Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը «խփել» է գլխներին, խոսքի ազատության դեմ են ուզում պայքարել` մինչև վերջ խայտառակվել»․ Արմինե Օհանյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանին

Հունիս 07,2025 15:37

«Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ, որ ապացուցվի, որ ընտանեկան եւ հոգեւոր կյանքը ինձ համար արժեք ու սկզբունք են եւ ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց։ Այս առիթով նաեւ պնդում եմ, որ Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Մի՞թե չի գիտակցում, որ այդպես նա առաջին հերթին իրեն է վարկաբեկում՝ ավելի, քան այն հոգևորականին, որին փորձում է խարազանել. Թող Գարեգին Բ–ն էլ ինձ դատի տա հայտարարված արժեքներին եւ Կաթողիկոսի կարգավիճակին իր համապատասխանելիությունը ապացուցելու համար։

Հ․Գ․ Հայ առաքելական եկեղեցին մեր սրբությունն է, մեր ինքնությունը։ Չպիտի այլեւս հանդուրժենք այդ սրբությունը պղծողներին»,- երեկ նման ֆեյսբուքյան գրառում էր արել Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանին՝ «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը պարզաբանել էր, որ պատճառը «Հրապարակ» օրաթերթի՝ հունիսի 6-ի համարում հրապարակված հոդվածն է։ Հոդվածը հետեւյալ վերտառությամբ է՝ «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը»։

Թեմայի շուրջ Aravot.am-ը զրուցել է «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի հետ։

– Շա՞տ եք սրտնեղել, որ Նիկոլ Փաշինյանը դատի է տալու «Հրապարակ»-ին։

– Հա, «քամին ցրտից մեռավ»: Դուք պատկերացնո՞ւմ եք, ես «Հրապարակի» գոյության 16 տարիներին ինչքան հայցեր եմ ունեցել` Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, Սեյրան Օհանյանի կինը, տարբեր օլիգարխներ… ինչքան են մեզ դատի տվել: Այդ հայցերի առնվազն 80-90 տոկոսն ավարտվել է մեր հաղթանակով: Եթե հրապարակախոսական հարցադրումներն` իրեն ուղղված, իր ոճի մեջ, դատական հայցի առարկա լինեին, հիմա դատարաններում պետք է հազարավոր հայցեր քննվեին Նիկոլ Փաշինյանի ու իր կնոջ դեմ: Իշխանությունը «խփել» է գլխներին, մոռացել են իրենց լրագրողական անցյալը, խոսքի ազատության դեմ են ուզում պայքարել` մինչև վերջ խայտառակվել: Ոնց են ռուսներն ասու՞մ` «ֆլագ վ ռուկի»:

– Պատրա՞ստ եք իր հետ դատվելուն։

– Ես ժամանակին պիոներ եմ եղել` պիոներական պատասխան տամ` միշտ պատրաստ:

– Ո՞րն է այդ քայլի իրական` թաքնված նպատակը։ Ինչո՞ ւ է Փաշինյանն այդ քայլին պատրաստվում դիմել եւ ինչո՞ւ այժմ։

– Ինչո՞ւ թաքնված, շատ էլ բացահայտ են իրենց նպատակները` ծեփել բոլոր խոսող բերանները, արգելել բոլոր մարդկանց քննադատել իրենց, վախի ու քծնանքի մթնոլորտ ստեղծել, որ ոչ ոք չասի` հերիք է, ձեզ չենք բերել իշխանության, որ երկիրը կործանեք, գարշելի մթնոլորտ ստեղծեք, մարդկանց ստիպեք հանդուրժեն ձեր հակապետական վարքը: Եվ սա նոր բան չէ` 7 տարի նույնն են անում, ուղղակի մարդկանց մի մասը դա շուտ է նկատել, մյուսների աչքերը հիմա են բացվում:

– Սպասե՞լ  առաջիկայում մամուլի նկատմամբ էլ լայնածավալ արշավ` իշխող զույգից, նկատի ունենալով նաեւ Աննա Հակոբյանի վերջին  գրառումները` մամուլի եւ լրագրողների հրապարակումների ուսումնասիրությունների հիման վրա։

– Չգիտեմ լայնածավալ արշավ ասելով ի՞նչ եք հասկանում: Մանավանդ սա արշավ չէ կոնկրետ մի ուղղությամբ, սա արշավ է դիմադրության բոլոր օջախների ուղղությամբ, որ ողջ ազգի իմունիտետը ոչնչացնեն, դարձնեն տուգանքի մատերիալ, թշնամու կոշիկի տակացու, իրենց ծափ տվող, ամեն պարտություն ու կորուստ մոռացող, հայրենիքը կուշտ ուտելու հետ շփոթող մանկուրտների հասարակություն: Որ ով էլ համաձայն չէ դրա հետ` ոչ թե պայքարի, այլ թողնի հեռանա:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    նիկոլը համարձակություն չի ունենա դատի տա “Հրապարակ”-ին, քանի որ դատարանում ավելի շատ կխայտառակվի։ Նա լավ գիտի, որ ի տարբերություն իրեն, իսկական լրագրողները “դուխով” գլխարկ չեն դնում, բայց բառիս իսկական իմաստով դուխով են։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30