Լրահոս
Օրվա լրահոսը

Ասել եմ՝ 2500 հոգով Արցախ չենք կարող ներխուժել, հնարավոր չէ. «Հյուսիսային տերեւաթափի» գործով վկա

Հունիս 09,2025 16:09

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ այսօր
«Հյուսիսային տերեւաթափի» գործով դատական նիստում հարցաքննվեց մեղադրյալներից Էդգար Ծատինյանի մանկության ընկերը՝ Կարապետ Հարությունյանը:

The court hearing of the ‘Northern Leaf Drop’ case took place at the Court of First Instance of Kentron and Nork Marash Administrative Districts of Yerevan, Armenia

Նա պատմեց, որ Էդգար Ծատինյանի ու իր մարտական մյուս ընկերների հետ 2023-ին ստեղծել էին փակ բաժնետիրական ընկերություն՝ արդյունաբերության զարգացման ազգային հիմնադրամ անունով, որը պետք է զբաղվեր բիզնեսով:

Պաշտպաններից մեկն անցավ ուղիղ հարցերի՝ մեջբերելով վարույթում առկա նյութերից տվյալներ, ըստ որոնց՝ մեղադրյալներից Սերգեյը զրույցներից մեկի ժամանակ ասել է. «Մեզ մարդիկ են պետք 2500 հոգի, Սերգեյին հարցնում են ինչի՞ համար, խոսակցությունն այդտեղ ավարտվում է»: Փաստաբանը հետաքրքրվեց՝ ինչի մասին էր խոսքը:

-Եթե ճիշտ եմ հիշում այդ խոսակցությունն ավարտվել է Արցախ ներխուժելու… ՀՀ կողմից խմբեր են պետք, մարդիկ են պետք, որ գնան ազատագրեն: Բոլորս էլ ազգասեր երիտասարդներ ենք, մտածում ենք՝ ինչու այս ամենը տեղի ունեցավ: Սերգեյը մեջբերեց, որ Արցախում՝ անտառներում 300-400 մարդ կա: Այ էս տիպի խոսակցություններ են գնացել: Այդ ամենը լսելով՝ անլուրջ վերաբերմունք ցույց տվեցի այդ խոսակցություններին, որովհետեւ այդ ժամանակահատվածում ինչ կատարվել էր Արցախում ու դրանից հետո հայաթափումից հետո հնարավոր չէր այդտեղ մարդ մնար, ներխուժում իրականացնել,- պատասխանեց գործով վկան:

Ըստ նրա՝ ինքն անլուրջ է համարել այդ խոսակցությունները, բացատրել, որ, եթե նույնիսկ լինեն մոբ խմբեր, հնարավոր չէ ներխուժում կազմակերպել. «Որովհետեւ այս պահին Ադրբեջանն այնպիսի դրոններ ու սպուտնիկովի համակարգեր ունի, ուղղակի ներխուժումը հանգիստ դիտարկելը հնարավոր չէ: Ասել եմ՝2500 հոգով Արցախ չենք կարող ներխուժել, հնարավոր չէ»:

Վկան վստահեցրեց՝ իշխանափոխություն անելու ձեւաչափում խոսակցություններ չեն եղել, ինչքան էլ մեկին սիրեն, կամ չսիրեն, հարգեն կամ չհարգեն, ասաց՝ հայրենիքի նկատմամբ չեն կարող նման բան իրականացնել. «Սովորական քաղաքացու համար տարբերություն չկա ՝ ով է իշխանությունը»:

Վկան մեղադրյալների հետ համալիրի տարածքում դրոն «թռցրածներից» մեկն է: Նրան հարցրին՝ համալիր գնալու նպատակը ո՞րն էր, ասաց՝ խաղալիքն են փորձարկել: Վկան հայտնեց, որ իրենք օդային շարժիչ ստեղծելու գաղափար ունեին, որը պետք է ներկայացնեին ֆինանսավորողին: Համալիրում դրոն թռցնելու նպատակն էլ այն էր, որ վարելու փորձ ձեռք բերեն:

The court hearing of the ‘Northern Leaf Drop’ case took place at the Court of First Instance of Kentron and Nork Marash Administrative Districts of Yerevan, Armenia

-Ձեր ասածը նման է նրան, որ լողավազանում ջուր չկա, բայց լողալ էիք սովորում,- նկատեց մեղադրող դատախազը:

-Բայց դուք շարժիչ դեռ չունեիք ու կարող է` չլիներ էլ, նպատակը ո՞րն էր, որ քշել էիք սովորում,- շարունակեց իր հարցերը մեղադրողը:

Վկան էլի պնդեց, որ օդային շարժիչի իրենց նախատիպը պետք է ներկայացնեին ֆինանսավորողին, սովորում էին կիրառման ձեւերը, որ երբ իրենցը ստեղծեին, չջարդեին:

Ի դեպ, ըստ քրեական վարույթի նյութերի, Էդգար Ծատինյանի նկուղն է եղել այս երիտասարդների հավաքատեղին:

Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ նկուղում որոշակի խոսակցություններ եղե՞լ են թռչող սարքի վրա ռումբ տեղադրելու ու մեքենայի տակ մտցնելու մասին: Ի դեպ, սրա վերաբերյալ նիստը նախագահողը հայտնեց, որ կան մեղադրյալների միջեւ զրույցների ձայնագրություններ:

Վկան բացասական պատասխան տվեց: Այս վկայի հարցաքննությունն ավարտելուց առաջ նիստը նախագահողը մի հարց ուղղեց վկային՝ մեջբերելով վարույթում առկա տվյալներ:

-Ի՞նչ կապ ունի վերջնական հաղթանակի գնալը, մարդիկ դուրս գան, պրովոկացիաները, թալանը… շարժիչ ստեղծելու հետ:

Վկան պնդեց, որ նման խոսակցություններ իր ներկայությամբ չեն եղել:

Հիշեցնենք՝ 2023-ի նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու և դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից: Քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30