լայնածավալ հարձակումից առաջ անոնսը տվել էին Ադրբեջանի նախագահն ու իրենց հոգեւոր առաջնորդ Ալլահշյուքուր Փաշազադեն, որոնք Հայ առաքելական սուրբ եկեղեցին հռչակեցին խաղաղության ճանապարհի «նոր խոչընդոտ», «հայկական ռեւանշիզմի ստնտու», որը պետք է արմատախիլ արվի։ Այդ հեռավար հանձնարարությունից հետո «պատահաբար» իշխանական զույգն անցավ ակտիվ հարձակման։ Կարծում եք պատահականությո՞ւն է։ Իհարկե, ոչ։ Եկեղեցին՝ Հայաստանի Հանրապետության տոտալ զավթման այս գործողության մեջ, որը սկսվել է 2018-ին, միակ կառույցն է, որը գտնվում է օկուպանտների իշխանությունից դուրս։ Հետեւաբար, պետք է հարձակվել, քարուքանդ անել հազարամյակների պատմություն ունեցող հայոց ինքնության կարեւոր հենասյունը, մեր ավանդույթների, մեր պատմական հիշողությունը կրող միակ ինստիտուցիոնալ կառույցը, ինչով էլ զբաղված է ձեր մատնանշած իշխանական զույգը։ Բացի այդ, եկեղեցին, Վեհափառը շարունակում են աշխարհի տարբեր ծայրերում հայապահպանման եւ հայկական շահի սպասարկման օրակարգերի առաջմղումը, հատկապես Արցախյան հիմնահարցի, արցախահայերի, Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների բարձրաձայնումն ու պաշտպանությունը, ինչն ակնհայտ նյարդայնացնում է իշխանական զույգին։ Սա եւս, կարծում եմ, ոչ պակաս կարեւոր գործոն էր, որը կարող էր նման ագրեսիվ հարձակման առիթ հանդիսանալ։ Եվ երրորդ, այս իշխանությունը կառուցված է մշտապես եւ ամենուր թշնամիների փնտրտուքով։ Իրենց իշխանության այս 7 տարիների ընթացքում «հեղափոխության» թշնամի են հռչակվել նախկինները, մի կարճ պահ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, թուրք-ադրբեջանական տանդեմը, հետո էլի նորից վերադարձան հին «պլաստինկային»՝ հիշեցին նախկիններին։ Հիմա էլ սահմանել են նոր նշաձող՝ եկեղեցուն են հռչակել թշնամի ու հարձակվում են Սրբազանների, հոգեւոր դասի ներկայացուցիչների վրա։
Հիմա գամ այն հարցին, թե ի՞նչ պետք է անեն այս ամենի հետ անհաշտ ուժերը։
Կարդացեք նաև
Քանի որ մեր իրավիճակը ստանդարտից դուրս է եւ չի տեղավորվում դասական քաղաքականության շրջանակներում, հետեւաբար, լուծումներն էլ պետք է լինեն ոչ ստանդարտ։ Իսկ որպես ոչ ստանդարտ լուծում ես կարող եմ մտաբերել հին Հայաստանում բազմիցս կիրառված մի պրակտիկայի մասին, որը կոչվում էր Աշխարհաժողով։ Աշխարհաժողովը հրավիրվում էր երկրի համար ամենաօրհասական պահերին, երբ երկրի աշխարհիկ կամ հոգեւոր իշխանությունները դավաճանում էին ազգային շահերին։ Եկեղեցու հովանու ներքո հավաքվում էր երկրի ավագանին, հոգեւոր դասի, հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները, որի ընթացքում էլ կայացվում էին ազգի համար բախտորոշ որոշումներ։ Կարծում եմ, հազարամյակների խորքից մեզ պատգամած Աշխարհաժողովի մերօրյա դրսեւորումը կարող է լինել այս ճգնաժամից դուրս գալու ոչ ստանդարտ լուծումներից մեկը։
– Իմպիչմե՞տ, 2026-ի ընտրություննե՞ր, թե՞…… սրանք ելքեր չե՞ն։
– Ես արդեն ոչ ստանդարտ լուծումներից մեկը նշեցի, հաջորդը կարող է լինել փողոցային նոր պայքարը, իմպիչմենտը, կամ հերթական ընտրությունները. դրանք արդեն կոնկրետ քաղաքական իրավիճակից են կախված։ Իհարկե, ամենեւին դեմ չեմ իմպիչմենտին, եթե այն նախաձեռնելու առաջնային մանդատ ունեցող ընդդիմադիր երկու խմբակցությունները հանդես գան վարչապետի միասնական թեկնածուով, ու այդ մինիմալ կոնսենսուսի հիման վրա ձեւավորվի հանրային լայն համախմբում եւ համաձայնություն։ Իսկ 2026 թվականի ընտրություններին պետք է լուրջ պատրաստվել, շատ լուրջ պատրաստվել, ինչով էլ զբաղված ենք մենք, որպես «Հայրենիք» կուսակցություն, որպես արմատական ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժ, որի ղեկավար Արթուր Վանեցյանն արդեն հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններում մասնակցելու ենք ինքնուրույն, առանց որեւէ դաշինքային պարտավորությունների։
– Սյունիքի շուրջ լարվածությունը մեծանում է, այդ մասին հստակ խոսում են աշխարհաքաղաքական երկու կարեւոր կենտրոններից՝ ԱՄՆ-ից եւ ՌԴ-ից. այդ համատեքստում հայ-ադրբեջանական պատերազմը չի բացառվում։ Ի՞նչ հավանական զարգացումներ եք կանխատեսում, ի՞նչ է սպասվում, ըստ Ձեզ՝ մեզ՝ հայերիս եւ Հայաստանի Հանրապետությանը։
– Ցավոք, այդ հարցում հուսադրող տեղեկատվություն չենք ստանում։ Ի դեպ, շատ հավանական եմ համարում, որ իշխանական զույգը մեր եկեղեցու շուրջ արհեստածին այս աղմուկը միտումնավոր է բարձրացնում՝ Սյունիքի շուրջ զարգացումներից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով։ Արցախի ցավալի կորստից հետո Սյունիքը Հայաստանի Հանրապետության լինելիության վերջին բաստիոնն է։ Սյունիքի անկումը մեր պատմության վերջին էջն է լինելու, որը թերթելու ենք մենք բոլորս։
Հնարավո՞ր է, արդյոք, այսպիսի բարոյահոգեբանական մթնոլորտում ու այսպիսի իշխանությունների գոյության պայմաններում արժանի դիմադրություն կազմակերպել։ Համոզված եմ, որ ոչ։ Հնարավո՞ր է, արդյոք, այլ պայմաններում, իշխանափոխության պարագայում բարձրացնել ազգի դիմադրողականությունն ու վերականգնել մեր կորսված պատիվն ու արժանապատվությունը։ Միանշանակ ասում եմ՝ այո։ Շատ ու շատ հորդաներ են բախվել Սյունյաց լեռներին ու փոշի դարձել, շատ նենգ ու դավադիր ղեկավարներ են անգերեզման անհետացել։ Պատմությունը կրկնվելու սովորություն ունի, այնպես որ, այս բախտախնդիրներին նույնպես Մելիք Ֆրանգյուլների ու այլ դավաճանների ճակատագիրն է սպասվում. անգերեզման, անարգված, դավաճանի խարանը ճակատներին դաջված, եկեղեցու կողմից նզովքի ու հայ ժողովրդի հավաքական անեծքին արժանացած։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
06.06.2025