Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր էլ, ինչպես 80 տարի առաջ, մենք բախվում ենք ագրեսիայի և էթնիկ անհանդուրժողականության դրսևորումներին՝ այս անգամ Ադրբեջանի կողմից. Սեյրան Օհանյան

Հունիս 07,2025 12:25

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հունիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական 39-րդ նիստը։

Ներկայացնում եմ ելույթս ամբողջությամբ։

Հարգելի Վալենտինա Իվանովնա,
Հարգելի գործընկերներ,

Թույլ տվեք ողջունել Ձեզ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անունից՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի շրջանակում, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին:

80 տարի առաջ Սովետական Միության ժողովուրդները ուս ուսի տված ջախջախեցին 20-րդ դարի ամենաանմարդկային գաղափարախոսությունը՝ նացիզմը։ Այդ հաղթանակը միայն ռազմական չէր, այլև բարոյական՝ արդարության, ճշմարտության և մարդկային արժանապատվության հաղթանակ։ Այն հնարավոր դարձավ մեր միլիոնավոր նախնիների անձնվիրության շնորհիվ, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին ապագա սերունդների ազատության համար։

Հաղթանակի 80-ամյակը ոչ միայն հարգանքի տուրք է և հիշողություն, այլև՝ պատասխանատվություն։ Այսօրվա սերունդները պարտավոր են պաշտպանել այդ հիշողությունը աղավաղումներից ու կեղծիքներից։ Ցավոք, Հայրենական պատերազմի պատմական ճշմարտությունը աղավաղվում է նաև Հայաստանում՝ պաշտոնատար անձանց կողմից՝ հասարակական հեռուստատեսության եթերում։ Մենք խստորեն դատապարտում ենք այդ ամոթալի գործողությունները և վստահ ենք՝ դրանք դատապարտված են ձախողման։

Գործընկերներ,

Մայիսի 9-ը պարզապես պատմական օր չէ։ Դա բարոյական կտակ է, որը շարունակում է ոգեշնչել մեզ։ Հայ ժողովրդի համար մայիսի 9-ը դարձել է եռակի Հաղթանակի օր՝ նացիզմի դեմ հաղթանակ, Շուշիի՝ պատմական հայկական քաղաքի ազատագրում և Արցախի Պաշտպանական բանակի ստեղծում՝ իր ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար։

Այսօր էլ, ինչպես 80 տարի առաջ, մենք բախվում ենք ագրեսիայի և էթնիկ անհանդուրժողականության դրսևորումներին՝ այս անգամ Ադրբեջանի կողմից։ Արցախի հայերը վտարեցին իրենց պատմական հողից։ Դա հարկադրական տեղահանում էր՝ բռնության և ցեղասպանության սպառնալիքի ներքո։ Հայերը ապրել են Արցախում ավելի քան երեք հազար տարի՝ այդ հողը մեր պատմությունն է, մեր արմատները, մեր սրբավայրերը։

Մենք հավատացած ենք, որ երկարատև խաղաղությունը կարող է հիմնված լինել միայն արդար կարգավորման վրա, ոչ թե ցեղասպանության փաստացի արդյունքների։ Ագրեսորի նկատմամբ զիջողական քաղաքականությունը միայն խթանում է նրա ագահությունը։ Ցավոք, հենց դա է անում այսօր Հայաստանի իշխանությունը։ Արդար խաղաղությանը և տարածաշրջանային կայունությանը չեն նպաստում նաև Բաքվում հայ գերիների և Արցախի օրինական ղեկավարության դեմ շարունակվող խայտառակ դատավարությունները։ Բոլորին էլ հասկանալի է, որ նրանց ներկայացված մեղադրանքները կեղծ են, իսկ տեղի ունեցողը՝ քաղաքական հաշվեհարդար։

21-րդ դարում մենք ականատես ենք դառնում Արցախի մշակութային ցեղասպանությանը՝ ոչնչացվում են հայկական եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, ինչպես նաև Հայրենական պատերազմին նվիրված հուշարձաններ։ Այս ամենը արվում է մեկ նպատակով՝ ջնջելու հայկական ներկայության հետքերը Արցախում և վերստեղծելու այդ ժողովրդի քրիստոնեական պատմությունը։

Ահա թե ինչու այս նիստում հատկապես կարևոր է շեշտել, որ որպես Հաղթանակի ժառանգներ՝ մենք պարտավոր ենք ոչ միայն պահպանել դրա հիշատակն ու արժեքները, այլև վճռականորեն հանդես գալ նոր բռնությունների և պատմության կեղծման դեմ։ Լռությունն ու անգործությունը անթույլատրելի են. նման պահվածքն է, որ ժամանակին սնուցեց նացիզմը։

Վերջում ցանկանում եմ ընդգծել, որ մեր պատմական կապը, դաշնակցային հարաբերությունները և ժողովուրդների եղբայրությունը այն արժեքներն են, որոնք չպետք է դառնան ժամանակավոր քաղաքական շահարկումների գերի։

Վստահ եմ՝ ոչ մի արտաքին հանգամանք չի կարող խարխլել հայ և ռուս ժողովուրդների բարեկամության հիմքը։ Մենք միասին ենք հաղթել՝ և պետք է միասին դիմակայենք նոր մարտահրավերներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30