Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի ըմբիշները ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ հաջող են մեկնարկել:
48 կգ քաշային կարգում Մարտին Մանջիկյանը կիսաեզրափակչում պարտության է մատնել ադրբեջանցի Ղուրբան Մաջնունովին եւ վաղը ոսկե մեդալի համար կգոտեմարտի Բուլղարիայի ներկայացուցիչ Ստանիսլավ Իվանովի հետ:
Եզրափակչում է նաեւ 65 կգ քաշային Ջանես Նազարյանը: Նա առավելության հասնելով մոլդավացու, UWW դրոշի ներքո հանդես եկող մրցակցի եւ շվեդ ըմբիշի նկատմամբ՝ վճռորոշ գոտեմարտում հանդիպելու է վրացի Էրեկլե Տավբերիձեի հետ:
Կարդացեք նաև
Բրոնզի համար պայքարելու իրավունք են ստացել 55 կգ քաշային Վազգեն Մնացականյանը, 80 կգ քաշային Վահե Հովեյանը եւ 110 կգ քաշային Գոռ Մխիթարյանը: Սակայն վերջին երկուսը դեռ պետք է հաղթահարեն սփոփիչ գոտեմարտերի փուլը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