Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ն ամփոփում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրացված հարցերի կապակցությամբ տեսչական մարմիններից ստացված պարզաբանումները

Հունիս 10,2025 17:48

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրացված հարցերի կապակցությամբ տեսչական մարմիններից ստացված պարզաբանումները

Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 6-ին Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել էին Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրացվող` իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին:

Ի թիվս այլնի, Մարդու իրավունքների պաշտպանին և աշխատակազմին մտահոգություններ են ներկայացվել այն մասին, որ անձինք արտադրամասերում աշխատում են առողջության համար վնասակար պայմաններում:

Օրինակ՝ ընկերության մանր և միջին ջարդման տեղամասում, հարստացուցիչ ֆաբրիկայում, հանքաքարերի ջարդման և տեղափոխման արտադրամասում բացակայում են հովացման, օդափոխության և ջեռուցման պատշաճ համակարգերը;

վիբրացիան, փոշին, խոնավությունը և աղմուկը նորմայից բարձր են; աղմուկի պայմաններում անձինք աշխատում են ութ ժամ;

ընկերության լոգարանում տեղադրված ցնցուղների սակավության պատճառով յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո աշխատակիցները կա՛մ երկար սպասում են մինչև հերթն իրենց հասնի, կա՛մ էլ մեկ ցնցուղից միաժամանակ օգտվում է մի քանի անձ:

▪️ Ավելին, ըստ ներկայացված տեղեկատվության՝ ընկերությունում աշխատում են աշխատակիցներ, ովքեր, թեև զբաղեցնում են միևնույն հաստիքը, կատարում են միևնույն աշխատանքը, սակայն ստանում են տարբեր չափերի աշխատավարձեր, ինչը աշխատակիցների շրջանում արհեստական լարվածություն է առաջացնում:

▪️ Բարձրացված հարցերը Պաշտպանի հանձնարարությամբ հաշվառվել և հասցեագրվել էին համապատասխան տեսչական մարմիններ:

▪️ Այսպես, Պաշտպանի գրության հիման վրա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում ՀՀ օրենսդրությամբ և մի շարք հրամաններով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով: Վարչական վարույթի շրջանակում կազմված զննման արձանագրության և վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել են վերաբերելի իրավական ակտերով սահմանված մի շարք պահանջներ։ Մասնավորապես, կապված՝ աշխատավայրում խտրականության, աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման և հիգիենայի պահանջները բավարարող պայմանների, աշխատաժամանակի և այլնի հետ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից տրամադրված պարզաբանման համաձայն՝ 2025 թվականի մարտի 17-ին ընդունվել է ընկերությանն առաջադրանք տալու մասին կարգադրագիր, որով ընկերությանը հանձնարարվել է 30-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ խախտումները վերացնելու համար և իրականացված միջոցառումների վերաբերյալ 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել տեսչական մարմնին։

Տեսչական մարմնից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի մարտի 19-ին հարուցվել է վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ, որի արդյունքում 2025 թվականի ապրիլի 15-ին վարչական տույժ նշանակելու մասին որոշմամբ ընկերության համապատասխան պաշտոնատար անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Ըստ տրամադրված տեղեկատվության՝ նշանակված վարչական տուգանքը վճարվել է պետական բյուջե։

▪️ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրացված հարցերն այժմ էլ գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և դրանց ընթացքի նկատմամբ իրականացվելու է հետագա հետևողական աշխատանք։

Պաշտպանն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ են խնդիրները աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրերը բարձրաձայնելու կառուցակարգերի առումով: Ուստի, անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել` երաշխավորելու, որպեսզի յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա բարձրաձայնելու աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրները, արդյունքում` ստանալով խնդիրների համար համարժեք լուծումներ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30