Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսովի անվան պետական համալսարանում աշխատակիցների զանգվածային ազատումներ են ու կրթական միջավայրին ոչ հարիր բարքեր. ահազանգում են աշխատակիցները

Հունիս 10,2025 17:42

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակիցներն ահազանգում են՝ վերջին մեկ տարվա ընթացքում մոտ 100 աշխատակից է հեռացվել համալսարանից: Ռուսերենի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Անահիտ Վարդանյանի խոսքով՝ հերթը իրեն է հասել, ասում է՝ համալսարանում էթիկայի հանձնաժողով են ձևավորել, իր վարքն են քննում, բայց չեն թողնում իրավապաշտպան ներկա լինի հանձնաժողովի նիստերին:

Անահիտ Վարդանյան

Բ.գ.թ., դոցենտ Անահիտ Վարդանյանը շեշտում է՝ շուրջ 45 տարվա աշխատող է, բայց նման վերաբերմունքի երբեք չի արժանացել: «Ռուսաց լեզվի ամփոփիչ ատեստավորման ժամանակ հանձնաժողովի նախագահը ընդմիջում հայտարարեց, որպեսզի հանգստանան և ուսանողները, և հանձնաժողովի անդամները: Ես էլ հանձնաժողովի նախագահին ու անդամներին հրավիրեցի մեր ամբիոն և սուրճ հյուրասիրեցի, սակայն դա պրոռեկտորի կողմից դիտարկվեց որպես կոռուպցիոն ռիսկ»,-ասաց Անահիտ Վարդանյանն ու ընդգծեց, որ մասնավորապես պրոռեկտոր Դոնարա Ղազարյանին դուր չի եկել ամփոփիչ ատեստավորման ժամանակ հայտարարված ընդմիջումը. «Էթիկայի հանձնաժողով է ձևավորվել, ինձ մեղադրում են և ընդմիջում անելու՝ սուրճ ու քաղցրավենիք հյուրասիրելու, և պրոռեկտորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի՝ տեսնելուց ոտքի չի կանգնելու համար: Մինչդեռ ես իրավասու չեմ քննությունն ընդհատելու, դա հանձնաժողովի նախագահի որոշումն էր: Իսկ սեղանին ընդամենը սուրճ էր, շոկոլադ ու խմորեղեն»:

Անահիտ Վարդանյանի վարքի քննությունը կշարունակվի հունիսի 20-ին՝ էթիկայի հանձնաժողովի երրորդ նիստն է լինելու, սակայն իրավաբանի մասնակցություն չեն թույլատրում. «Զրկում են ինձ պաշտպանվելու իրավունքից ու ստիպում են ինձ ասել, թե մեղավոր եմ»:

Ռուսերենի ամբիոնի վարիչը խոսելով համալսարանի նոր կադրերից, ընդգծեց, որ հեռացվածների փոխարեն պրոռեկտորների ծանոթներն են աշխատում. «Լեզվաբանություն և մանկավարժություն ֆակուլտետի նորանշանակ դեկանը՝ Լևոն Սարգսյանը, որը պրոռեկտոր Գևորգ Հակոբյանի ընկերն է, որոշ դասախոսներին թափթփուկներ է անվանում, ինձ էլ ցուցակ է տալիս, թե իր ասած թափթփուկների փոխարեն ում պետք է դասաժամ տամ: Այսինքն՝ ինձ ուղղորդում է, մինչդեռ ծանրաբեռնվածություն բաշխելն իմ գործառույթն է: Իսկ պրոռեկտոր Դոնարա Ղազարյանն էլ բոլորից գումար է պահանջում՝ 1 մլն դրամ, 2 մլն դրամ: Ինձնից էլ է գումար ուզել ու ուշացումով վերադարձրել, հետո էլի է ուզել՝ չեմ տվել: Դեպք է եղել, որ տվյալ անձից վերցրած գումարն ամբողջությամբ չի վերադարձրել: Ոստիկանությունը տեղյակ է, բայց տեսանելի ոչինչ չի արվում»:

