Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու երբեմնի գեղեցիկ շատրվանները՝ ժանգի, աղբի ու անտարբերության մեջ

Հունիս 10,2025 16:22

Գյումրու Անտառային թաղամասում գտնվող «Սև ֆանտանը» տարիներ շարունակ եղել է քաղաքի խորհրդանշական վայրերից մեկը։ Սա Գյումրիի ամենամեծ շատրվաններից մեկն է, սակայն 1988 թվականից ի վեր չի գործում։ Չգործող շատրվանների թվում է նաև «Լճի շատրվանը», որը նույնպես 1988-ի երկրաշարժից հետո չի գործել։ Երկու շատրվանների շուրջ ժամանակին զբոսայգիներ են եղել։ Հիմա զբոսայգիների տեղում տնակներ են ու աղբ։ Մենք փորձել ենք պարզել այդ շատրվանների եւ երբեմնի զբոսայգիների ճակատագիրը, արդյոք տեղական իշխանությունները դրանք վերականգնելու ծրագրեր ունեն։

 

Սև ֆանտան

 

Սև շատրվանի կառուցման աշխատանքները սկսվել են 1982 թվականին և տևել շուրջ երկու տարի։ Ճարտարապետ Արթուր Թարխանյանն այն նվիրել է գյումրեցիներին, քանի որ շատրվանը բացվել է քաղաքի հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ։ Շատրվանի հարևանությամբ Գյումրու պոլիտեխնիկական ինստիտուտն է եղել։

Շատրվանը գործել է ընդամենը չորս տարի։ 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո այն անժամանակ դադարեց։ Մուշեղ Սարգսյանը, որն աշխատել է հաստոցաշինական գործարանում, լավ է հիշում շատրվանի կառուցումը.

«Սև շատրվանի յուրաքանչյուր դետալ պատրաստվել է Լենինականի «Ստրոմմաշինա» գործարանի 2-րդ արտադրամասում։ Թիթեղագործ վարպետներ Սայաթ Տիգրանյանը և Արամ Զաքարյանն էին աշխատում դրա վրա, իսկ որակի ավագ հսկիչը ես էի»։

 

Վերականգնման փորձ, որ ավարտին չհասցվեց

 

2019 թվականին ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, նախաձեռնում է Սև շատրվանի վերականգնման նախագիծը, սակայն այն ավարտին չի հասցվում․

«Վերականգնման ծրագիրն ի սկզբանե նախատեսված էր Ամերիկայի դեսպանատան ֆինանսավորմամբ։ Սակայն երբ սկսվեց COVID-19-ը, ծրագիրը դադարեց. դեսպանատունը չկարողացավ ապահովել ֆինանսավորումը։

Մեր նախագծով նախատեսվում էր վերականգնել ամբողջ շատրվանը և հարակից տարածքը։ Սակայն հին կոնստրուկցիան, որով ջուրը բարձրանում էր շատրվան, հնարավոր չէր վերականգնել։ Այն պետք է կոնսերվացվեր՝ մետաղական կառույցի վրա կիրառվեին միայն լուսային էֆեկտներ։ Ջուրը նախատեսվում էր միայն կողային շիթերից»։

Սև շատրվանի վերականգնման ծրագիրը ներառված է եղել նաև Գյումրու համայնքապետարանի զարգացման հնգամյա ծրագրերում (2017-2021թթ և 2022-2026թթ), 2022 թվականին կազմված ծրագիրը նույնիսկ ծրագրային անձնագիր ուներ, որտեղ հստակ նշված էր, որ Սավոյան փողոցի շատրվանը պետք է վերականգնվի և նոր պուրակ ստեղծվի, ծրագրի մեկնարկը նախատեսված էր 2023 թվականին, իսկ ավարտը՝ 2024-ին։

Գյումրու քաղաքապետարան հարցում ուղարկեցինք՝ պարզելու, թե ինչու չիրականացվեցին զարգացման այս ծրագրերը, ի՞նչ են պատրաստվում անել հիմա։ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մեզ պատասխանել է, թե վերականգման ծրագիր կա Անահիտ Թարխանյանի կողմից (նկատի ունեն 2020 թվականի ծրագիրը, որը չի իրագործվել-հեղ.), սև շատրվանը ներառված է պատմամշակութային հուշարձանների ցանկում, սակայն սև շատրվանի վերականգնումը քաղաքապետարանի ծրագրերում ներառված չի եղել։

Փորձեցինք պարզաբանումներ և փաստեր ներկայացնել, սակայն մեր զանգերը պրն Գասպարյանին անպատասխան մնացին։ Քարտուղարի միջոցով նա փոխանցեց, որ ասվածին ոչինչ չունի ավելացնելու։

Գյումրեցի զբոսավար Հովհաննես Ֆրանգուլյանն ասում է՝ այցելուներից միայն ճարտարապետությամբ հետաքրքրվողներն են ցանկություն հայտնում տեսնել «Սև ֆանտանը»․

