Քաղաքական դաշտում անձնական բնույթի հարձակումները միշտ էլ անպատվաբեր են։ Երբ դրանք ուղղված են հոգևոր առաջնորդի դեմ՝ իրավիճակն էլ ավելի սրացուցիչ է։ Իսկ ի՞նչ ասել այն ժամանակ, երբ այդ հարձակումները պատիվ չունեն նույնիսկ բարոյական նվազագույն մակարդակին համապատասխանելու։ Եվ ի՞նչ մտածել, երբ դրանք գալիս են երկրի բարձրագույն քաղաքական պատասխանատուից։
Հունիսի 2-ին Նիկոլ Փաշինյանի կողմից «Ֆեյսբուք»-ում հրապարակված գրառումը՝ բոլոր հայերի կաթողիկոսին մեղադրելով կուսակրոնության ուխտը խախտելու և երեխա ունենալու մեջ, զազրելիության բոլոր սահմանները հատել է։ Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը այսքան մեծ հարգանքի և զսպվածության պակաս դրսևորել։ Այսքան հաճույք ստանալ նման պահվածքից։ Միթե՞ չի գիտակցում, որ այդպես նա առաջին հերթին իրեն է վարկաբեկում՝ ավելի, քան այն հոգևորականին, որին փորձում է խարազանել։
Եվ նույնիսկ եթե այդ մեղադրանքներում մի որոշ ճշմարտություն լինի, որի պատասխանը նախևառաջ պատկանում է հենց շահագրգիռ անձին և Սուրբ Էջմիածնին, արդյոք վարչապետի՞ գործն է նման պնդումներով հանդես գալ։ Եվ սա՝ անկախ այն բանից, որ այդ պնդումներն իրենց բնույթով մոտենում են դեղին մամուլին։
Իսկ ինչ ասել այն կեղծավորության մասին, երբ նա փորձում է արդարացնել իր վիրավորական ելույթը՝ ներկայացնելով իրեն որպես «Առաքելական եկեղեցու հավատարիմ զավակ»։ Սա նույնիսկ անհանգստություն է առաջացնում այն մարդկանց շրջանում, ովքեր 2020 թվականի պարտությունից հետո դեռ պատրաստ էին վստահելու վարչապետին։
Կարդացեք նաև
Նրա վերջին ելույթները խորհրդարանում՝ ընդդիմության հասցեին հնչեցրած կոշտ սպառնալիքներով, արդեն իսկ վատ նախանշաններ էին տալիս։ Բայց դժվար էր պատկերացնել, որ վարչապետը կարող է գնալ նման սադրանքի՝ և այն էլ «Ֆեյսբուքում», այդ ժողովրդական դիվանատիպ հարթակում։ Արդյոք չունի՞ այլ առաջնահերթություններ։ Արձակուրդի մեկնե՞լ է պետական կառավարման գործառույթներից՝ վերածվելով վիրավորական և զրպարտիչ օգտատիրոջ՝ սոցցանցերում խեղդված իր գանգատների մեջ։
Գիտակցո՞ւմ է արդյոք, որ հարվածելով մեր ազգի ամենասրբազան հաստատության՝ Հայ առաքելական եկեղեցու, առաջնորդին, վիրավորում է հայ ժողովրդի մի զգալի հատվածի, որն արդեն իսկ բևեռացված է։ Նա, ով պատրաստ է ամեն տեսակի զիջման՝ «թուրքերից» խաղաղություն ստանալու համար, ուզո՞ւմ է այդ խաղաղությունը պարտադրել նաև հայերի միջև։
Ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից մեկն անբաժանելի է՝ եկեղեցու և պետության բաժանումը։ Եվ ևս մեկ՝ ոչ պակաս կարևոր սկզբունք՝ իշխանության ճյուղերի տարանջատումը՝ գործադիր, օրենսդիր և դատական։ Կարո՞ղ ենք պատկերացնել, որ եվրոպական որևէ պետության ղեկավար հրապարակայնորեն վիրավորի Պապի կամ արքեպիսկոպոսի անձնական կյանքը՝ ինչպես մի անգրագետ երգիծաբան։
Մեր վարչապետը, ով անընդհատ պնդում է, թե ձգտում է Հայաստանն ինտեգրել Եվրոպային, կարծես թե շատ հեռու է եվրոպական բարքերին ու ոգուն մոտենալուց։
Հայաստանն այսօր արտաքին սպառնալիքների առաջ կանգնած է։ Մի՞թե կարիք ուներ այս նոր ներքին ճգնաժամի։ 2020 թվականից ի վեր վարչապետը հերթով թիրախավորել է ազգի բոլոր հիմնասյուները՝ Եկեղեցին, Արցախը, սփյուռքը, պատմությունը, ցեղասպանությունը, Սահմանադրությունը…
Ինչ է նշանակում այս պարզունակ ապակառուցողական քաղաքականությունը, որ այնքան ցանկալի կլիներ, եթե ուղղված լիներ այն ուժերի դեմ, ովքեր 1915 թվականի ցեղասպանությունից մեկ դար անց շարունակում են հարցականի տակ դնել Հայաստանի գոյությունը։ Այս սադրանքներն ո՞ւմ են ծառայում, եթե ոչ հայ ժողովրդի և մարդու իրավունքների թշնամիներին։ Ինչի՞ն է նպաստում այս կեղծ «վոքիստական» հռետորաբանությունը, որը նույնիսկ լավ չհասկացվեց տեղում։
«Եթե մարդը հույսը դնում է հեղափոխության վրա՝ մոռանալու իր ողբերգությունը, ապա նա սխալ է ընկալում իրականությունը», — գրել է Անդրե Մալրոն։
Մի խոսքով, բոլորովին անհիմն չէ վախենալը, որ մեր նոր «Մեծ Նավավարի» կողմնացույցի խափանումը, Հայաստանի արդեն իսկ ողբերգական իրավիճակին ավելացնի ևս մեկ աղետ՝ կորցնելով ուղղությունը։
Արա Թորանյան
Լուսանկարում՝ 09.07.2021 թ. Նիկոլ Փաշինյանն ընդունում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանին