Լրահոս
Օրվա լրահոսը

«Էնտեղ կոխ էինք բռնելու, ինքն էլ հաղթելո՞ւ էր»․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի առաջարկի և հայտարարությունների մասին

Հունիս 10,2025 17:52

«Դեռ որոշում չկա»,- լրագրողների հարցին՝ ՀՀԿ-ն մասնակցելո՞ւ է 2026-ի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին, իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Լրագրողները հիշեցրին՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, թող նախկին նախագահները գան, կանգնեն, պատասխանեն հարցերին, չեն գալիս, քանի որ գիտեն, որ պարտվելու են, Սերժ Սարգսյանն արձագանքեց․ «Ասենք թե՝ ինչո՞ւմ էինք պարտվելու։ Էնտեղ կոխ էինք բռնելու, ու ինքը հաղթելո՞ւ էր։ Մենք հստակ ասել ենք՝ թող ինքը հրապարակի համանախագահների կողմից առաջարկած վերջին փաստաթուղթը։ Երբ հրապարակի, այն ժամանակ մենք մեր կարծիքը կասենք»։

Լրագրողների դիտարկմանը՝ Լավրովի պլա՞նը, Սերժ Սարգսյանն այսպես արձագանքեց․ «Լավրովի պլան՝ որպես այդպիսին լրագրողների և նախկին ընդդիմության կողմից հնարված եզրույթ է։ Նման պլան չի եղել։ Համանախագահները անկախ նրանից՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի, թե ԱՄՆ-ի ներկայացուցիչն է, միշտ ներկայացրել են եռակողմ համաձայնեցված փաստաթղթեր»։

 

Լրագրողների հարցին՝ ԼՂ-ի կարգավիճակի հարցն այդ տարբերակով լուծման դեպքում անորո՞շ էր մնալու, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Հարցը լուծվում էր հետևյալ կերպ։ ԼՂ-ի կարգավիճակի հարցը որոշվում է ԼՂ բնակչության ազատ կամարտահայտմամբ, որն ուներ պարտադիր իրավական ուժ և որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Մենք Ադրբեջանին էինք վերադարձնում յոթ շրջաններից հինգը, խաղաղապահ ուժեր էին գալիս ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշմամբ, և կախված նրանից, թե ինչպիսի տեմպերով և երբ կորոշվեր ԼՂ-ի վերջնական կարգավիճակը, կորոշվեր նաև երկու շրջանների ճակատագիրը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30