 «Սև ֆանտանը որպես Արթուր Թարխանյանի ժառանգության օրինակ՝ մոդեռնիզմի ոճով, մենք ցուցադրում ենք ճարտարապետության սիրահար այցելուներին։ Քաղաքում այն գործնական նշանակություն չունեցող տարածք է։ Եթե տարածքը բարելավվի և լուրջ ներդրումներ արվեն, հնարավոր է, որ այն դառնա մշակութային կարևոր նշանակություն ունեցող վայր, բայց դրա շանսերը շատ փոքր են, կարելի է ասել՝ գրեթե անհնար։ Շատրվանների շրջակայքում այսօր ընդամենը մի քանի տնակներ են մնացել։ Այդ թաղերը պետք է նախ բնակեցվեն, սակայն այս պահին ամբողջությամբ դատարկ են՝ մարդ չկա ապրող։ Շատրվանների ջրամատակարարման համակարգը 36 տարի չի շահագործվել։ Այն կոտրվել է, ժանգոտվել, և հիմա արդեն ամբողջությամբ դուրս է եկել շահագործման ենթակա վիճակից»։

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը պահպանում է շատրվանի վերականգնման նախագիծը և վստահ է՝ անհրաժեշտ ֆինանսավորման դեպքում այն հնարավոր է վերագործարկել։

 

Լճի շատրվան

Լուսանկարը՝ Վահան Թումասյանի արխիվային հավաքածուից, 1987 թվական։

 

Շատրվանը գտնվում է Տերյան փողոցում, Գյումրիում մեծ շատրվաններից մեկն է, ունի 7 առանձին սյուներ, ըստ բնակիչների՝ աշխատած տարիներին 7 տարբեր էֆեկտներ ուներ, Գյումրու ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի խոսքով, շատրվանի ճարտարապետը եղել է Հակոբ Ջիվանյանը։ Գյումրեցիները այդ թաղը անվանում են «Լիճ», որոշեցի, այն անվանել պայմանականորեն «Լճի շատրվան», ինչու լիճ, այս հարցերի պատասխանները տվեց պապիկս՝ Միշա Սարգսյանը.

«Միշտ կերտաինք լիճը լողանալու, սաղ քաղաքը ընդեղ կհանգստանար։ Երկու հատ լճեր էին՝ կամուրջով իրար միացրած, մեկը՝ մեծ, մյուսը՝ փոքր, տարբեր խորություններ էին։ Ես ընդեղ եմ լողանալ սովորել։ Լոդկաներ կային, խանութներ, սիրուն այգի էր»։

1956 թվական, քաղաքային լիճը

Այս շատրվանը ևս 1988-ի երկրաշարժից հետո չի գործել, բայց ի տարբերություն «Սև ֆանտանի», այն վերականգնելու ծրագիր երբեք չի եղել և առաջիկայում էլ որևէ բան նախատեսված չէ։ Գյումրու քաղաքապետարանից հետաքրքրվել էինք՝ արդյոք հնարավոր է այս շատրվանը եւ դրա հարակից տարածքը բիզնես նպատակով օտարել, եթե գնման ցանկություն ունեցող լինի։ Պատասխանել են, որ շատրվանը և հարակից տարածքները օտարման ենթակա չեն։

Սաթիկ Վարոսյանը լճի շատրվանի կառուցումը լավ է հիշում, ափսոսում է, որ դրանք այդպես էլ չեն վերականգնվում․

«Լճի շատրվանները աչքերիս առաջ են կառուցվել։ Կամուրջով միացված երկու լճեր էին։ Քանդեցին, մեկը փոքրացրին, պոմպակայան կառուցեցին, մյուսն էլ ֆանտանները։ Տարածքը կանաչապատեցին, գեղեցիկ էր շատ։ Հիմա անչափ տխուր վիճակ է, քաղաքի կենտրոնում նման անմխիթար վիճակը սարսափելի է։ Մի քանի տնակի պատճառով տարածքը ավերակների վերածվեց, տեսնես կգա՞ այն օրը, որ տարածքը առաջվա նման բարեկարգ լինի»։

 

Զբոսավար Հովհաննես Ֆրանգուլյանի խոսքով՝ շատրվանի տեղում նախկինում ճահճային լճեր են եղել․

«Լիճ կոչվածը Ալեքսանդրապոլի ժամանակ առաջացած ճահճային լճերն էին, որոնք կոմունիստները չորացրին և տեղում շատրվան կառուցեցին՝ ստորգետնյա գետակի վրա։ Սովետական տարիներին այդ հատվածը այգի էր․ մարդիկ գալիս էին հանգստանալու։ Երկրաշարժից հետո հենց այգու տեղում տնակներ դրեցին, և դրանից հետո շատրվանն արդեն իր նշանակությունն ու իմաստը կորցրեց»։

Ըստ Ֆրանգուլյանի՝ հնարավոր է միայն նույն տեղում հին մոտիվները պահպանելով նոր շատրվան կառուցել, բայց դրանք միայն մեծ ներդրումների շնորհիվ կարող են վերականգնվել, մեծ մարքեթինգային թիմ նաև պետք է աշխատի։

 

Մոռացված շատրվաններ, չօգտագործվող տարածքներ

 

Երկրաշարժից հետո լքված այս շատրվաններից այսօր միայն ժանգոտած, կիսաքանդ կառուցվածքն է մնացել։ Հանրային հանգստի երբեմնի վայրերը հիմա զբաղեցված են տնակներով ու կուտակված աղբով։ Տարածքների բարեկարգումը մեծ ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսներ է պահանջում։ Արդյոք երբևէ հնարավոր կլինի այդ ծրագրերը իրականացնել՝ հստակ պատասխան չկա։

 

 

Միքայել Սարգսյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ 3-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30