Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ԶՊՄԿ-ն դատական հայց ներկայացրել նախկին աշխատակիցների դեմ

Հունիս 10,2025 16:59

Ինչպես հայտնի է, ԶՊՄԿ-ն աշխատանքից ազատել է փետրվարի առաջին օրերին գործադուլ հայտարարած և կոմբինատի աշխատանքները կանգնեցրած աշխատակիցներից 8-ին։ Այնուհետ այդ աշխատակիցները դիմել էին դատարան՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատավայրում, որտեղից իրենց, իրենց պնդմամբ ազատել են ապօրինի։

ԶՊՄԿ-ն, սակայն կարծես ոչ միայն չի պատրաստվում հետ ընդունել ազատված աշխատակիցներին, այլև իր հերթին դատական հայց է ներկայացրել այս 8 աշխատակիցների դեմ։ Ընկերությունը պահանջում է վերականգնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային հարկադիր պարապուրդի հետևանքով ընկերությանը պատճառած շուրջ 5 միլիարդ դրամի վնասը։ Գործադուլին ակտիվ մասնակցություն ունեցած նախկին աշխատակիցները այս հայցը տարբեր հրապարակային հարթակներում համարել են ճնշում և հաշվեհարդար իրենց նկատմամբ։ Որոշ իրավապաշտպան կազմակերպություններ համարում են, որ ԶՊՄԿ-ն սրանով փորձում է վախեցնել ապագայում ցանկացած դժգոհություն արտահայտող աշխատակիցներին։

Արայիկ Մարգարյան

Ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է ընկերությունը հայց ներկայացրել նախկին աշխատակիցների դեմ, չէ՞ որ գործադուլ կազմակերպելը սահմանադրական իրավունք է։ Մեկնաբանություն տալու մեր խնդրանքին ի պատասխան՝ ընկերության Մամուլի և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Արայիկ Մարգարյանը մի քանի հարցի պատասխանեց։ Նախ, պնդեց, որ լիազորված չէ մեկնաբանել իրավական գործընթացը, բայց նշեց, որ ընկերությունը տեղի ունեցածը չի համարում օրինական գործադուլ, իսկ ընկերության աշխատանքների ապօրինի խոչընդոտումը պետք է իրավական պատասխան ստանա։

-Գործադուլը հստակ սահմանում ունի։ Այն ենթադրում է իրավական հստակ ընթացակարգ։ Գործադուլն աշխատակցի աշխատելուց հրաժարվելու իրավունք է։ Այն որևէ կերպ չի ենթադրում, որ գործադուլ անողը մյուս աշխատակիցների աշխատանքը պետք է խոչընդոտի կամ խաթարի ընկերության գործունեությունը։

Այս դեպքում չեն պահպանվել գործադուլ հայտարարելու իրավական գործընթացները, այսինքն՝ այն, ինչ տեղի է ունեցել՝ չի կարելի գործադուլ համարել։ Դրանք եղել են անօրինական գործողություններ։

-Այսինքն` մյուսները իրենց կամքով չե՞ն մասնակցել գործադուլին։ Հենց այս 8 հոգի՞ն են հրահրել։ Ինչո՞ւ է ընկերությունը հենց նրանց թիրախավորել։

-Դատական հայցը թիրախավորում չէ։ Դատական հայցը ձեր և հանրության հարցերին պատասխանելու միակ քաղաքակիրթ մեթոդն է։ Նաև հարուցված է քրեական գործ և քննությունը կպարզի՝ հենց այս 8 անձի՞նք են խոչընդոտել մյուսների աշխատանքը, թե՞ էլի անձինք կային, տեղի ունեցածը խաղաղ ցո՞ւյց էր, թե՞ սաբոտաժ, ինքնիրավչություն, ընկերության գույքի հանդեպ ոտնձգություն, պետությանը և ընկերությանը դիտավորությամբ հասցված վնաս։

