Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձել եմ բերանը խալաթով փակեմ». վկան, որը հայտարարեց, թե սպանությունը կատարողն է, մեղադրյալի մորաքրոջ որդին է

Հունիս 07,2025 12:00

Մեղադրյալ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է իր նախկին կնոջը՝ 35-ամյա Տաթեւիկ Աբրահամյանին խեղդամահ անելու մեջ:

Ըստ մեղադրանքի կողմի՝ Տաթեւիկ Աբրահամյանի սպանությունը տեղի է ունեցել 2022թ. մայիսի 5-ին՝ Երեւանում։ Բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա Տ. Աբրահամյանի դին՝ պարանոցի եւ դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն է, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթեւիկի ամուսինը՝ Մարգավետ համայնքի ղեկավարի որդին՝ Նարեկ Սարգսյանը։ Նարեկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի, կնոջը խեղդամահ է արել երեք տարեկան երեխայի աչքի առաջ։ Քրեական գործը գտնվում է Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանի վարույթում։

Երեք տարի ընթացող դատական գործընթացները մտան «նոր փուլ»:

Նախ, այս տարվա ապրիլի 8-ին Երեւան քաղաքի քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում դատական նիստի ժամանակ դահլիճում գտնվողներից մեկը՝ Արսեն Մինասի Մինասյանը, ոտքի կանգնեց եւ հայտարարեց, որ սպանությունը կատարել է ինքը: Այդ ասելուց հետո անսպասելի հեռացավ, երբ դահլիճում սկսվեց իրարանցում:

Այս երեք տարիների ընթացքում մենք մեր լուսաբանման ժամանակ տեսել ենք Արսեն Մինասյանին, նա նիստերի դահլիճում լսել է փորձագետների հարցաքննությունները, պաշտպանական կողմի հարցերը, միջնորդությունները, չփարատված կասկածները, որը առարկայական դարձավ նաեւ այն ժամանակ, երբ պաշտպանները դատարան բերեցին մանեկեն, որի վրա ցույց էին տալիս Նարեկ Սարգսյանի կողմից սպանություն կատարելու անհնարինությունը:

Ասել կուզի, որ այս վկան, որն իր վրա է վերցրել սպանության կատարումը, արդեն իսկ դատավարական որոշ գաղտնիքների էր տիրապետում… բայց ես չէ, որ պիտի գնահատեմ նրա կողմից ասվածի արժանահավատությունը:

Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը իր հարցաքննության ժամանակ այսպիսի հարց տվեց վկային. «Պարբերաբար մոտեցել եք, դատական գործընթացներից հետո հարցրել՝ ինչ ա լինելու, նպատակը որն էր»:

Վկան պատասխանեց. «Ուզում էի հասկանայի, որ Նարեկն անմեղ է, ինքը կապ չունի, ուզում էի իմանայի, ոնց կլինի, լավ կլինի՞… մի քանի անգամ ուզել եմ դատի ժամանակ խոսել, չեմ կարողացել, անընդհատ փորձել եմ ասել ճշմարտությունը, չեմ կարողացել… Տրամադրվել եմ այդ օրը ասել: Չեմ կարող հանգիստ քնել, հաց ուտել, միշտ մտածել եմ, Նարեկը եթե արդարացվի, մի ժամ հետո կիմանան, մեկ օր հետո կիմանան, վախն իմ մեջ ապրել եմ երեք տարի… Մտածելով, որ Նարեկը կապ չունի, ես էլ ասեմ, պրծնեմ, էլի: Ես հանգիստ չեմ եղել, ինձ թվացել է՝ միշտ մեկը հետեւում է, այդ վախը, անհանգստությունը, խիղճը, ես գիտեմ, որ չուզենալով է, կատարվածը էլ ներսը պահել հնարավոր չէր»:

Պաշտպանական կողմի հերթական հարցին, թե փողի դիմաց կարո՞ղ է համաձայնվել է, որեւէ մեկը համոզե՞լ է, որ ասի, վկան ասաց՝ որեւէ մեկը իրեն չի համոզել՝ նման ցուցմունք տալու համար. «Եթե ես կապ չունենամ, չեմ տա:

