Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ պատգամավոր Հովիկ Աղազարյանն անդրադարձավ հարցին, որ 2024 թվականին հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է։ Աղազարյանը հարցրեց ֆինանսների նախարարին․ «Մենք ունենք թիրախ մինչեւ 2026 թվականը, դուք ի՞նչ եք կարծում՝ թիրախը կապահովե՞նք»։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ նվազում եղել է, որը պայմանավորված է տնտեսության կառուցվածքի փոփոխությամբ։ «Մենք թիրախ ունենք, կարծում եմ՝ եթե չհասնենք, ընդհուպ կմոտենանք թիրախին։ Մեր կանխատեսումներով՝ 2026 թվականին մոտ կունենանք 25 տոկոս հարկեր-ՀՆԱ հարաբերակցություն»,- նշեց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը (լուսանկարում) իր զեկույցում անդրադարձավ հարկային ու մաքսային եկամուտների հավաքագրմանը։ Նրա խոսքով՝ արձանագրվել է եկամուտների հավաքագրման 5,1 տոկոս կամ 117 մլրդ դրամով աճ։ Այդ թվում՝ հարկային եկամուտների աճը կազմել է 11,2 տոկոս, միաժամանակ արձանագրվել է մաքսային եկամուտների 15 տոկոսանոց անկում։ «Դա նշանակում է, որ սահմանին հավաքագրումների կամ ներմուծման մեջ որոշ խնդիրներ են եղել։ Հիմնական մասը ավտոմեքենաներն են։ Նախորդ տարիներին բավական մեծ աճ ունեինք ավտոմեքենաների ներմուծման, եւ արդեն 2024 թվականին նվազում տեղի ունեցավ»,- ասաց նա։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2024-ին նվազել է մոտ 0,5 տոկոսային կետով, բայց դա չի նշանակում, որ ստվերի նվազման տեմպերը նվազել են։ «Ինչո՞ւ է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը նվազել։ Մի գործոնը նշեցի՝ ներմուծման նվազման հետեւանք, երկրորդը արդեն ժամանակային լագն է, այսինքն՝ երբ է ձեւավորվում տվյալ ոլորտի ավելացված արժեքը եւ երբ է վճարվում դրա հարկը։ Երկու ոլորտ կա, որոնք բարձր աճ են ունեցել վերջին տարիներին՝ բանկային համակարգ եւ շինարարությունը, որոնց հարկային մուտքերն ավելի շատ նկատվում են այս տարի։ Այսինքն՝ կա տվյալ ժամանակահատվածի տնտեսական աճի եւ հարկային եկամուտների միջեւ խզում։ Այդ խզումը ուշացնում է, դա է նաեւ հարկեր-ՀՆԱ-ի նվազման պատճառը։ Գլոբալ խնդիրներն այս երկուսն են՝ ներմուծում եւ տնտեսության կառուցվածքի փոփոխություն, որոնց հարկերն ավելի ուշ են վճարվում կամ չեն վճարվում, որովհետեւ արտահանելի հատված են»,- հավելեց նա։
Անդրադառնալով այս տարվա հինգ ամիսների ցուցանիշին՝ ՊԵԿ նախագահն ասաց․ «Մենք հիմա արդեն հավաքագրումներին մեծ տեմպ ենք հաղորդել՝ հունվար-մայիսով մոտավորապես 142 մլրդ դրամի ավելացում կա, որը 14,4 տոկոսով աճ է ենթադրում։ Եվ ես դրա համար ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել բոլոր հարկ վճարողներին։ Եվ դա նաեւ առաջանցիկ է տնտեսական աճի տեմպերից, ինչը նշանակում է, որ հարկեր-ՀՆԱ ցուցանիշի տեսանկյունից արդեն բարելավումները սկսել ենք»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