Հրապարակվել է Կենտրոնական բանկի 2024 թ. ֆինանսական կայունության հաշվետվությունը, որը ներկայացրեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նա անդրադարձավ մի քանի հիմնական թեմաների՝ ֆինանսական համակարգի վերջին զարգացումներին, Ֆինանսական կայունությանն առնչվող հիմնական ռիսկերին, ԿԲ-ի կողմից իրականացված ֆինանսական կայունության միջոցառումներին:
ԿԲ նախագահը նշեց, որ 2024թ ֆինանսական համակարգի բոլոր հատվածներով արձանագրվել է ակտիվների աճ եւ ֆինանսական համակարգն ապահովել է ֆինանսական միջնորդության անընդհատությունը:
«Բանկային համակարգի ակտիվները շարունակում են կազմել ֆինանսական համակարգի ակտիվների գերակշիռ մասը՝ մոտ 83 % կամ շուրջ 13 տրիլիոն ՀՀ դրամ, ինչով պայմանավորված ֆինանսական կայունության հաշվետվության մեջ մեզ մոտ առավելապես ներկայացված են բանկային համակարգի ընթացիկ զարգացումները, հնարավոր ռիսկերը եւ այդ ռիսկերին դիմակայելու գնահատականները սթրես թեստերի արդյունքով: Այստեղ մի բան, որ ավելացրել ենք նախորդ տարիների համեմատ, դա ներդրումային ընկերությունների կողմից արձանագրված տարեկան աճն է՝ 57,1 տոկոսով աճել է, ու բավականին տպավորիչ թվեր ունենք նաեւ այդ առումով»,-նշեց Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով. «2024թ բանկային համակարգի տնտեսությանը տրված վարկային պորտֆելը գրանցել է էական աճ՝ մոտ 25,5 %, բանկային համակարգի ավանդային պորտֆելի աճը կազմել է 14 %: Վարկերի աճը արձանագրվել է վարկավորման գրեթե բոլոր հիմնական ուղղություններով: Տարվա ընթացքում բարձր աճի տեմպեր են արձանագրվել թե տնային տնտեսությունների, եւ թե բիզնեսին տրամադրված վարկերի մասով: Ընդ որում տնային տնտեսությունների վարկավորման բարձր աճին գրեթե հավասարապես նպաստել է սպառողական եւ հիփոթեքային վարկերի աճը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է բիզնես վարկերի աճին, ապա այստեղ ամենամեծ նպաստումն ունեն արդյունաբերության եւ շինարարության ոլորտներին տրված վարկերը: Տարվա ընթացքում նաեւ դիտարկվել է սպառողական վարկերի նկատմամբ բարձր պահանջարկ եւ վարկավորման աճ: Վերջինս կարելի է բացատրել տնտեսության եկամուտների աճով, նախորդ տարիներին սպառողական վարկերի նվազող կամ չափավոր աճի ճշգրտման, փոխլրացման գործընթացներով, ինչպես նաեւ անշարժ գույքի շուկայում ակտիվության պայմաններում նոր բնակարանների համար երկարաժամկետ օգտագործման ապրանքների ձեռք բերման անհրաժեշտությամբ:
Հիփոթեկային վարկերի աճը նույնպես պահպանվել է բարձր մակարդակներում՝ հատկապես արագանալով վերջին եռամսյակում: Սա էլ պայմանավորված է դեկտեմբեր ամսին, կամ էլ հունվարից ավարտվող որոշակի ծրագրերով: Դա անշարժ գույք ձեռք բերելու որոշումներն արագացնելու վարքագծային փոփոխության արդյունք է՝ Երեւան քաղաքում եկամտային հարկի վերադարձի հետ կապված ծրագրի ավարտով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