Իռենա Մադոյան

Լեզվաբանություն և մանկավարժություն ֆակուլտետի դեկանի նախկին պաշտոնակատար բ.գ.թ., դոցենտ Իռենա Մադոյանը ևս նշեց, որ շատերին են հորդորել դիմում գրել և ազատվել աշխատանքից՝ պատճառաբանելով, թե չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոնին. «Աշխատակիցների մեծ մասն ունեն բազմամյա փորձ և աշխատել են տարբեր ռեկտորների հետ: Իմ դեպքում՝ պրոռեկտոր Գևորգ Հակոբյանն ասաց, որ չեմ համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, չեմ տիրապետում գործառույթներին, չնայած նրան, որ ես ավելի քան 27 տարվա աշխատող եմ, 5 տարի ղեկավարել եմ Օտար լեզուների ֆակուլտետը, եղել եմ փոխդեկան, իսկ վերջին երկու տարում Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար էի»:

Իռենա Մադոյանի խոսքով՝ ինքը ստիպված է աշխատանքից ազատվելու դիմում գրել, ասաց՝ պատճառն այն էր, որ ամփոփիչ ատեստավորումից առաջ շրջանավարտներին գրել է, որ վերջիններս հանձնաժողովի անդամների համար ջուր ապահովեն: Հավելվածներից մեկում արված նրա այդ գրառման սքրինշոթը հրապարակվել էր մամուլում: Գրառումից պարզ է դառնում, որ Իռենա Մադոյանը շրջանավարտներին հիշեցրել է հանձնաժողովի անդամների ծանրաբեռնված աշխատանքի մասին. «…Հանձնաժողովը կենդանի մարդիկ են, ովքեր քանի-քանի ժամ լսելու են ձեզ և ձեր ընկերներին: Իրենք կարող է ծարավ լինեն, սուրճ ուզեն կամ նման բաներ»,-գրել է նա և ընդգծել, որ շրջանավարտների կողմից միշտ նման վերաբերմունք է տեսել:

«Պրոռեկտոր Գևորգ Հակոբյանի խոսքով՝ դա լուրջ հարց է, կոռուպցիոն ռիսկ է: Ես բնականաբար համաձայն չեմ այդ տեսակետին, բայց այդ սքրինշոթի համար ինձ հորդորեցին համաձայն իմ դիմումի ազատվել: Ես դիմում գրեցի միայն նրա համար, քանի որ հասկացա, որ չեն ուզում ինձ հետ աշխատել, որովհետև կարող էին դիտարկել, օրինակ, նկատողություն տալու հարցը և ոչ թե աշխատանքից ազատելու»:

Ֆրունզե Հովհաննիսյան

Ֆրանսերենի և ռոմանական բանասիրության ամբիոնի նախկին վարիչ, բ.գ.թ. դոցենտ, իտալերենի մասնագետ Ֆրունզե Հովհաննիսյանն էլ Վ.Բրյուսովի համալսարանում աշխատել է 2004-2025թթ: Ասաց՝ դուրս է մնացել ռեկտորի ու պրոռեկտորների մտերիմների շրջանակից. «Իրենց մտերիմներին են բերում, մինչդեռ համալսարանում գիտահետազոտական բաղադրիչի խնդիր կա՝ թեկնածուների ու դոկտորների քանակի սղություն կա, իսկ իրենք շարունակ հեռացնում են թեկնածուներին ու դոկտորներին ու քանդում են համալսարանը: Իմ փոխարեն ֆրանսերենի մասնագետ Ժակլին Մինասյանին են բերել, որը պրոռեկտոր Դոնարա Ղազարյանի մտերիմն է: Ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի աղջիկը՝ Աշխեն Գյուրջինյանն է ընդունվել աշխատանքի, որը չի պաշտպանել թեկնածուականը և այդպես շարունակ: Ես պրոռեկտոր Դոնարա Ղազարյանին ասացի, որ համալսարանում չպաշտպանած մասնագետներ ունենք, որոնք դասաժամեր են ուզում, բայց ասում եք՝ ժամ չկա, ու հիմա չպաշտպանած մասնագետներ եք հրավիրում աշխատանքի»:

Ֆրունզե Հովհաննիսյանի խոսքով՝ իրեն ևս պրոռեկտոր Գևորգ Հակոբյանն է դրդել ազատվել աշխատանքից. «Մտածեցի՝ դոցենտ եմ, դուրս կգամ աշխատանքից, իմ դասաժամերը կվերցնեմ ու հանգիստ կաշխատեմ: Սակայն ժամեր չեմ ստանում: Ժակլին Մինասյանին հարցնում եմ՝ ինչո՞ւ ինձ ժամեր չեք տալիս, չի կարողանում պատասխանել, ասում է՝ պրոռեկտոր Հակոբյանին դիմիր»:

Ինչ վերաբերում է աշխատակիցներից պարտք վերցնելու բարքերին՝ Ֆրունզե Հովհաննիսյանը հաստատեց, որ պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը իրենից էլ է գումար ուզել՝ 2 մլն դրամ, սակայն մերժել է. «Ինձ ասում էր՝ վարկ վերցրու, ես պարտաճանաչ կվճարեմ: Իրավապահ մարմինները տեղյակ են այդ իրավիճակից, բայց ասում են, թե պետք է ապացույցներ՝ ձայնագրություններ, ունենանք, բայց մենք համալսարանում իրար չենք ձայնագրում»:

Գևորգ Հակոբյան

Պրոռեկտոր Գևորգ Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հարկադրո՞ւմ է աշխատակիցներին աշխատանքից ազատման դիմումներ գրել, ինչին ի պատասխան նշեց, որ համալսարանը բարձրաձայնված խնդիրների առնչությամբ դիմել է իրավասու մարմիններին և արդյունքները ցույց կտան եղելությունը:

Դոնարա Ղազարյան

Իսկ պրոռեկտոր Դոնարա Ղազարյանն էլ ընդգծեց, որ զրպարտում են իրեն, և այդ զրպարտության համար ևս դիմում է ներկայացվել իրավապահ մարմիններին: Հարցին՝ ինչու են հենց իրեն զրպարտում՝ գումար վերցնելու հարցում, արձագանքեց. «Կան աշխատակիցներ, որոնք լավ մասնագետներ չեն՝ չեն կարողանում որակ ապահովել, իսկ ես սկզբունքային մարդ եմ: Եվ երբ ասում եմ՝ չեք համապատասխանում ձեր զբաղեցրած պաշտոններին, դիմում են ինքնապաշտպանական այդպիսի մեթոդների»:

Ինչ վերաբերում է զանգվածային ազատումներին՝ Դոնարա Ղազարյանը չհերքեց վերջին մեկ տարվա մեջ մոտ 100 հոգու աշխատանքից ազատելու փաստը. «Մենք որակյալ կադրեր ենք ուզում, 100-ին ազատել ենք, կարող է 80-ին էլ ընդունել ենք: Մեր դասավանդումների մոնիտորինգը ցույց է տվել, որ այդ մարդիկ ոչ թե մտահոգված են կրթության որակով, այլ դասերի ժամանակ իրենց կյանքը պատմելով: Մեր ուսումնական պլանն ենք վերանայել, կային դասընթացներ, որոնք ուսումնական պլանում ներառված են եղել ոչ թե ուսանողների համար ելքային գիտելիքներ ապահովելու համար, այլ լուծել են սոցիալական հարցեր: Հիմա ընտրել ենք այն դասընթացները, որոնք ուսանողին տալիս են գիտելիք և կարողություն, հետևաբար շատ դասընթացներ դուրս են գալիս ծրագրից: Մեր նոր կադրերը՝ բոլորը հետազոտական ոլորտում իրենց ասելիքն ունեն և հիմնականում գիտությունների թեկնածուներ են»,-ասաց պրոռեկտորն ու անդրադառնալով ռեկտորի աղջկան աշխատանքի ընդունելուն՝ ընդգծեց, որ նա Բրյուսովի անվան պետական համալսարանի լավագույն շրջանավարտն է եղել և մինչև հունվար կպաշտպանի թեկնածուական ատենախոսությունը. «Նա ունի տպագրած հոդվածներ, եթե ռեկտորի աղջիկն է՝ իրավունք չունի՞ աշխատելու»:

Դոնարա Ղազարյանը՝ խոսելով Ռուսերենի ամբիոնի վարիչ Անահիտ Վարդանյանի հարցով էթիկայի հանձնաժողով ձևավորելու անհրաժեշտությունից, շեշտեց, որ ամփոփիչ ատեստավորումը ընդհատելը առանց գնահատականներն ամփոփելու և սուրճի սեղանի շուրջ հավաքվելը կոռուպցիոն ռիսկ է պարունակում, քանի որ չի բացառվում, որ այդ սեղանի շուրջ գնահատականների հարց քննարկվի, այսպես ասած՝ որոշ ուսանողների համար բարեխոսեն:

Նշենք, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակիցները կարճ ժամանակ առաջ անստորագիր դիմում էին ներկայացրել ՀՀ վարչապետին, որը հրապարակվել էր մամուլում՝ ընդգծելով համալսարանում տիրող բարքերի, խտրականության, կամայական դրսևորումների մասին, որոնք ըստ նրանց կարող են պարունակել նաև կոռուպցիոն ռիսկեր:

 

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30