Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Վարչապետն իր «հավատավոր» լինելու դիմակով փորձում է սրբության մասին խոսել՝ մոռանալով Քրիստոսի խոսքը՝ «Մի դատեք, որ չդատվեք» (Մատթեոս 7:1) Ոչ ոք՝ առավել ևս քաղաքական պաշտոնյան, իրավասություն չունի դատելու եկեղեցու գլուխն ու նրա կուսակրոնությունը։
Եկեղեցին պատասխանատու է Աստծու առաջ, ոչ՝ կառավարության։ Երբ իշխանությունը թիրախավորելով Վեհափառ Հայրապետին ու Եկեղեցին, փորձ է անում ժողովրդի աչքից թաքցնել սեփական ձախողումները և անպիտանելիությունը՝ գործի է դրվում հին, ծանոթ և մանիպուլյատիվ մեխանիզմ՝ ուշադրության շեղում։ Այս ամենը մի նպատակ ունի՝ վարկաբեկել վերջին մնացած ինստիտուտներից մեկը, որը չի ենթարկվում քաղաքական հրահանգի։
Բայց Եկեղեցին չի վերացվում կարգադրությամբ, քանզի Եկեղեցու գլուխը Քրիստոսն է։ Գրեթե ամեն օր իր ֆեյսբուքյան էջում Աստվածաշնչից մեջբերումներ անող մարդը, կարծես մոռացել է այն կարևոր պատգամը, որն ասում է. «Ով սուր է բարձրացնում եկեղեցու դեմ, նա ընկնում է հենց այդ սրից»։ Ժողովուրդը՝ հատկապես հավատացյալ հատվածը, պետք է զգոն լինի և չհեռանա այն ճշմարտությունից, որն իր առաջնորդող լույսն է՝ «Աստծուն պետք է ավելի ենթարկվել, քան մարդկանց» (Գործք Առաքելոց 5:29):