ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր Նիկոլ Փաշինյանը անցավ մի սահման, որի հետևում ոչ միայն ցինիզմն է, այլ ուղղակի պլանավորած քաղաքական սադրանք։
Հանրային հարթակում նա հայտարարեց, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, ունի զավակ, և ըստ իրեն՝ Վեհարանը պետք է ազատի։ Նա նաև նշում է, որ ունի «ապացույցներ» եւ պատրաստ է դրանք ներկայացնել։
Սա պարզապես հայտարարություն չէ։ Սա վերածվում է հանրային դատի փորձի՝ առանց իրավական ընթացակարգի, առանց պատասխանատվության զգացման, առանց հոգեւոր չափանիշների և սահմանների գիտակցման։ Սա բացահայտ ճնշում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա։
Կարդացեք նաև
Սակայն ամենավտանգավորը այլ բան է։ Փաշինյանի գրառումը՝ իր ոճով և ենթատեքստով, հավասար է իմ կարծիքով ուղղակի սադրանքի՝ հանրային անհնազանդության, անկարգության կամ նույնիսկ բռնության կոչի։ Երբ երկրի ղեկավարը զանգվածներին ուղղված իմպերատիվ «առոգանությամբ» գրում է, որ Կաթողիկոսը պետք է հեռանա «զավակի պատճառով», և որ ինքը կբերի «ապացույցներ», նա փաստացի հրահրում է մարդկանց խառնվելու Մայր Աթոռի գործերին։
Կապիտուլյանտը հստակ գիտակցում է, որ չունի վերահսկողություն Եկեղեցու նկատմամբ։ Եվ հենց այդ պատճառով էլ նա կուլմինացիոն փուլ մտավ և շուտով կարծում եմ ուղիղ կոչ կանի գնալ «դմփ-դմփ, հու» անելու:
Սա ոչ թե բարոյականության հարց է, այլ իշխանության յուրացման փորձ՝ հոգեւոր տարածքում։
Սա դավադրություն է՝ նպատակաուղղված ստվերել Կաթողիկոսի կերպարը եւ ճանապարհ բացել խիստ քաղաքականացված և ենթարկվող հոգեւորականի համար։
Բայց Եկեղեցին պետության կցորդը չէ։ Այն չի ենթարկվում վարչական հրահանգի, Եկեղեցին պատասխանատու չի իշխանության առաջ և չի վախենում իշխանության ֆեյսբուքյան ջղաձգումներից:
Ով ոտնձգում է Մայր Աթոռի հանդեպ՝ ոտնձգում է Ազգային վերջին հենասյան վրա։
Դա թույլ տալ չի կարելի։