Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ հարցն ուղղեք վարչապետին»․ Ժաննա Անդրեասյանն այն մասին, թե ինչո՞ւ է հիմա առաջացել անհրաժեշտություն՝ ստուգելու կաթողիկոսը զավակ ունի, թե ոչ

Հունիս 10,2025 15:19

«Կարծում եմ, որ վարչապետի գրառումը ձեր բոլոր հարցերի պատասխանը պարունակում է, ավելացնելու ոչինչ չունեմ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վեհափառին վեհարանից հանելու մասին սպառնալիքներին։ 

Անդրադառնալով այն տեսակետներին, որ Նիկոլ Փաշինյանի այս գործողությունների հետեւանքով մեծանում է քաղաքացիական պատերազմի վտանգը, Ժաննա Անդրեասյանն ասաց․ «Ովքե՞ր են ասում, ովքե՞ր են հանրության այդ ներկայացուցիչները։ Ես կարծում եմ՝ ովքեր նման կոչեր են անում, մեր հանրությանը շատ վատ են ճանաչում։ Ես սոցիոլոգ եմ, դա նաեւ իմ մասնագիտությունն է, եւ ես վստահ եմ, որ մեր հասարակությունն ունի համերաշխության շատ ամուր առանցք։ Եվ ես վստահ եմ, որ մեր հասարակությունը, անցնելով ամենատարբեր փորձությունների միջով, ունի բավարար խելք եւ իմաստություն՝ տարբեր մարտահրավերներից եւ փորձություններից դուրս գալու համար։ Եվ նման թերահավատություն ու անվստահություն չունեմ իմ ժողովրդի նկատմամբ»։

Հարցին, թե ապացույցներ ունե՞ն, որ կաթողիկոսը զավակ ունի, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, ԿԳՄՍ նախարարը պատասխանեց․ «Դա ինչ հարց է, որ դուք ինձ տալիս եք, օրինակ՝ ձեր տված հարցին, դուք ինչ պատասխան եք ակնկալում, հիմա դուք պատասխանեք ձեր հարցին»։

Դիտարկմանը, որ Եկեղեցու դեմ իրականացվող արշավն ուղիղ կապ ունի Ադրբեջանից Հայ առաքելական եկեղեցու դեմ հնչող հայտարարությունների հետ, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց․ «Ես բազմիցս ասել եմ՝ անհեթեթություններ չեմ մեկնաբանում, մենք ինքնիշխան պետություն ենք, մեր օրակարգերը ձեւավորում ենք մենք։ Խնդրում եմ՝ ունեցեք տարրական հարգանք մեր պետության նկատմամբ։ Չի կարելի այդպես, այն մարդիկ, ովքեր նման դիտարկումներ են անում, իմ կարծիքով՝ չեն հարգում առաջին հերթին մեր պետությունը։ Ի՞նչ եք կարծում՝ մենք չունե՞նք հասունություն, ինքնուրույնություն, իմաստություն ու խելք, որպեսզի ինքներս հասկանանք մեր խնդիրները»։

Հարցին, թե ինչո՞ւ է հիմա առաջացել անհրաժեշտություն՝ ստուգելու կաթողիկոսը զավակ ունի, թե ոչ, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ դրանք այն հարցերն են, որոնք առիթի դեպքում առաջարկում եմ ուղղել հենց վարչապետին, եւ սպառիչ պատասխաններ, վստահ եմ, դուք կստանաք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարում. 29 Մարտ 2023 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30