Մեր գնահատմամբ և իրենց իսկ հայտարարություններով ու գործողություններով, այս մարդիկ հանդիսացել են տեղի ունեցածի գործող հիմնական անձինք և կազմակերպիչները։ Նրանցից շատերը ունեցել են հստակ դերեր և գործել են համակարգված և նպատակային։

-Բայց ընկերությունը արդեն իսկ պնդում է, որ տեղի է ունեցել ապօրինություն, որ մյուսներին թույլ չեն տվել աշխատել։ Այսինքն` դուք արդեն նրանց մեղավո՞ր եք համարում։

-Դարձյալ, չեմ կարող իրավական գնահատականներ տալ, դա իրավաբանների գործն է։ Մեղավոր են, թե անմեղ՝ կպարզի քննությունը, իսկ որոշումը կայացնում է դատարանը։ Կարող եմ միայն ասել, որ ապօրինի փակվել են ընկերության ներքին կոմունիկացիաները, մի քանի հազար աշխատակից հնարավորություն չի ունեցել գնալ աշխատավայր, ընկերության ներքին ճանապարհների ապօրինի արգելափակման համար օգտագործվել է ընկերության գույքը՝ մեքենաները։ Գրանցվել են սարքավորումները էլեկտրական սնուցման աղբյուրից ապօրինաբար, առանց նման լիազորություն ունենալու անջատելու դեպքեր։ Այս խումբը նաև հոգեբանական ճնշում է գործադրել իրենց հետ չհամաձայնող աշխատակիցների նկատմամբ։ Այն աստիճանի, որ ընկերությունը ստիպված էր այդ օրերին թեժ գիծ բացել նման բողոքների համար։

-Իսկ ինչո՞ւ հենց 5 միլիարդ։ Դուք իսկապե՞ս ակնկալում եք, որ այս մարդիկ, եթե նույնիսկ մեղավոր են Ձեր թվարկած արարքների մեջ, պատասխանատու են նման ահռելի վնասի համար։

-Վնասի չափը հաշվարկվել է տարբեր հանգամանքներ հաշվի առնելով։ Քրեական վարույթ է հարուցվել և շուրջ 200 հոգի արդեն իսկ հարցաքննվել են։ Քննությունը ցույց կտա, թե ով է պատասխանատու հասցված վնասի համար՝ միայն այս խո՞ւմբը, թե՞ ընկերության ներսում կամ դրսից գործող մարդիկ։

Ամեն դեպքում, կարևոր է շեշտել, որ 10 օրերի ընթացքում սաբոտաժի մասնակիցներին պարբերաբար բացատրվել են իրենց գործողությունների հնարավոր հետևանքները։ Նրանց պարբերաբար տեղեկացվել է, որ իրենց գործողությունների հետևանքով ընկերությունը օրական մի քանի հարյուր միլիոն դրամի չափով վնաս է կրում։ Մանրամասն ներկայացվել է, որ ամբողջությամբ խաթարվում է մատակարարումների ու լոգիստիկ շղթան, ռիսկի տակ է դրվում ընկերության միջազգային հեղինակությունը, որովհետև այն չի կարողանում կատարել ստանձնած պարտավորությունները։ Այդ մասին ընկերությունը ստիպված է եղել նաև հրապարակային հայտարարություններ անել։

Այս մարդկանց բազմիցս խնդրել ենք թույլ տալ, որ մարդիկ վերադառնան աշխատանքի, ապաշրջափակել ճանապարհները, դադարեցնել ապօրինությունը։ Նրանց խոստացվել է, որ բարձրացված հարցերը կքննարկվեն աշխատանքային կարգով և կարիք չկա օրեր շարունակ ապօրինաբար խաթարել ընկերության աշխատանքները։ Սակայն հորդորները անպատասխան են մնացել։

Ընկերությանը ու նաև երկրին հասցվել է զգալի վնաս և դրան պետք է տրվի իրավական գնահատական՝ ինչպես ցանկացած իրավական երկրում։ Ընկերությանը հասված վնասի մեծությունը չի կարող դատարան չդիմելու պատճառ լինել։

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30