Հաղորդել ենք, որ Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հերքել է, որ վթարի մասնակից է եղել ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը. «Հունիսի 8-ին` ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։
Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է Նիսան մակնիշի ավտոմեքենա՝ վարչարարություն իրականացնելու նպատակով։
Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող Հյունդայի մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։
Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ թվում՝ պարեկային ծառայության կարգախմբի կին ծառայողը ստացել են մարմնական վնասվածքներ ու հոսպիտալացվել։
Կարդացեք նաև
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»:
Ոստիկանությունը նաեւ տեսանյութ էր հրապարակել վթարի վերաբերյալ, որից հետո փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Չգիտեմ, թե ինչ էր ուզում ապացուցել ՆԳՆ-ն, բայց արդյունքում ապացուցեց, որ վթարը տեղի է ունեցել Նիկոլի շարասյան համար մայրուղին խուճապահար անշարժացնելու հետևանքով»:
Ռազմինֆո կայքի կոորդինատոր Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շաՌասյունը որևէ կապ չունի վթարի հետ։
Վիդեոն սկսում ես նայել ու միանգամից աչքի է ընկնում … Նիկոլի շարասյունը՝ արդեն սովորական դարձած, հիստերիկ վարելու ոճով։
Այո, վթարը շարասյունի ՀԵՏԵՎԻՑ եկող պարեկների ավտոմեքենայի և այլ մեքենաների մասնակցությամբ է, բայց հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ ամբողջ շարժումը կաթվածահար են արել, խառնաշփոթ ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար։
Կրկնում եմ. այսպիսի վթարները ակնհայտորեն ոչ թե դժբախտ պատահարներ են, այլ օրինաչափություն»:
Ներկայացնում ենք նաեւ Նիկոլ Փաշինյանի շարասյան վրաերթի հետեւանքով զոհված հղի Սոնա Մնացականյանի ընտանիքի պաշտպան փաստաբան Րաֆֆի Ասլանյանի գրառումը. «Ուրեմն, ՆԳՆ-ի հրապարակած «հերքող» տեսանյութը հետևյալի մասին է. Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը հերթական անգամ երթևեկում է սահմանված 100 կիլոմետր ժամը գերազանցող արագությամբ, առջևից ուղեկցող պարեկային ծառայության ավտոմեքենան այդ սարսափելի ընթացքը «խանգարող» բոլոր վարորդներին ագրեսիվ կերպով ստիպում է աջ քաշել-կանգնել՝ այդպիսով նեղացնելով ճանապարհը։ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան ստիպված կայանում է, ապա հետևից մոտենում է պարեկային ծառայության մեկ այլ կարգախումբ՝ վարորդին «ակտավորելու» նպատակով, քանի որ իրենց շեֆին խանգարել է։ Նման վարչական իրավախախտում իհարկե գոյություն չունի, բայց միշտ այդպես են վարվում՝ արհեստական մի բան գրում են (արագություն, հեռախոս, ամրագոտի և այլն), նույնիսկ մի անգամ Սևանի մայրուղում փորձել էին իրենց հակառակվող վարորդի վրա այնպիսի իրավախախտում գրել, որը նախատեսում է վարորդական իրավունքից զրկում։ Իսկ մնացածը ավելի պարզ երևում է տեսանյութում. նեղացված ճանապարհով երթևեկության արդյունքում «Հոնդա» մեքենայի դիմաց շրջադարձով կտրում է «ՎԱԶ 2106»-ի վարորդը և տեղի է ունենում վթարը։ Այսինքն, որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Նիկոլ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ բարեբախտաբար այս անգամ մարմնական վնասվածքներով ավարտված վթարի հետ։ Այսպես է լինելու, քանի դեռ որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել նույն շարասյան կողմից, նույն սցենարով ու արագությամբ երեք տարի առաջ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով։ Այս մարդիկ խնդիր չունեն՝ եթե մեկն էլ նույնիսկ մահանար, շարասյան ավտոմեքենաների ռադիոկապի ձայնագրությունները հերթական անգամ կոչնչացնեին ու….վերջ»:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանն էլ գրել է. «Փաշինյանի շարասյուների կողմից ճանապարհային էս տեռորներն ամենօրյա բնույթ են կրում, երբ նրանց շարժի հետևանքով ցանկացած տեղ երթևեկությունը պարալիզացվում է, մարդիկ խուճապահար մեքենաներով մի կողմ են փախչում թիկնապահների գորգոռոցներից ու հիստերիայից։
Շարժվում են, ոնց ուզում են՝ սարսափ տարածելով, խուճապ ստեղծելով, ճանապարհ փակելով, վրաերթեր կատարելով, մարդ սպանելով, իսկ հետո իրենց իսկ պատճառած քաոսից ծնված վթարներն էլ «պարզաբանում» են որպես կապ չունեցող պատահարներ։
Անամոթությունը, սուտ ասելը, ծածկադմփոցներն ու զոռբայությունը վաղուց սրանց պետական քաղաքականության, օրակարգի կարևոր բաղադրիչն են, այլ շնորհի չեն էլ տիրապետում»: