ԵՊՀ շրջանավարտ, ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախկին գիտական խորհրդի անդամ Ալբերտ Ավետիսյանը հարցում էր ուղարկել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի անունով` մայր բուհում «Տավուշ» հայրենակցական միության համաժողովն անցկացնելու վերաբերյալ: ԵՊՀ-ից պատասխանել էին, որ միջոցառումն անցկացվել է ոչ աշխատանքային օր, դրա ժամանակ քննարկվել են մշակութային հարցեր, եւ համագումարի անցկացումը չի հակասել ԵՊՀ ներքին կանոնակարգին, կանոնադրությանը կամ ռեկտորի հրամաններին: ԵՊՀ պատասխանում նաեւ նշվում էր, որ ԵՊՀ գիտխորհրդի դահլիճն անվճար է տրամադրվել:
Հիշեցնենք, որ «Տավուշ» հայրենակցական միության նախագահ էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Հայաստանի պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:
Aravot.am-ը Ալբերտ Ավետիսյանից հետաքրքրվեց՝ իրեն բավարարե՞լ է ԵՊՀ պատասխանը: «Քանի որ ես՝ որպես ֆակուլտետային գիտխորհրդի անդամ, ֆեյսբուքում եւ ԶԼՄ-ներում տեսա հրապարակումներ, որ նման միջոցառում է տեղի ունեցել համալսարանում, նաեւ տեղյակ լինելով ԵՊՀ ներքին կանոնակարգին, թե ինչպես նման բաները կազմակերպվում, փորձեցի հասկանալ, թե առհասարակ այդ աղմուկն ինչից է առաջացել, եւ «Տավուշ» հայրենակցական միությունն ինչ կապ ունի ԵՊՀ-ի հետ: Հասկացա, որ ոչ մի կապ չունի, ուղղակի իրենք դիմել են ԵՊՀ-ին ՝ գիտական խորհրդի նիստերի դահլիճն ամրագրելու ու միջոցառում կազմակերպելու համար:
Հարցում ուղարկեցի համալսարան՝ պարզելու, թե ում կողմից է տրվել թույլտվությունը, ում են դիմել, ինչ գումարներ են ծախսվել եւ այլն: Պարզվեց, որ միջոցառումը կազմակերպվել է ոչ աշխատանքային օր, մայր բուհն իր բարձրագույն գիտական խորհրդի նիստերի դահլիճը տրամադրել է անվճար «Տավուշ» հայրենակցական միության համագումարն անցկացնելու համար:
Կարդացեք նաև
Ինձ համար խնդրահարույցն այն էր, որ մայր բուհի նշաձողն իջնում էր, նաեւ տարօրինակ էր լռությունը ուսանողական թեւերի, այսինքն` ուսանողական խորհուրդը, ուսանողական գիտական ընկերությունը, որպես հակակշռող մարմին գիտական խորհրդում, ձայն չհանեցին: Ցավոք, իրենք վերջին շրջանում փորձում են ոչ մի բանի չխառնվել»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մեկ-երկու հրապարակում է եղել, որ կատարվածը խայտառակություն է:
Ալբերտ Ավետիսյանի խոսքով, ԵՊՀ-ից իրեն տրամադրված պաշտոնական պատասխանը սպառիչ չէր. «Քանի որ ոչ աշխատանքային օր էր կայացել այդ միջոցառումը, բազմից արձանագրվել է, որ համալսարանում միջոցառումներ են իրականացվում, կարելի է ենթադրել, որ սա շարունակական բնույթ է կրում ու նորմալիզացվում է համալսարանում»:
Մեր դիտարկմանը, որ այդ դահլիճը նախատեսված է ակադեմիական, գիտակրթական նպատակների համար, Ալբերտ Ավետիսյանն այսպես արձագանքեց. «Դա ԵՊՀ գիտխորհրդի դահլիճն է, այսինքն՝ այն բացառապես գիտխորհրդի նիստեր անցկացնելու համար է, համալսարանի կոլեգիալ երկրորդ բարձրագույն մարմինն այդտեղ նիստեր է անում, նաեւ հոգաբարձուների խորհուրդն է այդտեղ նիստեր գումարում: Այդտեղ հիմնականում լինում են ակադեմիական միջավայրին վերաբերվող կոնֆերանսներ, միջոցառումներ:
ԵՊՀ-ում շատ այլ դահլիճներ կան՝ Չարենցի, Պալյանների դահլիճը, անգամ ԵՊՀ մեծ դահլիճը, որտեղ տարբեր մեծ պետական նշանակության միջոցառումներ են արվում: Նպատակը այդպես էլ չհասկացա, թե ինչու է հենց գիտական խորհրդի դահլիճը տրամադրվել «Տավուշ» հայրենակցական միության համագումարն անցկացնելու համար: ԵՊՀ պատասխանից կարելի է եզրակացնել, որ եթե ոչ աշխատանքային օր է, կարող ենք դիմում գրել ԵՊՀ ռեկտորի անունով, եւ ռեկտորն իր հայեցողությամբ եւ լիազորությունների շրջանակներում մեր ուզած դահլիճը տրամադրի: Այսինքն ստացվում է, որ ոչ մի խոչընդոտ չկա, եւ ցանկացած միջոցառման համար, որը չի հակասի ԵՊՀ կանոնադրությանը, իրենք կարող են դահլիճ տրամադրել, բայց այստեղ էլ կանոնադրության լողացող հատված կա, որ չի սահմանվում, թե ինչ միջոցառումներ կարող են անցկացվել ԵՊՀ դահլիճներում, կամ առհասարակ մայր բուհի որ դահլիճում ինչ կարող է անցկացվել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