«Հանգիստ եղեք, այն բոլոր թվերը, որոնք գրված են կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն»,- խորհրդարանում 2024 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավորների անհանգստությանը՝ 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ կառուցելու ՔՊ-ի հնգամյա ծրագրի մասով։
Բոլոր թերահավատներին Ժաննա Անդրեասյանը հրավիրեց շրջայցի՝ տեսնելու եւ համոզվելու, որ կառավարության ծրագրի կատարումն ընթացքի մեջ է։
Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին էլ, Ժաննա Անդրեասյանն ասաց․ «Միայն շինարարության ծրագիր չի, ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագիր է։ Կան դպրոցներ, որոնք նախորդ ժամանակահատվածում վերակառուցվել են, որոնք ես երբեք դպրոց չէի անվանի։ Երբեք։ Ես չեմ կարծում, որ գրադարանը կարող է 5 քառակուսի մետր լինել, որ դպրոցը կարող է մարզադահլիճ, հանդիսությունների սրահ չունենալ եւ կոչվել դպրոց։ Մենք հիմա դպրոց ենք անվանում մի բան, որը բոլոր ենթակառուցվածքները պետք է ունենա, ամբողջական գույքով պետք է ապահովված լինի, միայն կառուցելով չի»։
Ըստ Ժաննա Անդրեասյանի, 1991-2018-ը 192 դպրոց է կառուցվել Հայաստանում, հիմնականում Լոռիում եւ Շիրակում՝ աղետի գոտում։
Կարդացեք նաև
«Ամեն ինչ զրոյից ենք անում»,- ասաց նա՝ Արմենուհի Կյուրեղյանին առաջարկելով․ «Մտահոգ եք՝ շինջոկատներ ձեւավորեք, գնացեք, օգնեք»։
Արմենուհի Կյուրեղյանը նաեւ հետաքրքրվել էր, թե ինչպե՞ս է Ժաննա Անդրեասյանը վերաբերվում «Կրթվելը նորաձեւ է» շարժմանը, հարցրել՝ նախարարության կողմից լիցենզավորվա՞ծ է շարժումը։
«Շարժումը շատ բաց է բոլոր տեսակի քաղաքացիների առջեւ, կարող եք գրանցվել եւ գնալ հասկանալ՝ արդյոք տիկին Անդրեասյանը պետք է լիցենզիա տար»,- Արմենուհի Կյուրեղյանին առաջարկեց նիստը նախագահող Թագուհի Ղազարյանը՝ նկատելով, որ այդ դեպքում առավել տեղեկացված կխոսի շարժման մասին։
Արմենուհի Կյուրեղյանը տարակուսեց․ «Այն բանախոսները, որոնք իրականացնում են շարժումը, նրանց ֆեյսբուքյան բառապաշարը կարդալուց հետո, ինձ թույլ չեմ տա դրան մաս կազմել»։
Ժաննա Անդրեասյանն էլ ասաց՝ միանգամայն հաշտ է իշխանական զույգի կողմից վարվող կրթական շարժման հետ եւ լիցենզավորման խնդիր չի տեսնում։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