Մայիսի 26-28-ը Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Շվեյցարիայում էր եւ մասնակցում էր իր առաջարկով Բեռնում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ու Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու կազմակերպած միջազգային համաժողովին, որը կրում էր՝ «Կրոնական ազատություն. հայկական հոգեւոր-մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում (Լեռնային Ղարաբաղ)» խորագիրը: Վեհափառ Հայրապետը խոսել է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության, էթնիկ զտումների եւ Արցախի բռնազավթման մասին, քննադատաբար արծարծել հայկական հուշարձանների, քրիստոնեական սրբավայրերի, բնակատեղիների ոչնչացման եւ Բաքվում պահվող հայ գերիների շուտափույթ տունդարձի խնդիրները:
Իրականում Վեհափառը Բեռնում արել էր այն, ինչն ի պաշտոնե պարտավոր է, բայց չի անում Կառավարությունը՝ զգուշանալով Ալիեւի բարեհաճությունը կորցնելու եւ մոտեցող ընտրություններին ընդառաջ առանց խաղաղության «բարաթի» մնալու մտավախությունից: Ամենայն Հայոց Հայրապետը խառնել է Փաշինյանի հաշվարկները, տրորել Ալիեւի «ոտքը», ուստիեւ չներվեց: Հիմա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Կաթողիկոսի պաշտոնական գործունեությունը կասեցնելու միջոցներ է մտմտում, որի իրավասությունը չունի: Մայիսի 31-ին եւ հունիսի 2-ին նա «ՖԲ»-ի իր էջում մի շարք հայտարարություններ է արել Հայ Եկեղեցու հասցեին, որոնք թե՛ վիրավորական են եւ թե՛ ուղղակի միջամտություն Եկեղեցու ներքին գործերին։
Փաշինյանը՝ թեկուզ Սահմանադրական կարգի տապալման գնով, պատրաստ է վերացնել իր իշխանության սպառնացող ցանկացած խոչընդոտ: Նա յուրացրել է իշխանության բոլոր առանցքային ճյուղերն ու հաստատությունները՝ ԱԺ-ն, ՍԴ-ն, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Բանակը, Նախագահականը, Դատաիրավական համակարգը եւ այլն: Հերթում Եկեղեցին է՝ վերջին ամրոցը, որն արդեն 7 տարի միայնակ դիմակայում է իշխանական ճակատից հնչող ճամարտակություններին: Բոլորիս պարտքն է՝ զինվորագրվել Սրբազան պայքարին, կանգնել Վեհափառ Հայրապետի կողքին: Վերջին ամրոցը, վերջին խրամատը պետք է պաշտպանենք ազգովի, պաշտպանենք կրծքով: Այլապես սերունդները մեզ չեն ների:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում