Լրահոս
Օրվա լրահոսը

Ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են առաջացնել քաղցկեղի որոշ տեսակներ. մասնագետները խորհուրդ են տալիս ժամը 11-17-ը չգտնվել արեւի ուղիղ ճառագայթների ներքո

Հունիս 09,2025 13:26

«Ուզում եմ հորդորել մեր քաղաքացիներին, որ օրվա շոգ ժամերին՝ 11-17-ն ընկած ժամանակահատվածում, չգտնվեն արեւի ուղիղ ճառագայթների ներքո, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են վնասակար ազդեցություն ունենալ մեր օրգանիզմի համար, մասնավորապես՝ դրանք կարող են առաջացնել բշտիկներ, այտուցվածություն, քոր, ընդհուպ մինչեւ քաղցկեղի որոշ տեսակներ»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը:

Ռուբեն Գրիգորյան

Նրա խոսքով. «Շոգ եղանակին պետք է կրել լայնեզր գլխարկներ, բաց գույնի հագուստ, օգտագործել արեւապաշտպան քսուկներ, խմել շատ հեղուկներ՝ հաշվի առնելով, որ մեր օրգանիզմի լիարժեք կենսագործունեության համար բարձր ջերմաստիճանի դեպքում անհրաժեշտ է հեղուկների ավելացում: Միեւնույն ժամանակ կցանկանայի նշել, որ այն մարդիկ, որոնք ունեն սիրտ-անոթային կամ միզասեռական խրոնիկ համակարգի քրոնիկ հիվանդություններ, անպայման խորհրդակցեն իրենց բժշկի հետ եւ օրվա շոգ ժամերն անցկացնեն պառկած վիճակում, որպեսզի ապահովվի օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը»:

Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ որպես ռիսկի խմբեր՝ առանձնացնում են երեխաներին, մեծահասակներին եւ հղիներին՝ հաշվի առնելով նրանց օրգանիզմների առանձնահատկությունները: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետն ընդգծեց, որ հղիներին ընդհանրապես խորհուրդ չի տրվում գտնվել արեւի ուղիղ ճառագայթների ազդեցության ներքո:

Անահիտ Ասատրյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի պետ Անահիտ Ասատրյանը նշեց, որ մասնագետները կազմում են քարտեզ, որտեղ թվերի միջոցով բնութագրված է ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը. «Տարբեր մարզերի համար կատարվում են հաշվարկներ՝ ելնելով այդ եւ հաջորդ օրերի ամպամածությունից, հորիզոնի փակվածությունից եւ աշխարհագրական տեղանքից: Մինչեւ 4 ինդեքսը նշանակում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթի մակարդակը ցածր է, բարենպաստ մակարդակը 6-7 է, վտանգավոր մակարդակն արդեն 8-10 արժեքներն են: 10-ից հետո համարում ենք շատ բարձր մակարդակ»:

Տիկին Ասատրյանը զգուշացրեց, որ հունիս ամսին ուլտրամանուշակագույն ճառագայթների ինդեքսները բարձր են լինելու՝ ելնելով արեգակի բարձր դիրքից, երբ ճառագայթներն ուղիղ ազդեցություն են ունենում Երկրի մակերեւույթին:

 Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30