Ես մի քանի անգամ փորձել եմ, չեմ կարողացել, նկատողություն եմ ստացել դատարանի կողմից, չգիտեմ, չի ստացվել»:

Վկան հունիսի 5-ին պաշտպանական կողմի միջնորդությամբ ներկայացավ դատարան, ցուցմունք տվեց, պատասխանեց պաշտպանական կողմի հարցերին:

Ուշադրության արժանի է այն, որ երբ մեղադրող կողմը պետք է հարցեր տար, հարցաքններ այս գերկարեւոր գործով, նրանք խնդրեցին հետաձգել նիստը, քանի որ մեկ այլ դատական նիստի պետք է մասնակցեին…

Հիմա անցնենք բուն դատական գործընթացին:

Նախ, հիշեցնենք, որ ամիսներ շարունակ Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը շեշտում էր, որ տուժողի բնակարանից մեծ գողություն է կատարվել եւ նախաքննական մարմինը մատը մատին չի խփել, որպեսզի այդ վարկածի հետեից գնա: «Նախաքննական մարմնի հրապարակած տեսանյութում երեւում էր, որ մահացածի բնակարանն ամբողջովին տակնուվրա էր արված… Էլ կասկած չի առաջանում գողության, հեռախոսն էլ չկա, ոչ մեկի մեջ կասկած չի առաջացել, թիրախավորված տանում են դեպի Նարեկ Սարգսյան, էդպես հեշտ էլ է քննիչի համար, արագ բացահայտվում է»,-ասել էր փաստաբանը մեր լրատվամիջոցին (2022, 07. 20): Նախաքննության մարմնի կողմից այդ վարկածն ընդհանրապես չէր դիտարկվել, իսկ տուժող կողմը հայտնել էր՝ տնից կորել է 700 հազարի թանկարժեք իրեր:

«Դեպքի վայրում խալաթ չի հայտնաբերվել». պաշտպան Աննա Ծառուկյան

Դատարան ներկայացած վկան՝ Արսեն Մինասյանը, մինչ հարցուպատասխանի միջոցով ցուցմունք տալը հանդես եկավ հայտարարությամբ. «Ցուցմունք տալով՝ ես՝ Արսեն Մինասյանս, ասելու եմ ողջ ճշմարտությունը, չեմ ասելու ոչինչ, բացի ճշմարտությունից»:

Հարցուպատասխանից պարզ դարձավ հետեւյալը, որ նա մեղադրյալ Նարեկ Սարգսյանի մորաքրոջ որդին է: Զբաղվել է առեւտրով:

Նա հրավիրվել էր պաշտպանական կողմի միջնորդությամբ հարցաքննության:

Ա. Մինասյանն ասաց, որ ապրիլի 8-ին հայտարարություն է արել, ասել է ճշմարտությունը. «Ես եմ կատարել սպանությունը, չուզենալով է եղել, չեմ ցանկացել նման բան լինի»:

Սպանության շարժառիթի մասին նախաքննական մարմինը ամուսինների հարաբերություններն էր նշել: Մինչդեռ, ըստ հնարավոր մարդասպանի.

«Փողային խնդիրներ եմ ունեցել: Իմանալով, որ տանը մարդ չկա, վերցնելով բանալին Նարեկի «Մերսեդեսից» մի քանի օր առաջ, գնացել եմ նրանց տուն»:

Նա ճանաչել է Տաթեւին, Նարեկի հետ մի երկու անգամ գնացել-եկել է նրանց տուն: Տուժողի հետ նորմալ հարաբերությունների մեջ է գտնվել:

Իսկ թե ինչպես է նա տեղյակ եղել, որ բնակարանում այդ օրը մարդ չկա, Նարեկի հետ հեռախոսով խոսելիս է իմացել, երբ Նարեկն ասել է, թե՝ «Տնեցիքին վերցնելու եմ գնամ գյուղ»: Դեպքի օրը վկան պատահական տաքսի մեքենայով է գնացել: Գիշերը ժամը տասներկուսի մոտ էր. «Իմ հիշելով՝ այդ ժամերին էր»:

Իսկ հարցին, ոնց է մուտք գործել շենք, երրորդ հարկի բնակարան, նա պատասխանեց, որ «Ստայանկայով, լիֆտով բարձրացա իրենց»:

