Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Բյուրոն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, խստորեն դատապարտում է իշխող վարչախմբի՝ Հայ Եկեղեցու նկատմամբ քայքայիչ, հակապետական գործողությունները

Հունիս 10,2025 14:24

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Այսօր, երբ հավաքական հայ ժողովուրդն անվտանգային լրջագույն մարտահրավերներ է դիմագրավում, երբ հաղթահարված չեն Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված գոյութենական սպառնալիքները, երբ ազգային համախմբումն ու միասնականությունը կենսական անհրաժեշտություն են, իշխող վարչախումբը բացահայտ արշավ է սկսել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա Ազգընտիր Հայրապետի և Եպիսկոպոսաց դասի նկատմամբ։

Մեր ինքնության կարևորագույն հիմքերից մեկի նկատմամբ վարչախմբի արգահատելի նպատակադրումներն ու հռետորաբանությունն ակնհայտորեն ապազգային են և հակասահմանադրական։

Աներկբա է, որ զազրելի ցեխարձակումները համընկան արտաքին հարթակներում ազգային շահերի և արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀԱԵ նախաձեռնությունների հետ։

Ակնհայտ է նաեւ, որ իշխանությունների ոտնձգությունները հունավորվեցին թշնամի երկրի «կրոնապետի» անբարո և ստահոդ հայտարարություններին, ինչպես նաև որոշ շրջանակների կողմից Հայաստանում կրոնական ազատությունների թեման շահարկելու, Հայոց ազգային եկեղեցու սահմանադրորեն ամրագրված պատմական առաքելությունն ու կարգավիճակը խաթարող նպատակադրումներին զուգահեռ։

Հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու պատմական բացառիկ դերակատարությունը չարժևորելն ու վերջինիս թիրախավորելը ոչ միայն թշնամական շահեր է սպասարկում, այլև խորացնում է երկրում տիրող արժեքային ճգնաժամը, թուլացնում մեր հավաքական դիմադրողականությունը, նսեմացնում հավատավոր հայ ժողովրդի նվիրական զգացումներն ու արժանապատվությունը։

ՀՅԴ Բյուրոն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, խստորեն դատապարտում է իշխող վարչախմբի՝ Հայ Եկեղեցու նկատմամբ քայքայիչ, հակապետական գործողությունները և հայտարարում է, որ համահայկական կառույցի ողջ կարողականությամբ և միակամությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին է՝ հանուն հայ ժողովրդի հավաքական իղձերի և Հայոց պետականության զորացման։

ՀՅԴ Բյուրո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30