Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ գործերով ընտանեկան հաշտարարին դիմելը հուլիսի 1-ից պարտադիր է դառնում. Դավիթ Ղարիբյան

Հունիս 10,2025 14:47

«Հաշտարարության, այդ թվում պարտադիր հաշտարարության ներդրումը առաջընթաց է մեր դատական եւ իրավական համակարգում, ինչի կարեւորությունն ընդգծված է թեկուզ այն հանգամանքով, որ այս ոլորտի բարեփոխումները ներառված են թե կառավարության գործողությունների ծրագրում, թե դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարության շրջանակներում»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում թեմայի վերաբերյալ ասուլիսին նշեց ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանը:

Դավիթ Ղարիբյան

Նրա ձեւակերպմամբ, դեռեւս 2022թ Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ այս համատեքստում կատարվել են օրենսդրական ընդգրկուն փոփոխություններ: «Երբ նշում ենք ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարությունը, խոսքը գնում է ընտանեկան որոշ գործերի մասին, որոնք կարող են իրականացվել հաշտարարության կարգով, դրանց թվում են, օրինակ, ամուսնալուծության, երեխայի տեսակցության կարգի, ալիմենտի հետ կապված գործերը: Մյուս կողմից, օրինակ, ծնողական իրավունքից զրկելը կամ նման այլ գործերը դուրս են մնում պարտադիր հաշտարարության շրջանակից, որպեսզի պետության մասնակցությամբ դատարանը հնարավորություն ունենա վերջնական վճիռ կայացնելու»,-ասաց Դավիթ Ղարիբյանը:

«Առաջին անգամ մենք պետք է հանրությանը հայտարարենք, որ Արդարադատության նախարարությունը իրականացնում է հնարավոր բոլոր գործողությունները, որպեսզի պարտադիր հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր իրավական ուժ ստանա եւ սկսի գործել»,-հավելեց ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենը:

«Պարտադիր հաշտարարության մասին խոսելիս՝ հիմնականում խոսք է գնում 7 տեսակի գործերի հետ կապված: Միայն այդ 7 տեսակի գործերն են ենթակա լինելու պարտադիր հաշտարարության: 2022, 2023, 2024թթ դատական համակարգի տվյալների վիճակագրության համաձայն՝ տարեկան շուրջ 3000 գործեր են, որ ստացվում են դատարաններում, որոնք փոփոխություններով ենթակա կլինեին հաշտարարության միջոցով լուծման:

Մարիա Պետրոսյան

Ըստ էության, սա այն հոսքն է, որն ակնկալվում է լուծել պարտադիր հաշտարարության միջոցով, բայց նաեւ ոլորտում կատարված բարեփոխումներն ուղղված չեն միայն պարտադիր հաշտարարության իրականացմանը, այլ, ընդհանուր առմամբ, հաշտարարության ինստիտուտի ներդրմանն են ուղղված Հայաստանում»,- նշեց «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ավագ իրավաբան- փորձագետ Մարիա Պետրոսյանը:

«Ինչու ենք ուզում, որ հաշտարարությունը լայն տարածում ստանա… հիմնականում այն պատճառով, որ հաշտարարությունը վեճերի լուծման ավելի կառուցողական մեթոդ է: Եթե դատական գործընթացներն ավելի շատ մրցակցային բնույթ ունեն, կողմերից յուրաքանչյուրը փորձում է ավելի լավ հիմնավորել իր տեսակետը, վերջում էլ ինչ-որ մեկը հաղթում է, պարտվողն էլ հաճախ համաձայն չի լինում որոշման հետ, ապա հաշտարարության պարագայում այլ է: Հաշտարարությունն, ի տարբերություն դատական գործընթացների, օգնում է, որպեսզի երկկողմանի լինի համաձայնությունը, ինչը նպաստում է նաեւ նրան, որ անգամ եթե կոնֆլիկտ է եղել կողմերի միջեւ, դա չի խանգարի հետագայում հարաբերությունները շարունակելուն»,-մանրամասնեց Մարիա Պետրոսյանը:

Թեմայի վերաբերյալ մանրամասները՝ տեսանյութում 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30