Տաքսին կանգնեցրել էր շենքի կողքին:

Նա նկարագրեց մինչ բնակարանը մտնելու պահը. միջանցքի լույսը վառվում էր: Ապա բացել է բնակարանի դուռը, մտել ներս, անակնկալի է եկել, երբ պարզվել է՝ տանը մարդ կա. Տաթեւիկն էր:

Հարցին, թե երեխա կա՞ր, նա պատասխանեց, որ տեսել է միայն Տաթեւիկին, չի տեսել երեխայի:

Տաթեւիկը խալաթով էր, թե ինչ գույնի՝ չի հիշում, միայն նշեց՝ մուգ գույնի էր. «Կոնկրետ գույնը չեմ հիշում»:

Տաթեւիկը հարցնում է՝ ոնց մտար. «Ինձ վախեցնելու համար ասաց, Նարեկին ասելու եմ, բղավում էր, Նարեկին ասելու եմ, ասացի բան չկա, նոռմալ է, այդ րոպեին ապտակել եմ: Սկզբից հարց տվեց ու սկսեց բղավել:

Ապտակ եղավ, ասի մի գոռա, անընդհատ ասում էր՝ Նարեկին ասելու եմ, ձեռս գցեցի, որ բերանը փակեմ, դեմքը վնասվեց: Տեսա այդ խալաթի վրա պարանի նման բան կար…ինքը իմ ձախ կողմում է եղել…Տուժողը փորձում էր դուրս վազել, օգնություն կանչել…այդ խալաթով ոնց որ ընկավ, փորձել եմ պարանով ձենը կտրեմ, խալաթը վրից ընկավ…ապա Տաթեւն անգիտակից ընկնում է:

Փորձում էր բղավել, ես հարվածել եմ, ինքը փորձել է այդ պահին դուրս գա, փորձել եմ բերանը փակեմ, ստացվեց խալաթով բերանը փակել, խալաթի վրա պարանի նման բան կա, չգիտեմ, ոնց հայտնվավ ձեռքումս, չուզենալով եղավ»:

Ապա ոսկյա զարդերն ու «բումաժկեն» է վեցրել:

Չհիշեց, իր հետեւից դուռը փակել է, թե ոչ, այդ րոպեի լարվածությունն ու վախն էր հավանաբար պատճառը, սթրեսային պահը չի թողել հիշել երեք տարի:

Դրամապանակի մեջ բանկի քարտեր կային, չի մտածել գումար հանի դրանով, իսկ այն հետը վերցրել է, քանի որ կպել էր, տարել է, որ «մաքրի»: Գումարը եղել է հարյուր հազար, իսկ ոսկյա զարդերը չորս-հինգ կտոր էր, որից վաճառքի համար Ռոսիայի մոտ ոսկու շուկա է տարել ականջօղն ու մատանին կանացի, սակայն պարզվել է, որ ուղղակի բիժու են…զարդերից դեռ պահել է, իրենց բակում, չի իմանում, ինչի ձեռքը չի կպնում դրանցից ազատվել, կորցնել:

Զարդերն ու դրամապանակը վերցրել է ձախ կողմի «տմբուչկայի» մեջից: Դարակը մի քիչ բաց էր, մի քիչ էլ ինքն է բացել, որպեսզի կարողանա վերցնել:

Գործով այլ իրեր էլ էին բացակայել՝ ակնոց, պայուսակ, վկան ասաց՝ առնչություն չունի դրանց հետ:

Վկան երբեմն սառնասրտորեն էր նկարագրում տուժողի գիտակցությունը կորցնելու պահը, ով փորձել է ձայն հանել, չի կարողացել, բան ասել չի կարողացել:

Դրվագներից մեկով նա նշեց, որ Նարեկ Սարգսյանին է զանգել, հիշեց անգամ հեռախոսի համարը. «Գիտեի, որ պիտի գնար գյուղ, տնեցիքին բերեր, ուզում էի հասկանայի, բերեց, թե ոչ»: Խոսքը չորս րոպե մի քանի վայրկյան ավել զրույցի մասին է, որի բովանդակությունը չհիշեց:

Մի զանգել էլ ժամը 20.26-ին է եղել: Նարեկը հեռախոսը չի վերցրել, իսկ վկան էլ չհիշեց զանգի նպատակը…

Նա դիմեց դատարանին՝ պաշտպան տրամադրելու համար:

Դատարանը հարցրեց, թե ինչ նպատակով է ուզում պաշտպան, քանի որ նա դատավարական կարգավիճակ չունի, այսինքն, մեղադրյալ չի: Որոշ ճշտումներից հետո վկան ուղղեց իրեն, ասաց, փաստաբան է ուզում. «Ես ինչը կա իրականության հետ կապված՝ արտահայտությունն արել եմ: Այս պահին ի վիճակի էլ չեմ հարցերին պատասխանեմ: Մտածում եմ, որ փաստաբան լինի, միգուցե նա պատասխանի»:

Մեղադրանքի կողմն առարկեց:

Դատավորը նշեց, որ վկային ծանուցելիս տեղեկացրել էին փաստաբանի ներկայության, հրավիրելու անհրաժեշտության մասին, չներկայանալու դեպքում, նիստը հետաձգելու հիմքեր չկան, եւ այդ հիմքով էլ դատարանը մերժեց փաստաբանի տրամադրումը:

Հիշեցնենք, որ պաշտպանի մի շարք ահազանգերը, միջնորդությունները անտեսվեցին: Նախաքննության ժամանակ շենքի տեսախցիկների ֆիքսած անձանց նույնականացման փորձաքննություն չի եղել, քննիչը չի առգրավել առաջին հարկի տեսախցիկները:

Դիակի դատաբժշկական փորձաքննության ժամը մեղադրական եզրակացության մեջ փաստված ժամից տարբեր էր, հետեւաբար, ըստ պաշտպանի, վիճարկման է ենթակա Նարեկի գործողությունները տվյալ դեպքին: «Մենք ի սկզբանե տանում ենք այն վարկածը, որ կա բժշկական սխալ: Պատշաճ պայմաններում տուժողը կարող էր փրկվեր, կա դեպքի վայրի զննություն, 4.30 դրությամբ դիակը եղել է տաք, մինչդեռ վկան պնդել է՝ ժամը 1-ն անց 30-ին արդեն դիակը սառն էր: Շտապօգնության հարցաքննված աշխատողն ասել է՝ երբ մտա ներս, զգացի վտանգավոր վիճակ, դիակը կապտած էր, մինչդեռ դիակը բաց վարդագույն է եղել, նա ասել է, որ կատե է արել. արձանագրությունը թողել դիակի կողքը… սակայն որեւէ կերպ չկա նման փաստաթուղթ, քանի որ ոչ իրեղեն ապացույցների եւ ոչ էլ դեպքի վայրի զննությամբ չի հայտնաբերվել նման փաստաթուղթ, մինչդեռ բժշկական անփութության հարցը բաց է մնում, դրա հաստատման կամ հերքման հարցը հիմնավորվում է միայն հանձնաժողովային փորձաքննությամբ, որը փաստացի չի կատարվել: Այսինքն, նյութերում առկա հակասականությունները փաստում են կատարված նախաքննության փնթիությունը եւ դրա բացարձակ թերությունը: Ես դատարանում էլ եմ ասել, այն արձանագրված է, որ հենց շտապօգնության բժշկի ցուցմունքից կարելի է եզրակացնել, որ հնարավոր է բժշկական անփութության արդյունք է (չխախտելով որեւէ մեկի անմեղության կանխավարկածը), որը պետք է դեռ պարզվի համապատասխան փորձաքննությամբ»,-«Առավոտին» ասել էր Ա. Ծառուկյանը:

Այս ողջ ցուցմունքի ընթացքում Նարեկը լուռ էր:

Հաջորդ դատական նիստը, որի ժամանակ հարցեր կտան հանրային մեղադրողները, նշանակվեց հունիսի 16-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ». Նիստերի համար ընտրվել էր ապակեպատ դահլիճը, որտեղ անհնար էր լսել կողմերին, նկարահանումների որակն էլ վատագույնն էր:

«Առավոտ» օրաթերթ
07.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30