Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը կրկին բարձրացրեց հայոց եռագույնը միջազգային ռինգում. Բանգկոկի TL Boxing Promotion մրցաշարի գլխավոր մենամարտում նա 2-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով նվաճեց WBC Asia Middleweight գոտին՝ պարտության մատնելով թաիլանդացի Պադյոդ Կիադչարոենսիրիին։
Մեկնարկային զանգից անմիջապես հետո 27-ամյա Սաքունցը լիովին վերահսկում էր մենամարտի ընթացքը՝ անընդհատ ճնշում գործադրելով մրցակցի վրա և դիպուկ, ծանր հարվածներ հասցնելով։ Երկրորդ ռաունդում նա որսաց պահը և վերևից ներքև իջնող ուժգին աջակողմյան աղեղաձև հարվածով խոցեց թայլանդացուն, ինչից հետո մրցավարը անհապաղ դադարեցրեց մենամարտը՝ պաշտպանելով նրան հնարավոր հավելյալ վնասվածքներից։
Մենամարտից հետո Սաքունցը ելույթ ունեցավ հուզառատ խոսքով.
Կարդացեք նաև
«Իմ հաղթանակը նվիրում եմ լեգենդար «Արաբո» ջոկատի հերոս տղաներին․ նրանց անզուգական խիզախությունն է իմ ներշնչանքը, նրանց անվեհեր ոգին ուղեկցում է ինձ յուրաքանչյուր հարվածում։ Շնորհակալ եմ մի բացառիկ հայրենասեր մարդկանց, Սարգիս Թադևոսյանի գլխավորությամբ, ովքեր միշտ կանգնած են իմ կողքին և ուժ են տալիս շարունակելու պայքարը։ Ռինգ եմ մտնում ոչ միայն հաղթելու, այլև ողջ աշխարհին ցույց տալու իմ ժողովրդի անկոտրում ոգին»։
Այս հաղթանակը ուժեղացնում է Յուրի Սաքունցի հեղինակությունը միջազգային վարկանիշային աղյուսակներում, բացում է նրա առաջ բարձրակարգ տիտղոսային մենամարտերի դռները և միևնույն ժամանակ պահում Հայաստանին մարզական աշխարհի քարտեզի առաջնագծում։
Մամուլի հաղորդագրություն