Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարող նման բան լինել, մեր երկրում կա մեկ պետական լեզու, դա հայերենն է»․ Ժաննա Անդրեասյանը՝ ռուսաց լեզվին կարգավիճակ տալու մասին

Հունիս 10,2025 15:27

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հայտարարությանը, ըստ որի՝  «Ակտիվորեն առաջ է մղվում ռուսաց լեզվի միջազգային կարգավիճակի նախագիծը, որը ստեղծվել է Ղազախստանի նախագահի նախաձեռնությամբ, աջակցություն է ստացել ԱՊՀ պետությունների ղեկավարների կողմից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է տալ հանձնարարականներ, քննարկել այս հարցը, խթանել գործընթացին»։

«Տարբեր նախագծեր կան, որոնք շրջանառվում են այդ հարթակներում, դա հերթական նախագծերից մեկն է։ Շրջանառվել է, այդ թվում՝ տարբեր գերատեսչություններում, մենք որոշակի դիտարկումներ ենք ունեցել նախագծի վերաբերյալ։ Հետագա քննարկումներն արդեն ցույց կտան պետության դիրքորոշումը։ Այս փուլում այս նախագծի վերաբերյալ որոշ դիտարկումներ ու հարցեր կային։ Այս պահին, քանի որ զուտ աշխատանքային գործընթաց է, հարկ չեմ համարում դրանք բարձրաձայնել, կարծում եմ՝ քննարկումների ժամանակ կհստակեցնենք»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Հարցին, թե այս նախագծով ռուսաց լեզվին Հայաստանում նոր կարգավիճա՞կ է տրվելու, նախարարը պատասխանեց․ «Ոչ, չի կարող նման բան լինել։ Գիտեք, որ մեր երկրում կա մեկ պետական լեզու, դա հայերենն է։ Եվ այդ իրավիճակը որեւէ պարագայում չի կարող փոխվել։ Ավելին, մենք առաջիկայում լեզվական քաղաքականության հայեցակարգն ենք բերելու, որը նաեւ ամրապնդելու է հայերենի՝ որպես պետական լեզվի կարգավիճակը, որովհետեւ մի բան է ասել, որ պետական լեզու է, մի բան է նայել, թե ինչպիսի իրավիճակ ունենք տարբեր ոլորտներում տարբեր իրադրություններում։ Եվ կարծում եմ՝ լեզվական քաղաքականության հայեցակարգը շատ կարեւոր է, որպեսզի մենք էլ կարողանանք հետեւել հայերենի զարգացմանը եւ ամրապնդմանը։ Հիմա մենք մի շարք ծրագրեր ենք անում, որոնք ուղղված են նաեւ հայերենի թվային կենսունակությանը, որովհետեւ տեխնոլոգիական զարգացման այս իրավիճակում հայերենի խնդիրները եւ հայերենի՝ որպես լեզվի զարգացան խնդիրները տեղափոխվում են նաեւ թվային տիրույթ, որպեսզի մենք ունենանք հայերենի շտեմարանները, թվային տիրույթում ներկայացվածությունը, որը լեզվի կենսունակությունը կապահովի։ Եվ բյուջետային ծրագրեր ունենք, որոնք ուղղված են հենց լեզվական կենսունակության բարձրացմանը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30