Լրահոս
Օրվա լրահոսը

Անցած տարվա արդյունքներով՝ հարկային մարմնի մասով հարցված տնտեսավարողների 83 տոկոսը գոհ է եղել աշխատանքից, մաքսային մարմնի մասով՝ մոտ 80 %-ը

Հունիս 09,2025 14:49

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նիստը վարել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը պատգամավորներին հայտնել է, որ արձանագրվել է հարկային եկամուտների 5.1 տոկոս կամ 117 մլրդ դրամով աճ: Եղել է հարկային մարմնի 11.2 տոկոսանոց աճ, որն առաջանցիկ է, քան տնտեսական աճի կամ ակտիվության տեմպերը:

Մաքսային մարմնի կողմից հավաքագրումներում արձանագրվել է մոտավորապես 15 տոկոս անկում: ՊԵԿ նախագահն այս հանգամանքը պայմանավորել է սահմանին հավաքագրումների կամ ներմուծման օբյեկտիվ խնդիրներով: Նախորդող տարիներին մեքենաների, նաեւ ծխախոտի ներմուծման աճի տեմպեր են եղել, ինչը նվազել է 2024 թվականին: Հարկեր-ՀՆԱ հատվածում եղել է 0.5 տոկոսային կետով նվազում: Վերոնշյալ միտումները զեկուցողը պայմանավորել է հիմնականում ներմուծման նվազման եւ տնտեսության կառուցվածքի փոփոխության հանգամանքներով:

Նշվել է, որ վերջին տարիներին երկու ոլորտում բարձր աճի տեմպեր են գրանցվել՝ բանկային համակարգ եւ շինարարություն:

Այս տարվա հունվար-մայիս ամիսների կտրվածքով արդեն հավաքագրումներում 142 մլրդ-ի ավելացում կա, ինչը 14.4 տոկոս աճ է ենթադրում:

2024 թվականին մոտ 392 մլրդ վերադարձ է եղել հարկ վճարողներին, որի մեծ մասը հիպոտեկային վարկի տոկոսների վճարման դիմաց եկամտային հարկի վերադարձին է վերաբերում:

ՊԵԿ գործունեությանն անդրադառնալով՝ գերատեսչության ղեկավարը նշել է, որ վարչարարության արդյունավետության ցուցանիշը մոտ 1.2 տոկոս է եղել, իսկ 1.1 տոկոս էլ եղել է ծախսի արդյունավետության ցուցանիշը: «Այսինքն՝ մեր հասարակությունը հարկերի 1.1-1.2 տոկոսն է ծախսում՝ հարկահավաքման գործառույթները պատշաճ իրականացնելու համար»,- նշել է Էդուարդ Հակոբյանը:

Վերջին տարիներին, պարբերաբար, 0.3-0.4 տոկոսային կետով ստվերից դուրս եկող եկամուտներ են եղել, ինչը տարեկան կտրվածքով նշանակում է լրացուցիչ 30-40 մլրդ եկամուտներ:

ՊԵԿ գործունեության արդյունավետության գնահատման հաջորդ ցուցանիշը, ըստ Էդուարդ Հակոբյանի, տնտեսավարողների գոհունակությունն է: Անցած տարվա արդյունքներով հարկային մարմնի մասով հարցվածների 83 տոկոսը գոհ է եղել աշխատանքից, իսկ մաքսային մարմնի մասով` մոտ 80 տոկոսը:

Հիպոտեկի տոկոսների վերադարձի գծով ծրագիրն ամբողջությամբ կատարվել է՝ 68.6 մլրդ դրամ: Հարկային եւ մաքսային ծառայություններին վերաբերող ծրագրի որոշակի շեղումը պայմանավորված է կատարողականով: Դա կազմել է 34.1 մլրդ դրամ՝ ապահովելով 86.1 տոկոս կատարողական:

Կառույցի ղեկավարը ներկայացրել է 2024 թվականին իրականացված բարեփոխումները՝ ուղղված ստվերի կրճատմանը, հարկային վերլուծությունների համակարգի կատարելագործմանը, օրինապահության համակարգի ներդրմանը, մաքսային ռիսկերի վերլուծության համակարգի բարելավմանը, թվայնացման բարեփոխմանը, մաքսային վճարների համակարգի ներդրմանը, մաքսային ընթացակարգերի բարելավմանը, ենթակառուցվածքների, աշխատակիցների կարողությունների հզորացմանը, միջազգային գործընկերների հետ աշխատանքին:

«Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլեւ յուրաքանչյուրիս ներդրումն է մեր մեծ ընտանիքի բյուջեում՝ ուղղված բոլորիս համար կյանքի բարձր որակ ապահովելուն եւ բոլորիս լիարժեք երջանիկ դարձնելուն: Բարեխիղճ հարկ վճարելը հոգատարություն ու պատասխանատվություն ստանձնել է՝ այդպիսի կյանք ապահովելու ներկա եւ ապագա սերունդների ու մեր երեխաների համար»,- ելույթի ավարտին նշել է Էդուարդ Հակոբյանը:

Հարցուպատասխանի ձեւաչափում ՊԵԿ նախագահն անդրադարձել է եկամտային հարկի վերադարձի քաղաքականությանը, ներմուծման տեմպերի փոփոխության ու տնտեսական աճի դանդաղումներին, կապիտալի կուտակմանը եւ ոլորտային այլ խնդիրների:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30